Հասարակություն

Քաղաքագրություն. լույսի հաղթանակը

Քաղաքագրություն. լույսի հաղթանակը

1925 թվականի մարտ ամիսն էր: Հրազդանի ձորում պիտի հիմնադրվեր Երեւանի նոր հիդրոէլեկտրոկայանը, որ այն ժամանակ կոչվում էր հիդրոշեն: Հիդրոշենը մեր հանրապետության այն ժամանակվա խոշոր կառուցվածքներից էր եւ նոր հիդրոէլեկտրոկայանների առաջնեկը: Այդ պատճառով էլ նրա հիմնադրմանը մեծ հանդիսավորություն էր տրված: Այդ հանդեսին մասնակցում էին Հայաստանի, Անդրկովկասյան Ֆեդերացիայի, Միութենական կառավարությունների անդամները, որոնք Երեւան էին եկել Թիֆլիսից, Համամիութենական Կենտգործկոմի նստաշրջանը վերջանալուց հետո: Մասնակցում էին նաեւ շինարարության բանվորները, ինժեներա-տեխնիկական կազմը, զանազան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ռեսպուբլիկայի միակ տեխնիկական ուսումնարանը՝ Երեւանի ինդուստրիալ տեխնիկումը՝ ամբողջ կազմով: Արտասանվեցին խանդավառ ճառեր, եւ ծափերի ու նվագախմբի հնչյունների տակ դրվեց կայանի շենքի հիմքի առաջին քարը: Հասարակության զգալի մասը ցրվեց, մնացին շինարարության աշխատողները, կառավարության անդամները, մտավորականները, որոնք բոլորն էլ հրավիրվեցին Հրազդանի ափին բացված մի երկայն ու ճոխ սեղանի շուրջ նախաճաշելու: Մենք մեր ընկերներով՝ Գեւորգ Թամանյանը, այժմ գիտաշխատող Զավեն Հացագործյանը եւ ես, որ այնտեղ էինք եւ սպասում էինք հանդեսի վերջին, խառնվեցինք մեծերին եւ տեղ գրավեցինք սեղանի շուրջը, թամադային շատ մոտիկ: Թամադան էր Սերգո Օրջոնոգիձեն, որն իր առաջին բաժակաճառերից մեկը նվիրեց Թամանյանին՝ ջերմ խոսքերով դրվատելով նրան որպես հիդրոշենի նախագծի հեղինակի, շինարարության գլխավոր ինժեների, ճարտարապետի ու մարդու: Կեցցեների ու ծափերի տակ խլացան թամադայի վերջին խոսքերը: Պատասխան հանդես եկավ Թամանյանը, որը կանգնած էր սեղանից քիչ հեռու: Չեմ հիշում նրա ասած խոսքերը, բայց այսօրվա պես պարզ հիշում եմ նրա բարձր հասակը, սեւ գարնանային կարճ վերարկուով, մուգ ակնոցներով, գլխաբաց, գինու բաժակը հուզմունքից դողդողացող ձեռքին: Նա դեռ չէր վերջացրել իր խոսքը, երբ մի խումբ բանվորներ վազեցին դեպի նա, բարձրացրին նրան ձեռքերի վրա եւ գլխներից վեր պահած՝ բերին իր տեղը: Բոլորը ծափահարում էին նրան: 



Մի տարի էր անցել այդ օրից: 1926 թվականի մայիսի 16-ն էր, իրիկնապահ. Երեւանը սպասողական ժամեր էր ապրում։ Նա սպասում էր մութն ընկնելուն, որպեսզի տեսներ իր փողոցների լուսավորումը հիդրոշենից եկող առաջին հոսանքի զորությամբ: Մի տեսակ տոնական տրամադրություն էր տիրում ամբողջ քաղաքում: Այժմ, երբ հսկայական հիդոկայանների գործարկումը դարձել է առօրյա, սովորական մի բան, կարող է զարմանալի, նույնիսկ ծիծաղելի թվալ այդ երեւույթը: Բայց այն ժամանակներում, երբ նոր էր սկսվել երկրի վերականգնումը, դա մի իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում, եւ ով հիշում է այն ժամանակվա Երեւանի գիշերների պատմական խավարը, նրանց համար մեծ տոն էր այդ խավարի վերացումը: Առհասարակ, այն տարիների մասշտաբն ու թափը, բնականաբար, ոչ մի կերպ չեն կարող համեմատվել այժմյանի հետ, բայց ամեն մի տուն կառուցելիս, փողոցում մի ծառ տնկելիս, բառացիորեն մի քար քարի վրա դնելիս բոլորն անխտիր՝ պիոներից սկսած մինչեւ գիտնականն ու պետական գործիչը, անկեղծորեն ուրախանում էին, ոգեւորվում, հպարտանում կատարվածով: Մի տեսակ ռոմանտիկական պաթոսով էին համակված բոլորն այն ժամանակներում: Եվ ահա մենք երեք ընկերներով դարձյալ Հրազդանի ձորում ենք՝ այս անգամ տեսնելու, թե ինչպես պիտի գործարկվի Երեւանին լույս տվող առաջին տուրբինը: Գարունը թագավորում էր Հրազդանի ձորում: Այնտեղ, ուր մի տարի առաջ շինարարական եռ ու զեռ էր, այժմ գետնի միջից վեր էր խոյացել բազալտաշեն, կամարակապ խոշոր լուսամուտներով պարզ ու գեղեցիկ հիդրոկայանի շենքը: Հսկայական բազմություն էր հավաքվել շենքի թե շուրջը եւ թե ներսը: Ճեղքելով բազմությունը՝ խցկվում ենք ներս, բազմության մեջ տեսնում կառավարության անդամներից շատերին եւ Թամանյանին, որը հրճվալից դեմքով ոգեւորված խոսում էր. ժխորի մեջ չէին լսվում նրա խոսքերը, եւ այնպես էլ մեզ չհաջողվեց տեսնել, թե ով կատարեց բացման ավանդական արարողությունը: Մութը սկսում էր ընկնել: Որոտընդոստ ծափերի ու թնդանոթների ողջույնի որոտի տակ լսվում էր տուրբինների հռնդյունը, եւ մենք, ճեղքելով ամբոխը, աճապարում ենք քաղաք: Մարդիկ ցնծության մեջ են, գրկախառնվում են, համբուրվում… Ամբողջ քաղաքը լցվել է Աբովյան փողոցը, որ ողողված էր պայծառ լույսերով. քաղաքը տոնում էր լույսի հաղթանակը:
Արդվարդ Կանայան՝ «Դրվագներ իմ հուշերից»



Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image