Եվրաքվեի նախագիծը երեկ մուտք է արվել խորհրդարան, այն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի գալիք նստաշրջանի ընթացքում, որը կմեկնարկի եկող տարվա հունվարի 20-ից։ Իշխող մեծամասնության պատգամավորներն առայժմ հրահանգ չեն ստացել՝ մերժելո՞ւ են, թե՞ հավանության արժանացնեն արեւմտամետ կոչվածների, սորոսականների պահանջը։
Հիշեցնենք, որ Արամ Զավենի Սարգսյանը, Տիգրան Խզմալյանը, Արման Բաբաջանյանը, Հովսեփ Խուրշուդյանը` իրենց քաղաքական թիմերով, Ժողովրդավարական ուժերի հարթակ են ձեւավորել, որի կոորդինատորն արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն էր, եւ ստորագրահավաք էին անում, պահանջելով իշխանություններից՝ ԵՄ-ին անդամակցության մեկնարկի վերաբերյալ օրենք ընդունել եւ ԵՄ-ին միավորվելու հարցով հանրաքվե անցկացնել։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ դարձավ, որ նա այդ նախաձեռնության ստվերային հովանավորն է եւ չի դադարեցնում արկածախնդիր գործելաոճը` մտադիր է խաղալ թե՛ ռուսական, թե՛ արեւմտյան գծի վրա։
Փաշինյանը գրեթե ուղիղ ասաց, որ չեն կարող խորհրդարանում մերժել արեւմտամետներին եւ, ըստ ամենայնի, ընդունելու են եվրաքվեի նախագիծը։
Դաշինքի կարկառուն ներկայացուցիչներն ամիսներ շարունակ լոլոներ են պատմում, փորձում են հիմնավորել, թե իրենք դրանով ուժեղացնում են ՀՀ անվտանգությունը, ինքնիշխանությունը, դիմադրողականությունը, որովհետեւ Ադրբեջանը ԵՄ-ի բարեկամի վրա չի հարձակվի։
Խորհրդարան ներկայացված նախագծում եւս ճռճռան փաստարկների փունջ է ներկայացված, թե այդ օրենքի ընդունումը կնպաստի «Տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, Հայաստանի Հանրապետության ազգային բանակի համապատասխանեցմանը Եվրամիության անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին», ինչպես նաեւ՝ «մարդու իրավունքների շարունակական զարգացմանը եւ պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը, հայկական ապրանքները եվրոպական շուկայում մրցունակ դարձնելով»: Վստահեցնում են, որ նման օրենքի ընդունումը կնպաստի նաեւ աշխատատեղերի ավելացմանը, կենսամակարդակի բարձրացմանը, անգամ՝ բարոյահոգեբանական մթոլորտի առողջացմանը, ներքին կայունության, համերաշխության ու միասնականության ապահովման խնդիրների լուծմանը:
Հայ քաղաքական մտքի տիտանների այս նախագծից տպավորություն է ստեղծվում, թե ԵՄ-ն դրախտ է, որի ճանապարհն իրենք են հայտնաբերել եւ տալիս են դռների բանալին, մնում է այն բացել։ Հայաստանը ԵՄ-ի թշնամին չէր, երբ Ադրբեջանն օկուպացնում էր ՀՀ-ի տարածքներն ու զավթում Արցախը։ Այդ ուժերը, ԵՄ բարեկամ դառնալու կոչ անելով, մոռանում են, որ ԵՄ-ն եթե նույնիսկ ցանկանա, չի կարող անվտանգություն ապահովել Հայաստանի համար, որովհետեւ ԵՄ-ի սեփական անվտանգությունն ապահովում է ՆԱՏՕ-ն, իսկ մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն Թուրքիան է։