Հասարակություն

Կորուսյալ աշխարհ` Լոռվա մարզ, Մղարթ գյուղ

Կորուսյալ աշխարհ` Լոռվա մարզ, Մղարթ գյուղ
width=300Երկար տարիների ընդմիջումից հետո որոշեցի այցելել Մղարթ գյուղ` բարեկամներիս: Երբեմնի դրախտային մի անկյուն` փռված սարալանջին, հրաշք այգիներով, քաղցրահամ ջրերով, քարեղեն տներով ու հյուրասեր բնակիչներով: Սակայն այդ ճանապարհորդությունը վերածվեց տարտարոսի:



 



Օձուն գյուղից մեքենան շատ դժվարությամբ հասավ Այգեհատ, իսկ այնտեղից երբեմնի ծառերով շրջապատված ճանապարհը, որ մինչեւ Արեւածագ գյուղն է գնում, այնտեղից էլ Մղարթ, ընդհանրապես անանցանելի էր: Մենք նկատեցինք, որ եթե այդ տեղերով անգամ հազվադեպ մեքենա է անցել, ապա դաշտերի միջով` ով որտեղից ուզեցել է: Տարիներ առաջ այդ գեղեցիկ դաշտերում ծփում էին մարդաբոյ ցորենի արտեր, արեւածաղկի աչք շոյող հեկտարներով ցանքեր, եգիպտացորենի` կանաչին տվող պլանտացիաներ: Հեկտարներով ձգվող այդ բերրի սեւահողերն այժմ մոլախոտով են ծածկված եւ երեւի արդեն որերորդ տարին է՝ չեն մշակվում: Անգամ մարդու լաց է գալիս այս ամայացման համար: Ո՞ւմ մեղադրես, ո՞վ է պատասխանատուն, ո՞վ պետք է պատժվի սրա համար: Եվ դեռ հողերի պահանջ ենք դնում, մի ազգ, որ իր բերրի, բարեբեր հողերն անապատի է վերածել: Հայ ժողովուրդն իրավունք չունի անտերության մատնել ոչ մի թիզ հող:



 



Ինչեւէ, 15 րոպեի ճանապարհն անցանք 3 ժամում: Մտանք Մղարթ գյուղ, մեր բարեկամի տունը հարցնելու համար առաջ գնացինք մի տուն, երկու տուն, տասը տուն. մարդ չկա, նույնիսկ շուն ու կատու չհանդիպեցին: Վերջապես մի բակում 15 թվականի եղեռնից մազապուրծ մի պառավ կնոջ գտանք, հարցրինք: Մի կերպ բացատրեց տան տեղը, մի բաժակ ջուր խնդրեցինք, ասաց, որ ջուր չունի. գյուղում ջուր չկա: Գյուղի մյուս ծայրում մի ծլծլացող աղբյուր կա, հարեւանի երեխան օրը մի շիշ ջուր է բերում պառավին՝ դեռ չի բերել:



 



Վերջապես հասանք մեր բարեկամի տուն` երբեմնի շեն, հարուստ տնից մնացել էր մի կիսաքանդ ավերակ, չմշակված այգի, չորացած ծառեր: Երբ հետաքրքրվեցինք գյուղում տիրող վիճակով, ջրի պակասով, ասացին՝ գյուղը ջուր չունի, բայց ոսկի ունի:



 



Ոսկեխույզներն աշխատում են: Ասում են` ոսկին շատ չի, բայց էժան բանվորական ուժ են օգտագործում եւ շահույթ ստանում: Ջուր չլինելը գյուղացիք կապում են ոսկու արդյունահանման համար սարերի պայթեցումների հետ: Ջրի ակունքները կորել են, եւ արդեն մի քանի տարի է` ոռոգման եւ խմելու ջրի խնդիր ունեն, հացից ավելի ջուր են երազում: Իսկ ո՞ւր է գյուղապետ Վաչիկ Նավասարդյանը: Ի՞նչ է անում գյուղի համար: Գյուղացիների ասելով` ոչինչ, բացարձակ ոչինչ: Անգամ ոսկու հանքը շահագործողները կարող էին ջրի հարցը լուծել, ոչ մեծ ծախսերի գնով գյուղի ճանապարհը բարեկարգել, անգամ 2 կմ-ն որոշիչ դեր կունենա գյուղի հետ կապի վերականգնման հարցում: Համատարած աղքատություն, թշվառություն, կյանք` առանց տարրական պայմանների:



 



Եվ սա Լոռվա մարզն է` Արթուր Նալբանդյան մարզպետի գլխավորությամբ: Ուզում եմ խոսքս ուղղել նրան:



 



- Պարոն մարզպետ, Ձեր պաշտոնավարման ընթացքում գոնե մեկ անգամ փորձեք Ալավերդի գնալիս Սանահինից թեքվել ու այդ երբեմնի գեղեցիկ ճանապարհով գնալ Մղարթ, ընթացքում մտածեք Ձեր դերի ու նշանակության մասին. ի՞նչ եք արել այդ եւ նմանատիպ գյուղերի համար, բա Ձեր խիղճն ի՞նչ է ասում, չէ՞ որ Ձեր նման մարդիկ են ապրում այնտեղ: Մի գործ արեք, որ գոնե մի գյուղ Ձեր մասին լավ բան ասի:



 



Մեկ տարի առաջ Վայքի մարզպետ նշանակեցին Սերգեյ Բագրատյանին: Մեկ տարի աշխատելուց հետո ազատեցին: Այժմ նրա բակում` Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ, կանգնած են բարձրակարգ արտասահմանյան մեքենաներ՝ 86 888 համարանիշներով, չորսն էլ նույն համարներով: Հայհոյում են նրան թե հարեւանները, թե Վայքի բնակչությունը, օրերս էլ իմացանք, որ քրեական գործ է հարուցվել նրա նկատմամբ: Դուք ի՞նչ եք անում, որ այդ ճակատագրին չարժանանաք: Ոչինչ:



 



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image