Հասարակություն

Բիբլիական առակը՝ Ասպետ Շերմազանյանի «Աղ ու հաց» ֆիլմի հիմքում (տեսանյութ, լուսանկարներ)

Բիբլիական առակը՝ Ասպետ Շերմազանյանի «Աղ ու հաց» ֆիլմի հիմքում (տեսանյութ, լուսանկարներ)

Երիտասարդ ռեժիսոր Ասպետ Շերմազանյանի ֆիլմացանկում «Աղ ու հաց» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը 5-րդն է լինելու։ Ասում է՝ իր նախորդ բոլոր ֆիլմերն էլ եղել են կարճամետրաժներ, դա, թեկուզ ամենաբարդ, բայց իր նախընտրելի ժանրն է, քանի որ շատ կարճ ժամանակում պետք է ասելիքդ տեղ հասցնես, որը միեւնույն ժամանակ լինի բոլորի համար հասկանալի եւ ընդունելի։



«Աղ ու հաց» կարճամետրաժ ֆիլմը, որի նկարահանումները նոր են ավարտվել, լինելու է մոսկովյան «Look film» ընկերության կողմից նկարահանվող «Առակներ» ալմանախի 7 ֆիլմերից մեկը։ Ֆիլմի հիմքում ընկած է բիբլիական «Անառակ որդու վերադարձը» առակը։ Ի տարբերություն անառակ որդու, այս ֆիլմում հերոսը վերադառնում է հոր տուն՝ կայացած ու տղամարդ դարձած։ «Որովհետեւ աշխարհ էր տեսել ու հասկացել էր, որ աղ ու հացից, հող ու ջրից այն կողմ ամենաթանկը հենց աղ ու հացը, հող ու ջուրն են, եւ վերադառնում է հոր մոտ»,-ասում է Ասպետ Շերմազանյանը։ Ֆիլմի անունը կապված է նաեւ «Ռեինկարնացիա» խմբի «Աղ ու հաց» երգի հետ, որը հնչելու է ֆիլմում։ Նկարահանումներն իրականացվել են Լոռու մարզի Հովնանաձոր գյուղում, որը նաեւ ռեժիսորի պապենական գյուղն է։



Ֆիլմի դերակատարներն են՝ դերասաններ Խորեն եւ Արսեն Լեւոնյանները, գեղանկարիչ Սամվել Սեւադան։ Ասպետը պատմում է, որ սյուժեն գրելիս ի սկզբանե հենց այս մարդկանց է պատկերացրել այդ դերերում, ապա մանրամասնում․ «Ինչու Խորեն եւ Արսեն Լեւոնյանները, որովհետեւ այն հայի տեսակը, որ ես ուզում եմ դրսում ներկայացնել, ինձ համար պետք է ներկայանալի եւ շատ զորեղ լինեին, որովհետեւ մեզ այսօր դրսում, հատկապես Մոսկվայում, խեղճ են ճանաչում, կինոյում մենք հերոսի պակաս ունենք։ Իսկ հոր կերպարը շատ երկար եմ որոնել, այդ դերում պատկերացրել ենք եւ Արմեն Ջիգարխանյանին, եւ Վախթանգ Կիկաբիձեին, բայց երբ հանդիպեցի Սամվել Սեւադային, ով մասնագիտությամբ դերասան չէ, բայց իր արտաքին տվյալներն ու խարիզման այնքան ուժեղ են, որ միանշանակ հասկացա՝ գտել եմ այդ կերպարին»։



Ասպետ Շերմազանյանն ավարտել է Թատերական ինստիտուտի կինոգիտական բաժինը, ինչը, ըստ ռեժիսորի, նախ իրեն օգնել է ոչ թե կինոարտադրողի հայացքով նայել կինոյին, այլ որպես կինոսիրողի։ Հիմա Ասպետն ապրում է Մոսկվայում եւ սովորում ВГИК-ի ռեժիսուրայի 4-րդ կուրսում։



Ասպետը կարծում է, որ հայ հանդիսատեսը կարոտ է պարզ, մարդկային եւ ոչ խուճուճ պատմությունների, որոնք ներկայացվում են որպես բարձր կինո՝ ոչ բոլորին հասու։ Ասում է՝ իր նախորդ ֆիլմերը հիմնականում սեւ հումորի ժանրում էին եւ նկարահանվել են Մոսկվայում, ու բոլորը եղել են հասարակ, մարդկային պատմություններ։ Ռեժիսորը սիրում է ամենալուրջ թեմաները բացել եւ պատմել հումորի միջոցով։ Նախորդ գրեթե բոլոր ֆիլմերն էլ ցուցադրվել են տարբեր միջազգային կինոփառատոններում եւ գրանցել հաջողություններ (Չեխիա, Թբիլիսի, Իսպանիա)։ «Աղ ու հացը» 1-ին ֆիլմն է, որ նկարահանում է Հայաստանում եւ ուղղված է հիմնականում դրսի հանդիսատեսին։ Ֆիլմի պրեմիերայից հետո «Look film» ընկերությունը ֆիլմն ուղարկելու է 20 կինոփառատոնների, որը խոստանում է նոր հորիզոններ։



Ասպետն ընդգծում է՝ կինոն թիմային աշխատանք է, բոլորը ներդնում են իրենց «ես»-ը, իսկ ռեժիսորի ամենակարեւոր հատկանիշն այդ բոլորը մի դիմագծով ներկայացնելն է։ «Աղ ու հաց» ֆիլմի 2-րդ ռեժիսորն Արտակ Սերովանի-Օհանյանն է, օպերատորը՝ Կոնստանտին Մազովը, որոնց պրոֆեսիոնալիզմը նույնպես օգնել է իրեն նկարահանումների ընթացքում։
Ֆիլմին օգնել է նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, հետարտադրական պրոցեսներում խոստացել է օգնել նաեւ մշակույթի նախարարությունը։ Ամենայն հավանականությամբ, ֆիլմը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ եւ առաջին հերթին կցուցադրվի Մոսկվայում, բայց ռեժիսորը հույս է հայտնում, որ այն կներկայացվի նաեւ հայ հանդիսատեսին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image