Ս.թ. հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով արտասահմանցի շուրջ մեկ տասնյակ գիտության, կրթության, ինչպես նաև քաղաքական գործիչներ պարգևատրվել են կառավարական շքանշաններով: «Պուշկինի մեդալ»-ով պարգևատրվել է հայ անվանի լեզվաբան, գրող, թարգմանիչ Վաղարշակ Մադոյանը:
Վաղարշակ Մադոյանը Մ.Վ. Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի (բանասիրության գծով) և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի (իրավաբանության գծով) գերազանցիկ շրջանավարտ է: 1990 թվականից բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, 2006 թվականից` իրավաբանության դոցենտ: Համարվում է աշխարհի առաջավոր լեզվաբաններից մեկը (տե′ս Ведущие языковеды мира. Энциклопедия. М., 2000): Նա շուրջ 200 գիտական աշխատության հեղինակ է, որոնք նվիրված են ռուսերենագիտության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության, ավտոմատ թարգմանության, գրականագիտության, իրավաբանության, պատմության հարցերին: Սրանցից շուրջ 20-ը առանձին հրատարակություններ են` մենագրություններ, դասագրքեր, բառարաններ` տարբեր լեզուներով:
Հոդվածների երկու ժողովածու հրատարակվել է Մոսկվայում` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հրատարակչությունում: Այժմ հրատարակության է հանձնված նրա «Значение и мысль в статике и динамике двух языков» ծավալուն մենագրությունը:
Նա մի քանի գիտական մեթոդների և վարկածների հեղինակ է, որոնք տեղ են գտել բազմաթիվ գիտական աշխատություններում, այդ թվում նաև Ռուսաստանի բուհական դասագրքերում (տե′ս Г.А.Хабургаев. Очерки исторической морфологии русского языка. Имена. М., 1990, ևն): 1999 թվականին լույս է տեսել նրա գերմաներեն լեզվի ինքնուսույցը, որն ամբողջությամբ կազմված է մնեմոտեխնիկական սկզբունքներով: Այն թույլ է տալիս կրճատել ուսման տևողությունը երկուանգամ:
Վ. Մադոյանը առաջինն է մշակել համապարփակ (ունիվերսալ) բազմալեզու բառարանի հիմունքները, որը պետք է ընդգրկի ողջ տեղեկությունները բառի մասին (ծագումնա-բանությունից և արտասանությունից սկսած մինչև իմաստի բացատրությունը): Նա հրատարակության է պատրաստել ռուս-հայերեն նման լիակատար բառարան (510 մամուլ ծավալով), որն իր տեղեկատվությամբ գերազանցում է աշխարհահռչակ Lingvo-ն:
Վ.Մադոյանը (Ս.Շեյրանյանի համահեղինակությամբ) առաջինը հայ իրականության մեջ նախաձեռնել է սլավոնական լեզուներից հայերեն ծավալուն բառարանների ստեղծումը: Լույս են տեսել «Չեխերեն-հայերեն» (2009), «Լեհերեն-հայերեն» (2010) բառարանները, արտադրության մեջ է «Ուկրաիներեն-հայերեն»-ը, պատրաստվում են տպագրության «Բելոռուսերեն-հայերեն», «Բուլղարերեն-հայերեն», «Սերբերեն-հայերեն» բառարանները:
2013 թվականին նրա համահեղինակությամբ և խմբագրությամբ լույս է տեսել «Անգլերեն-ռուսերեն-հայերեն հիդրավլիկական տերմինների բառարանը»:
Վ.Մադոյանը մեծ աշխատանք է կատարում նաև հայգիտությունն արտասահմանում պրոպագանդելու ուղղությամբ: 1999 թվականին նրա խմբագրությամբ Մոսկվայում լույս է տեսել ակադեմիկոս Գ. Ջահուկյանի «Универсальная теория языка. Про легоменык субстанциօнальной грамматике» մենագրությունը:
Մադոյանը «Գարուն», «Գրական թերթ», «Անդին», «Литературная Армения» պարբերականներում հանդես է եկել գեղարվեստական ստեղծագործություններով` արձակ և չափածո: Գրում է երկու լեզվով` հայերեն և ռուսերեն: 2009 թվականին նա արժանացել է Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակի: Հրատարակել է արձակ ստեղծագործությունների 6 ժողովածու: 2014 թվականին «Художественная литература» (Մոսկվա) հրատարակչությունում լույս է տեսել նրա ռուսերեն երկերի ժողովածուն «Ave Россия! или как начиналось крушение СССР», որը, բացի նշված վեպից, ընդգրկում է նաև պատմվածքների մեծ շարք: 2016 թվականին նույն հրատարակչությունում լույս է ընծայվելու նրա նոր ժողովածուն:
Հայերեն է թարգմանել՝ Ա. Բլոկ, Բ.Պաստեռնակ, Մ. Ցվետաևա, Ս. Մարշակ ևն:
Ռուսերեն է թարգմանել Նահապետ Քուչակի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի և այլ հայ հեղինակների գործեր:
2011 թվականին Վ.Մադոյանի հեղինակային թարգմանությամբ լույս է տեսել ռուս ժամանակակից անվանի գրող Գեորգի Պրյախինի «Հարված նիզակով» ժողովածուն: Հրատարակության է պատրաստվում ուկրաինացի հայտնի պատմաբան Ն. Նիկիտենկոյի «Աննա Արքայադուստրը» փաստագրական վեպը, որը նվիրված է բյուզանդական հայ արքայադուստր Աննային, որի շնորհիվ Ռուսիան ընդունել է քրիստոնեություն:
Մադոյանը հարյուրավոր լրագրական և ամսագրային գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ է:
Մենք արժանի ենք համարում մեր հայրենակցի աշխատանքի բարձր գնահատումը: Համոզված ենք, որ նա այժմ, իր կյանքի ծաղկուն շրջանում, էլ ավելի հստակ կներկայացնի մեր հայրենիքը միջազգային ասպարեզում:
Նարեկ Սարգսյան