Հասարակություն

Ռուսական օդանավի կործանումը

Ռուսական օդանավի կործանումը

Սինայի թերակղզում Airbus A321 ռուսական օդանավի կործանումը, որ խլեց 224 մարդու կյանք, հազարերորդ անգամ ապացուցում է, որ որքան էլ բարելավվեն մարդատար օդանավերի տեխնիկական հնարավորությունները, որքան էլ դրանք զինեն գերժամանակակից համակարգչային տարրերով, միեւնույն է՝ չկա նույնիսկ 80 տոկոս երաշխիք, որ բոլոր այդ համակարգերն անխափան կաշխատեն: 



Ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող Airbus A321 օդանավը գործարկվում էր արդեն 18 տարի: Մասնագետների կարծիքով, այսպիսի օդանավի համար սա երիտասարդական տարիք է, թեպետ նախկին օգտատերերի, մի շարք այլ ավիաընկերությունների համար աշխատելիս այն ստացել է փոքր վնասվածքներ, ապա վերանորոգվել է եւ կրկին օդ բարձրացել: Մինչ այս պատահարը Airbus A321 մոդելի մի քանի օդանավ վթարների ենթարկվել են: Մասնավորապես, 2010 թվականի հուլիսի 28-ին Կարաչի-Իսլամաբադ ուղղությամբ չարտերային չվերթ իրականացնող Airbus A321-200 օդանավը կործանվեց Մարգալա լեռնալանջի մերձակայքում` տալով146 մարդկային զոհ: Շրջանառվում էր այս օդանավի կործանման մի քանի պատճառ՝ վատ եղանակ, ահաբեկչություն, օդաչուների սխալ:



Իսկ Սինայի թերակղզում Airbus A321 ռուսական օդանավի կործանման վարկածները գնալով ավելանում են: Ընդամենը մի քանի ժամ հետո youtube.com կայքում հայտնվում է մի կեղծ տեսաձայնագրություն, որտեղ, իբր թե, պատկերվում է օդանավի կործանման պահը՝ արդեն Իսլամական պետության գրոհայինների կողմից: Ժամեր անց այդ նույն մարդիկ շտապում են լուրեր տարածել, թե իրենք են խփել օդանավը: Սակայն նույնիսկ տեսականորեն 9411 մետր բարձրության վրա, որին հասած է եղել օդանավը, ռմբակոծելը գրեթե անհնար է: Առհասարակ, հասնելով նման էշելոնային բարձրության, օդանավերը, ուղղություն բռնելով դեպի նշված վայրը, համարյա լուրջ խնդիրներ չեն ունենում: Հաջող թռիչք կատարելով՝ ռուսական օդանավն սկսել է վերելքը եւ ընդամենը 23 րոպե հետո, հասնելով 9411մետր բարձրության, գլխավոր հրամանատարը կապ է հաստատել ցամաքի հետ, հայտնել է, որ օդանավը տեխնիկական խնդիրներ ունի, եւ չնախատեսված վայրէջք է պահանջել: Ընդամենը րոպեներ անց ռադարի էկրանից օդանավն անհետացել է:



Թե ինչ մասշտաբային խնդիր է ծագել նման բարձրակարգ օդանավում, պարզ կդառնա, երբ սեւ արկղերը բացվեն: Համենայնդեպս, լուրեր են պտտվում, թե վերջերս օդաչուները բողոքել են որոշ անսարքություններից, թե շարժիչներից մեկն իսկապես խնդիր է ունեցել եւ այլն: Սրանք դեռեւս չճշտված, չուսումնասիրված տեղեկություններ են: Սակայն մի բան ակնառու է՝ եթե օդանավը հասել է 9411մետր բարձրության, որտեղ էլ ի հայտ են եկել այդ խնդիրները, եւ եթե կապի դուրս գալուց ընդամենը երկու-երեք րոպե հետո այն ահռելի արագությամբ վայր է ընկել, ուրեմն կամ իսպառ հրաժարվել են շարժիչները, կամ էլեկտրականություն սնուցող հզոր գեներատորները: Վերջինը, ըստ մասնագետների, ավելի հավանական տարբերակ է, քանի որ ցամաքի հետ կապի դուրս գալու հիմնական, պահեստային եւ վթարային ռադիոհաղորդիչները, փաստորեն, վայրկենապես շարքից դուրս են եկել, որն էլ հնարավոր է բռնկված մեծ հրդեհի հետեւանք լինի:



Airbus A321-ը՝ ամբողջովին էլեկտրիֆիկացված, հագեցած յուրօրինակ համակարգչային ծրագրով, լավագույն տեխնիկական սարքավորումներով, այնուամենայնիվ, կործանվեց՝ խլելով մարդկային կյանքեր: Կգա՞ մարդկության համար այնպիսի մի ժամանակ, երբ օդային տրանսպորտը բացարձակ ապահով լինի (թեպետ ասում են՝ բոլոր փոխադրամիջոցների մեջ այն առավել ապահովն է), երեւի ոչ ոք չի կարող կանխագուշակել, բայց օդանավերի կործանման նախադեպերը, կործանումների պատճառների բացահայտումն ու հանրայնացումը գոնե մի փոքր հույս են ներշնչում, որ տեխնիկական եւ մարդկային սխալները հնարավոր է այլեւս չկրկնվեն:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image