Հասարակություն

Պիտի ձեւացնենք, թե ինտելեկտուալ ենք

Պիտի ձեւացնենք, թե ինտելեկտուալ ենք

Մենք պիտի ձեւացնենք, թե ինտելեկտուալ ենք, պիտի սյունակներ գրենք, շնորհանդեսների մասնակցենք, որոնց բովանդակության մասին գաղափար իսկ չունենք, պիտի հարցազրույցներ տանք, որոնցից միայն առաջինը կարող է հետաքրքրական լինել, մյուսներն արդեն առաջինի բութ կրկնություններն են: Մեզ պիտի ներկայացնեն՝ անվանումներ տալով, իսկ մեր ներկայացումները պիտի լինեն խորապես խորիմաստ, իմաստներից անդին, այնպես որ՝ դիմացինն ակամա պատկառանքով լցվի մեր դիմախաղի, մեր կողմից արտաբերված յուրաքանչյուր ձայնավորի հանդեպ: 



Մենք պիտի ձեւացնենք, թե ինտելեկտուալ ենք, այլ տարբերակ չկա: Դրա համար ամեն ամիս մեկ բանաստեղծություն, մեկ պատմվածք, մեկ կտավ, դաշնամուրի ու ջութակի համար գրված մեկ ստեղծագործություն պիտի արարենք, իսկ հետո՝ տարին մեկ, իսկ ավելի ուշ՝ արդեն տարիներ, դարեր հետո: Մարդիկ պիտի իմանան, չէ՞, որ տարիների տաժանակիր աշխատանքդ մեսիա է՝ ուղղված ազգին, պետությանը, մշակույթին, ու փորձեն չարժեւորեն, փորձեն չդասականացնեն...



Ինչ խոսք, ինտելեկտուալներն անպայման պիտի ճանաչեն ինտելեկտուալներին, փողոցում տեսնելիս անպայման պիտի ժպտադեմ բարեւներ հղեն միմյանց կամ երես շուռ տան, ի նշան մեկի՝ ավելի բարձրակարգ մյուսի ավելի ցածրակարգ ինտելեկտի: Պիտի միասին նստեն ինչ-որ համեստ, ավելի ինտելեկտուալ, ոչ քաղքենիական մի սրճարանիկում, սովորական, շատ դեպքերում՝ կիսաքաղցր սուրճ ու ջերմուկ պատվիրեն եւ սկսեն սրտակից զրույց՝ անվերապահորեն քննադատելով մերօրյա ինտելեկտուալ կյանքի իսպառ բացակայությունը, արժեքների բացարձակ ոտնահարումը, նոր արժեքների նկատմամբ կուրություն ցուցաբերելը, նաեւ պիտի մերկացնեն մյուս շինծու, անտաղանդ, ապաշնորհ, ապամարդկային ինտելեկտուալներին, որոնք իրենց լկտի աներեսության շնորհիվ լռեցնում են իսկական, անկեղծ, տաղանդավոր, ճշմարիտ ինտելեկտուալների երեւան գալու հնարավորությունը, որոնց մեջ, իհարկե, նաեւ իրենք են մտնում: Հետո հնարավոր է ինտելեկտուալներից մեկն սկսի անվերջ իր տպված ու անտիպ գործերից ցիտել, իր տպված ու անտիպ աֆորիզմների շարքից կամ, ասենք, արտասանել իր բանաստեղծություններից մեկը՝ արտասանելուց առաջ ու հետո ընդգծելով, որ սա իր լավագույն գործն է, իր կյանքի բանաստեղծությունը: Պիտի ինտելեկտուալ լինենք՝ այլ տարբերակ չկա: Պիտի միշտ արեւելյան պատկառանքով խոսենք մեր մեծերի մասին... Մեր մեծերի, որ «աշխարհի մեծերի նախապապերն են, աշխարհի գիրուբանը, պատկերքն ու երազը հունցող»: Ու պիտի չմոռանանք ստորացնել, պղծել նրանց թողած հետքը, եթե, իհարկե, ինտելեկտուալներ ենք: Պիտի ասենք, որ նրանք ապաշնորհ պղպջակներ էին, սարքված, փչված բանաստեղծներ, նկարիչներ, կոմպոզիտորներ: Հող քսելով մեր երեսներին՝ անտեր շների նման պիտի բողոքենք, որ կինոյի ավանդույթ չունենք, արձակի ավանդույթ չունենք, նկարչության ավանդույթ չունենք, ակադեմիական երաժշտության ավանդույթ չունենք, ավանդույթի ավանդույթ չունենք:



Մենք պիտի ձեւացնենք, թե ինտելեկտուալ ենք, ու անպայման զբաղվենք քաղաքական ու քաղաքացիական խնդիրներով՝ պատասխանենք լրագրողների հարցերին, հանդես գանք հայտարարություններով, կարծիքներով, որ ժողովուրդը տեսնի, որ իր կողքին պինդ կանգնած ենք՝ անպայման հիշեցնելով մյուս անունով ու կոչումով իբր ինտելեկտուալներին, ովքեր իրենց չգիտես ինչի տեղ են դրել՝ փակված իրենց սենյակներում, բարձր արվեստ են երկնում: Իրենց հերթին սենյակներում բարձր արվեստ երկնողներն առիթի դեպքում հարցազրույց վերցնողի աչքն են խոթում բարձր արվեստի սահմանումն ու մերժում տարատեսակ ամբիոններից բղավող, ժողովրդի ծոցից դուրս եկած պոպուլիստ ինտելեկտուալներին: Մենք պիտի ձեւացնենք, թե ինտելեկտուալ ենք՝ մեր խոսքում անպայման չմոռանալով օգտագործել «դիսկուրս» եւ «տեքստ» բառերը, մեկ-մեկ էլ՝ «մակերեսային» բառը:



Պիտի ձեւացնենք, թե ինտելեկտուալ ենք՝ այլ տարբերակ չկա...



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image