Մշակույթ

«Շոա»․Կլոդ Լանցման

«Շոա»․Կլոդ Լանցման

Ռեժիսոր Կլոդ Լանցմանի հրեական ողջկակեզի մասին պատմող «Շոա» ֆիլմն այն գործերից է, որ, անկասկած, պիտի դիտել։ Դիտել ու մեկ անգամ եւս վերհիշել, թեկուզ վերապրել մարդկային անհավանականորեն հավանական դաժանությունն ու դրա թողած հետքերը…



Ծագումով հրեա ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Լանցմանի «Շոան» 9 ժամ տեւողությամբ վավերագրական ֆիլմ է, որ ունակ է ամբողջովին հեղափոխելու մարդու գիտակցությունը, նրան դնելու նոր, բացառապես չլսված տարածության մեջ: Կրկնում եմ՝ իրեն հարգող յուրաքանչյուր անձ՝ միջնակարգ թե բարձրագույն կրթությամբ, պարզապես պարտավոր է տեսնել այս ֆիլմը եւ ոչ մի վայրկյան չմոռանալ անցյալի աղետը, որ հողին հավասարեցրեց, կազմաքանդեց հումանիզմի ու ողջախոհ թվացող մյուս հասկացությունների հիմքերը: Այս ֆիլմում չկան ոչ Հոլոքոստի սարսափելի կադրեր, ոչ արխիվային լուսանկարներ, ոչ էլ տեսաձայնագրություններ: Այստեղ թեւածում է միայն մարդկային խոսքը:
9 ժամ Լանցմանի ֆիլմը, ցուցադրելու փոխարեն, խոսում է:



Համակենտրոնացման ճամբարներում ողջ մնացած հրեաները պատմում են այն, ինչ եղել է, վկայում են բաներ, որոնք ժամանակ առ ժամանակ ի զորու չես լսել: Եվ իրենք էլ հանկարծ պատմության կեսից կորցնում են պատմելու ունակությունը, պապանձվում են, լռում:



Լանցմանն ու իր օգնականը նրանց խնդրում են շարունակել, ասում են, թե որքան էլ դժվար է, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, պիտի շարունակեն՝ ներկայացնելով այն ճշմարտությունը, որով ապրելն ասես իմաստ չունի, սակայն մարդկության մյուս հատվածի մոռանալը հանցագործություն ու պղծություն է:



Արդյոք Հոլոքոստի վկաները ո՞ղջ են: Այս հարցի պատասխանը նույնիսկ իրենք չգիտեն: Ֆիլմը դիտելիս այնպիսի տպավորություն է, թե նրանք բոլորը մնացել են ոչնչացման ճամբարներում, գազային խցիկներում, խեղդվել են իրենց ծնողների, երեխաների, մերձավորների հետ, կիզարաններում ողջ-ողջ այրվել են ու ազատագրվել ծխնելույզով, որ դեպի երկինք տանող միակ ճանապարհն է:



«Շոա» ֆիլմում այլեւս մարդիկ չեն խոսում, այլ՝ պատմությունը, պատմության մասին ողջ իսկությունը: Հրեական ողջակեզը, Հայոց մեծ եղեռնը, բոլոր ցեղասպանությունները, դրանց կազմակերպիչները, կատարողները, օժանդակողները, զոհերը, զոհերի ժառանգները պատկանում են քաղաքակրթության այն ֆոնդին, որի էջերը թերթելը, վերանայելը պարտադիր են ապրողների, շնչավորների համար: Սակայն հարց է ծագում՝ ժամանակակից քաղաքականությամբ զբաղվող քանի՞ մարդ է դիտել «Շոան», գերտերություն ունեցող քանի՞ նախագահ, քանի՞ կրոնական միությունների առաջնորդ, քանի՞ ինտելեկտ արտադրող արվեստագետ: Եվ ինչո՞ւ են ցեղասպանությունները շարունակվում:



Այս ֆիլմից հետո ամաչում ես ապրել, մարդ լինելուց ամաչում ես:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image