«Շահար»-ը ֆրանսերենից փոխառյալ բառ է, որն ունի քաղաքի իմաստ։ Ընդհանրապես, քաղաքների վաճառաշահ մասերը մյուս մասերից տարբերելու համար դրանց տրվել են «քաղաք» կամ «շահար» անունը։ Դա Երեւանի այն հատվածն էր, որտեղ այժմ գտնվում է «Մոսկվա» կինոթատրոնը եւ նրա շուրջը եղած տարածքները։ Քանի որ Երեւանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ մնաց, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։
Ընթերցողներից շատերին է ծանոթ, որ եվրոպական քաղաքների համար էլ տիպական է եղել Կենտրոնական մասի «քաղաք» անվանումը։ Իր ժամանակին Լոնդոնի եւ Փարիզի գործարար մասերը կոչվել են քաղաք։ Լոնդոնի համար՝ «սիթի», իսկ Փարիզի համար` «սիտե» բառերն են գործածվել: Ժամանակի ընթացքում վերացավ «շահար»՝ կենտրոնի իմաստով հասկացությունը։ Նրան չվիճակվեց դառնալ քաղաքի գործարար եւ վաճառաշահ մասը։ Դա վիճակվեց նրանից ավելի ցածրադիր մասին, որը ժողովրդի մոտ ստացավ «Ղանթարի տակ» անունը։
Հետագայում, Երեւան քաղաքի պլանավորման հետեւանքով, Շահարի հիմնական մասը բաժին ընկավ Աստաֆեւսկայա (ներկայումս՝ Աբովյան) փողոցին, եւ «շահար» անունն էլ ժամանակի ընթացքում մոռացության տրվեց։
Քարհանքի թաղը
Այս թաղը բռնել է քաղաքի հարավ-արեւելյան մասը: Ժամանակին հայերը դա անվանել են Քարհանքի թաղ։ Անունն ինքը ցույց է տալիս, որ այստեղ եղել է քաղաքի քարհանքը։ Ինչպես շատ թաղերի անուններ, այնպես էլ Քարհանքի թաղի անունը պարսից տիրապետության օրոք փոխվեց եւ կոչվեց «Դամըռ-Բուլաղ», որը բառացի նշանակում է «երկաթ-աղբյուր»։ Այդպես է կոչվել հատկապես քաղաքի այդ մասում եղած աղբյուրի ջրերում երկաթի բաղադրություն պարունակվելու պատճառով։ Դամըռ-Բուլաղը հայտնի էր իր այգիներով։
Ի դեպ, Երեւանը հին ժամանակներից շրջապատված է եղել բազմաթիվ այգիներով, որոնք առանձին խմբերով գլանվելով այս կամ այն թաղի մոտ՝ կոչվել են նույն թաղերի անուններով։ Ինչպես, օրինակ, Կոնդի, Դալմայի, Դամըռ-Բուլաղի այգիները, Սարդարի բաղը եւ այլն։ Այգիների գոյությունը պայմանավորված էր բնական բարենպաստ պայմաններով՝ ջերմություն, հող եւ ջուր։
Երեւան քաղաքի պատմությունը