Մշակույթ

Քաղաքագրություն. Բութանիա եւ Արաբկիր

Քաղաքագրություն. Բութանիա եւ Արաբկիր

Բութանիա



Այսպես է կոչվում Երեւանի մեծ թաղերից մեկը, որն սկսվում է Կայարանի շրջակայքից, հասնում մինչեւ Կոմերիտմիության անվան զբոսայգին, մյուս կողմից՝ մինչեւ Նոր Արեշ։
Այս անունը Երեւանում սկսեց գործածվել սրանից մոտ քառասուներկու տարի առաջ, երբ պանդխտությունից հայրենիք վերադարձան եւ այդ հատվածում բնակություն հաստատեցին առաջին ներգաղթյալ հայերը, որոնց ճնշող մեծամասնությունը եղեռնի ժամանակաշրջանում տարագրվել էր Փոքր Ասիայի Բութանիա նահանգից։



Բութանիան պատմական այն նահանգի անունն է, որը գրավում է Փոքր Ասիա թերակղզու հյուսիս-արեւմտյան Սեւ եւ Մարմարա ծովերին հարող մասը։ Վարչական տեսակետից Բութանիայի մեջ մտել են հետեւյալ հայաբնակ մի քանի գավառներ՝ Նիկոմիդիա (Իզմիթ), Ատաբազար, Գասթեմունի, Բուրսա եւ այլն։ Պատմական Բութանիայից Երեւան ներգաղթեցին գլխավորապես Ատաբազարի եւ Նիկոմիդիայի հայերի բեկորները։



Ատաբազարը կամ Ադաբազարը եղել է Նիկոմիդիայի կամ Իզմիթի գլխավոր քաղաքը՝ Փոքր Ասիա թերակղզու հյուսիս-արեւմտյան մասում։ Քաղաքն իր ժամանակին հիմնվել է կղզու վրա եւ ունեցել է շատ աշխույժ շուկա, որի պատճառով էլ թուրքերը տվել են Ատաբազար անվանումը, որը նշանակում է կղզու շուկա, ատա-ադա՝ «կղզի», եւ բազար՝ «շուկա» բառերի զուգակցումից։ Քաղաքի եւ շրջակա հայ բնակչությունը կոտորվեց եւ տարագրվեց։ Վերապրող ատաբազարցիներից ներգաղթել են նաեւ Սովետական Հայաստան եւ իր ժամանակին բնակություն հաստատել ներկա Բութանիա թաղամասում։



Արաբկիր



Այս անունն է կրում Երեւանի հյուսիս-արեւմտյան մասում գտնվող խոշոր ու բարգավաճող թաղամասերից մեկը։ Երեւանի եւ Քանաքեռի միջեւ 1924 թվականին որոշվեց հիմնել Նոր Արաբկիր անունով ավան։ 1925 թվականի հոկտեմբերի 25-ին դրվեց ավանի հիմքը։ Այդ գործում մեծ դեր խաղաց Սփյուռքի արաբկիրցիների հայրենակցական միությունը։
Արաբկիր անունը գալիս է Արեւմտյան Հայաստանից։ Բուն Արաբկիրը գտնվում է Խարբերդի նահանգում (վիլայեթում), Եփրատի վտակներից մեկի՝ Արեւմտյան Եփրատի կամ Կարասուի վրա, Խարբերդի եւ Ակնի միջեւ։ Արաբկիրն աչքի էր ընկնում որպես վաճառաշահ քաղաք, շրջապատված էր մշակված արգավանդ դաշտերով։ Մինչեւ 1915 թվականի ապրիլյան եղեռնը Արաբկիրն իր արվարձաններով ուներ քսան հազար հայ։



Արեւմտահայ մյուս հայաբնակ վայրերի նման Արաբկիրն էլ ենթարկվեց ցեղասպանության արհավիրքին։ Կենդանի մնացածներն ստիպված եղան աքսորի ճամփան բռնել, իհարկե, առանց գիտենալու, թե ուր են գնում։ Կենդանի մնացածներից մի մասը տարբեր կողմերից գաղթեց Հայաստան, իսկ մի մասն էլ արտասահմանում բնակություն հաստատեց եւ, ի հիշատակ իրենց հայրենի Արաբկիրի, հիմնեց հայրենակցական կամ վերաշինական միություններ: Արաբկիրցիների հայրենակցական միությունների ջանքերով էր, որ, ինչպես ասվեց, 1925 թվականին Երեւան քաղաքի հյուսիսային մասում հիմնադրվեց Նոր Արաբկիր արվարձանը։ Արաբկիրցիների անձնվեր աշխատանքով ու օժանդակությամբ Արաբկիրը վերափոխվեց։ Այնտեղ կառուցվեցին բազմաթիվ տներ, ստեղծվեցին ծառազարդ փողոցներ, աղբյուրներ։ Արաբկիրում հիմնվեցին ոչ մեծ գործարաններ՝ փայտամշակման, հագուստի, կոշիկի եւ այլ ձեռնարկություններ։ Բայց հետագայում, երբ Երեւանի սահմաններն ընդարձակվեցին, Արաբկիրը մտավ քաղաքի մեջ։ Այն մեծացավ, բարեկարգվեց, վերափոխվեց ու դարձավ Երեւանի ամենաբազմամարդ թաղերից մեկը։



Երեւան քաղաքի պատմությունը



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image