Օրեր առաջ Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկման հանգամանքը կարծես ամենակարեւոր ու տագնապալի իրադարձությունն էր: Պաշտոնական Փհենյանը հաստատել էր ջրածնային ռումբի փորձարկման իսկությունը՝ նշելով, որ այն հաջող է անցել: Փորձարկման ողջ գործընթացը հեռարձակվել է ուղիղ եթերով: Հյուսիսկորեացիները, ցնծություն ու հուզմունք ապրելով, շնորհավորել են միմյանց այսպիսի փառավոր եւ հույժ անհրաժեշտ ձեռքբերման համար՝ օրհնելով իրենց չաղլիկ թշերով եւ բռնակալի համար բավականին բարեհամբույր արտաքինով առաջնորդին: Ավելի վաղ Հարավային Կորեայի ԶԼՄ-ները հայտնել էին Հյուսիսային Կորեայում սեյսմիկ ակտիվության մասին՝ նշելով, որ դրա պատճառը, հավանաբար, միջուկային զենքի փորձարկումն է: Թե որն է ջրածնային ռումբի ստեղծմանն ազգովի լծվելու հիմնական պատճառը, սրա պատասխանը մեկն է՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը մտածում է, որ ջրածնային ռումբ ունենալու փաստն իրենց կպաշտպանի ԱՄՆ ներկայացրած հավանական վտանգներից:
Ըստ Sky News-ի, առաջնորդ Կիմ Չեն Ինը կարծում է, որ իր երկիրը բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի դառնա ատոմային մեծագույն գերտերություն եւ պաշտպան կանգնի իրենց ազգային արժեքներին, մղի «արդարադատության սրբազան պատերազմ»: Որոշ մասնագետների հաշվարկով, Հյուսիսային Կորեայում փորձարկված ջրածնային ռումբը, ենթադրաբար, ունեցել է 6 կիլոտոննա հզորություն: Քանի որ Հյուսիսային Կորեայի հավանական գլխավոր թշնամին առաջին հերթին ԱՄՆ-ն է, աշխարհին հետաքրքիր էր Սպիտակ տան պաշտոնական արձագանքը:
Ըստ Reuters-ի հաղորդագրության՝ «Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկումը ծայրահեղ սադրանք էր»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ավելացնելով, որ Միացյալ Նահանգների ղեկավար մարմինները չեն պատրաստվում Հյուսիսային Կորեային ճանաչել որպես ատոմային տերություն: Քերին նշել է, որ Հյուսիսային Կորեայի գործողությունները չափազանց վտանգավոր են միջազգային խաղաղության եւ անվտանգության համար:
Ինչեւէ, եւ ՄԱԿ-ը, եւ ատոմային, նաեւ ոչ ատումային երկրները դատապարտեցին Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկված այս «միջոցառումը» եւ, առհասարակ, նման ռումբեր ունենալու նրա բոլոր երազանքները, ձեւակերպելով այն որպես միջազգային իրավունքի սարսափելի խախտում: Չինաստանն ու Ճապոնիան սպառնացին, որ Հյուսիսային Կորեայի հանդեպ խիստ սանկցիաներ կկիրառեն: Երկու օր առաջ Հյուսիսային Կորեայի հեռարձակվող ալիքներով ցուցադրվել են նոր տեսաձայնագրություններ, որոնք ներկայացնում են ռումբի փորձարկման գործընթացը: Իսկ, ահա, Հարավային Կորեայում գործող մասնագետները կասկածներ ունեն, որ հյուսիսցիները ոչ թե ջրածնային ռումբ են փորձարկել, այլ՝ ատոմային: Նոր տարվա առաջին օրերին Հյուսիսային Կորեայի կողմից թերեւս վիճարկելի ջրածնային ռումբի փորձարկումն ու պաշտոնապես այդ մասին իրազեկումը եթե անգամ սադրանք են, միեւնույն է՝ միջազգային անվտանգության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների դեմ ձեռնոց նետված հերթական մեծ գույժն են, որ սրում է ու ահռելի տագնապի մեջ պահում առանց այն էլ, մեղմ ասած, ոչ լավ օրեր ապրող համաշխարհային քաղաքականությունն ու դրա ապագան։