Մեկ դար առաջ՝ հունվարի 12-ին, ծնվել է ամերիկյան եւ գուցե համաշխարհային գրականության ամենակենսասեր ու տաղանդավոր գրողներից մեկը՝ Ջեկ Լոնդոնը:
Ջեկն իմ մանկության արքան էր: Մի գրող, որի 12 հատորյակից հայրս ամեն օր ինձ բարձրաձայն ընթերցել է երեւի թե կեսից ավելին: Չեմ հիշում մեկ ուրիշ գրողի, որի վեպերի ու պատմվածքների առաջնային ու երկրորդային հերոսներն այդչափ սիրեն կյանքն ու մեռնեն այդ սիրո չափաբաժնից: Ոչ միայն փառաբանելով այսօրյա ժամանակներում ծիծաղելի դարձած մարդկային հոգու առաքինությունները՝ սիրո զգացողություն, վեհություն, ընկերասիրություն, նվիրում, հավատարմություն, այլեւ ցույց տալով դրանց մեծագույն հնարավորությունները, մարդու եւ բնության փոխհարաբերությունների ողջ հյուսվածքը, որը մինչեւ վերջ մարդն ի զորու չէ ըմբռնել ու վերծանել, սակայն կարող է անվերապահորեն տրվել այդ սրբազան ճանապարհին:
Ջեկի կյանքի ու գրականության միջեւ սահմանագիծ չկար: Ծովահենները, նավաստիները, շրջմոլիկները, Ալյասկայում ոսկի որոնողները, անհույս հարբեցողները, ստրուկները, շնամարտ ձեռնարկողները, խաղամոլները, պանդոկներում տուրուդմփոց սարքողները, լվացքատներում ու բանվորական միջավայրերում իրենց տաղանդը կործանող գրողները, մինչեւ ուղնուծուծը սիրահարվողները, արկածախնդիրներն ու խենթերը... կյանքի այս խելահեղ պարույրն ամփոփված էր հենց իր մեջ, եւ ինքն էր այդպիսին, ինքն էր այդպես ապրում՝ իր կյանքը վերածելով գրականության եւ գրականությունը վերածելով կյանքի:
Բնավ պատահական չէր, որ ամերիկացի նշանավոր գրող, մշակութաբան Սյուզըն Սոնթագը բարձր էր գնահատում Ջեկ Լոնդոնի արվեստը եւ «Մարտին Իդեն» վեպը դնում էր իր ամենասիրելի գրքերի շարքում: Նույնիսկ վեպի վերջին դրվագում, երբ արդեն որոշակի ճանաչման հասած երիտասարդ գրողը, որը գրելու ժամանակը «քաղում» էր իր ֆիզիկական ներուժի (օրուգիշեր աշխատում էր լվացքատանը) ու հոգեւոր ծանրագույն աշխատանքի գնով, նույնիսկ վերջին ակնթարթում, երբ նավից ցատկելով ինքնասպանության է դիմում եւ դրա համար մի քանի անգամ ավելի խորն է սուզվում, որ խաբի ապրելու հզոր կամքին, թվում է՝ ոչ թե մահվան համար է պայքարում, որ վերջիվերջո հպվի նրան, այլ կյանքի՝ մի ակամա հայտնության, որի յուրաքանչյուր դրսեւորման մեջ այնքան կախարդանք ու առեղծված կա:
Նա ապրեց ընդամենը 40 տարի՝ թողնելով 40 տարվա համար գրեթե անհավանական թվացող ժառանգություն՝ վեպերի, պատմվածքների հատորներ, էսսեներ, հոդվածներ, նամակներ: Եվ նրա «Հեռավոր երկրամասում» պատմվածքի այս պարբերությունն այնքան բնորոշ է կյանքի եւ մահվան փիլիսոփայությանը, որ ուներ. «Նա ապրում էր մահվան հետ կողք կողքի եւ ստվերների մեջ, սեփական ոչնչության գիտակցումից ճնշված, ննջող դարերի կույր իշխանության ձեռքով ստրկացված։ Շրջապատի վեհությունը վախեցնում էր նրան։
Այն ամեն տեղ էր, ամեն ինչի մեջ՝ իրենից բացի․ քամու եւ շարժման լիակատար բացակայության մեջ, ձյունածածկ անապատի անսահմանության մեջ, երկնքի բարձրության եւ լռության խորության մեջ։ Իսկ այդ հողմացո՜ւյցը․ օ՜, եթե նա գոնե մի քի՜չ տատանվեր։ Թող որ պայթե՛ն երկնային բոլոր ամպրոպները, կամ բոցո՛վ բռնվի անտառը։ Թո՛ղ պատռվի երկինքը, ու ահեղ դատաստանի օրը հասնի։ Թող գոնե ինչ-որ բան, գոնե մի ինչ-որ բան կատարվի։ Ոչ, ոչ մի բան... Ոչ մի շարժում։ Աշխարհը լցվել էր լռությամբ է, եւ հյուսիսի սարսափը սառցե մատներով սեղմում էր նրա սիրտը։ Մի անգամ Քաթֆերտը, մի նոր Ռոբինզոնի պես, հենց գետի մոտ նկատեց մի հետք՝ նապաստակի թաթերի թույլ դրոշմ նոր եկած ձյան վրա։ Դա հայտնություն էր նրա համար, ուրեմն հյուսիսում կյանք կա։ Նա գնաց հետքով՝ աչքերն ագահորեն հառած վրան։ Մոռանալով իր ուռած ոտքերի մասին՝ նա ինչ-որ անհեթեթ կանխազգացումից ծնված հուզմունքով անցնում էր ձյունաթմբերի միջով։
Կարճատեւ մթնշաղը հանգավ, եւ անտառը կլանեց նրան, բայց Քաթֆերտը համառորեն շարունակում էր գնալ ու գնալ, մինչեւ որ վերջին ուժերն սպառվեցին, եւ նա հոգնաբեկ ընկավ ձյան մեջ։ Եվ այն ժամանակ, տնքալով, նա անիծեց իր անխոհեմությունը, հասկանալով, որ այդ հետքը եղել է իր երեւակայության արդյունքը»: