Մշակույթ

Սյուզըն Սոնթագ՝ Ընդդեմ մահվան

Սյուզըն Սոնթագ՝ Ընդդեմ մահվան

1933 թվականի հունվարի 16-ին ծնվել է համաշխարհային գրականության եւ արվեստի ամենակարեւոր դեմքերից մեկը՝ ամերիկացի ֆեմինիստ արձակագիր, ռեժիսոր, մշակութաբան Սյուզըն Սոնթագը: Նրա գրական հարուստ ժառանգությունը (վեպեր, էսսեներ, պատմվածքներ, ակնարկներ, բանախոսություններ, հոդվածներ), ինչպես նաեւ հասարակական-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցությունը մշակութային աշխարհի վրա հսկայական ազդեցություն են թողել: Գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Սյուզըն Սոնթագը մահացել է 2004 թվականին, ԱՄՆ-ում: Մարմինն անփոփված է Փարիզի Պեռ Լաշեզ գերեզմանատանը:



Օրերը եւ քաղցկեղից գունատվող նրա խիստ ու փափուկ հայացքը:



Անկողնուդ մեջ նրա «Օրագրերը» կորսվում են ու գտնվում:



Մատիտանշումների համար սպիտակ տարածություններ էլ չկան:



Սոնթագի «Օրագրերը» քեզ պիտի կյանք տային... Մահ են տալիս:



Մոր մասին հիշողությունների գրքից որդու՝ Դեւիդի տողերը. «Վերջին անգամ այնքան խորը շնչեց»:



Ատում էր մահը:



Մահն ատողների իր բանակն էր կազմել՝ Էլիաս Կանետի, Ռոլան Բարթ, Սիմոնա դը Բովուար, Ջունա Բարնս... Բայց իր սիրելիները, ինչպեսեւ ինքը, մահվան մեջ էին ծնված՝ անվերջ վերածնվելու համար՝ խելագարներ, ինքնասպաններ, մելանխոլիկներ:



Դանիլո Կիշի, Վ. Գ. Զեբալդի, Ցիպկինի, Պավեզեի եւ մյուս սիրելիների համար իրեն ենք պարտական:



Այդ պարտականության բնույթից կնողկար, կխնդրեր իմաստը մեկնաբանել, ապա վերծանել ու քանդել... Իմաստը ստեղծել, ոչ արտաբերել:



«Մենք այլեւս արվեստից չպետք է զվարճանք ակնկալենք: Համենայնդեպս` ոչ բարձր արվեստից»։



«Հիմա իսկապես ճանաչում եմ տառապանքը: Ես վերապրել եմ. մենակ եմ ու չսիրված, որից աշխարհում ամենաշատն էի վախենում: Ես շոշափեցի հատակը: Վերապրում եմ» («Օրագրերից»):



Ժամանակակից գրողներից լրջություն ու հոգատարություն էր պահանջում եւ էսսեների հատորի վերահրատարակման առիթով գրված վերջաբանում Ինքն Իրեն կասկածի տակ առնում. «Առհասարակ իրավունք ունե՞մ պահանջելու»:



Չկա ինձ համար մեկ ուրիշ ավելի փխրուն ու թանկ գրող:



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image