Հունվարի 29-ին Կալումե փաբում տեղի ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկացի նշանավոր փորձարար արձակագիր, փանկ, ֆեմինիստ Քեթի Աքերի «Բղջախոհություն» գրքի շնորհանդեսը` (Երևան, «Ինքնագիր գրական ակումբ»: Թարգմանությունը անգլերենից` Կարեն Ղարսլյանի: Կազմի ձևավորումը՝ Սամվել Սաղաթելյանի: Օգտագործված է նրա «Ուրվական ֆալոսը» շարքի պատկերներից: Խմբագիր՝ Վահան Իշխանյան):
Կարեն Ղարսլյանը` «Աքերը և նրա Բղջախոհությունը» վերջաբանում գրում է.
«Դեռ Քեթի Աքեր չդարձած անչափահաս Քերըն Լեմանի անձի ձևավորման ամենաէական շրջանը համընկել էր 60-ականների հեղափոխական շարժումների բուռն փուլերի հետ, երբ արևմտյան հասարակություններում ծաղկում էին Բիթ շարժումից բխած բազմաթիվ ենթա- և հակամշակութային ուղղություններ, ինչպիսին է սեռական հեղափոխությունը, (սեռական հարաբերությունների ազատականացումը, սեռական կողմնորոշման ազատություն, սեռային իրավահավասարություն և այլն), որոնք զգալի հետք են թողել նրա ստեղծագործության վրա: Հենց Բիթ շարժման հիմնադիրներից մեկին էլ՝ Ուիլյամ Ս. Բըրոուզին, Աքերը համարում էր իր գրական ու գաղափարական ուսուցիչը: Աքերը կրել է Չարլզ Օլսոնի, Դևիդ Էնթինի, Մարգերիտ Դյուրասի, Ալեն Ռոբ-Գրիեյի, Ժան Ժենեի, ինչպես նաև ֆրանսիական քննադատական տեսության ու փիլիսոփայության ազդեցությունը: Մոր հետ լեզու չգտնող Աքերն ի վերջո լքում է հարմարավետ կենցաղը՝ փորձելով ինքնուրույն վերապրել Նյու Յորքի ամենաաղքատ ու վտանգավոր թաղամասերից մեկում: Որոշ ժամանակ գլուխը պահում է սեքս-ոլորտում՝ աշխատելով որպես մերկապարուհի ու պոռնոֆիլմերի դերասանուհի: Այս շրջանի նրա զբաղմունքներն ու կենսափորձը անջնջելի դրոշմ են թողել նրա ստեղծագործությունների վրա: Սակայն Աքերի հակասական կերպարն արտացոլվում է ոչ միայն նրա երկերի բովանդակության ու ձևի մեջ, այլև աշխատանքների բնույթով. ժամանակին Նյու Յորքի ամենավտանգավոր ու անպատկառ փողոցներից մեկի՝ 42-րդի վրա աշխատած մերկապարուհին տարիներ անց հին հունարեն էր դասավանդում Կալիֆորնիայի Սան Դիեգո համալսարանում ու դասախոսում էր Կալիֆորնիայի Սանտա Բարբարայի համալսարանում, Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում, Այդահոյի համալսարանում ևն:
***
«Բղջախոհություն»-ը Քեթի Աքերի առաջին հայերեն թարգմանված երկն է: Շոտլանդացի բանաստեղծ և վիպասան Էլիսոն Ֆելի մտահաղացմամբ յոթ կին կրողներ գրում են յոթ մահացու մեղքերի վերաբերյալ գործեր, որոնք գրքով (The Seven Deadly Sins) տպվում են 1988-ին Լոնդոնում (թարգմանությունը կատարված է հենց այս գրքից): Մահացու մեղքերից Աքերին բաժին էր ընկել տռփանքը, որն աստվածաշնչյան բառապաշարում առավել հայտնի է «բղջախոհություն»: Բղջախոհությունը տվյալ երկում դրսևորվում է գլխավորապես արական միասեռական սիրով ու սեռահարաբերություններով, ինչպես նաև սադոմազոխիստական վարքով:
Ինչպես նրա առավել ծավալուն երկերում, «Բղջախոհություն»-ում ևս հերոսների ինքնությունները անսպասելիորեն անտարորոշելիորեն տարրալուծվում են: Երեք մասից բաղկացած այս երկում պատումն իրականացնում են արական սեռի տարբեր ներկայացուցիչներ, որոնց ինքնությունները կրում են Աքերի ինքնակենսագրական տարրերը (ինչպես օրինակ՝ երկսեռականությունը (բիսեքսուալությունը) կամ մոր կողմից ատված լինելը»:
Գիրքն արդեն վաճառքում է: