Անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ Երեւանն աշխարհի ամենածխող քաղաքներից է: Ոչ միայն քաղաքային փաբերը, սրճարաններն ու ռեստորանները, անգամ պուրակներն ու զբոսայգիները շատ ժամանակ պարուրված են ծխի անհաճելի ու թանձր շերտերով:
Կարծեմ 2014 թվականին որոշակի հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ Հայաստանում ծխողների քանակը նվազել է... Սակայն առօրյան այլ բան է ասում՝ ծխողները շատ են, եւ երիտասարդությանը հետեւելով հասկանում ես, որ նրանց քանակը ապագայում չի կրճատվելու: Եթե եվրոպական շատ երկրներում, Միացյալ Նահագներում ծխելն արգելելու նպատակով արդեն իսկ բավականին խիստ միջոցներ են կիրառում՝ բարձրացնում են ծխախոտի գինը, պակասեցնում ծխելու համար նպաստավոր տարածությունները, որոնք են հանրային վայրերը, մանկական խաղահրապարակները, բակերը եւ նույնիսկ փողոցները, նշանակում է՝ ամբողջովին հասկանում են ծխախոտի բերած իրապես աղետալի հետեւանքների բնույթը:
Վերջերս առիթ եղավ զրուցելու Սթենֆորդի եւ Հարվարդի համալսարանների Հանրային առողջության դպրոցի մագիստրոս, իրավաբան Ջոն Սքոթի եւ Հարվարդի համալսարանի հանրային առողջության դպրոցի մագիստրոս, բժիշկ Աքիլա Աննամրեդդի հետ:
Երիտասարդ գիտնականները Հայաստանում ուսումնասիրում էին քաղցկեղին եւ, ընդհանրապես, առողջապահության բնագավառին վերաբերող հիմնահարցեր: Հանդիպման ընթացքում խոսեցինք նաեւ ծխելու հետեւանքների մասին: Ջոն Սքոթը եւ Աքիլա Աննամրեդդին հավաստեցին, որ Երեւանում, մյուս քաղաքների համեմատ, զգալիորեն շատ են ծխում, եւ նշեցին, որ իրականում խնդիրը մարդկային գիտակցության մեջ է՝ սեփական մարմնի, առողջության, որակյալ կյանք ունենալու, քաղցկեղային գոյացությունների ռիսկերը կանխելու ցանկութան մեջ՝ մարդիկ ծխելիս կամ հստակորեն չեն գիտակցում, որ սպանում են իրենց, նաեւ կողքիններին, կամ էլ լրիվ գիտակցում են ու շարունակում: Ջոնի եւ Աքիլայի կարծիքով, ծխախոտի, ծխելու հանդեպ նմանօրինակ վերաբերմունքը բացառելու համար կրթական համակարգում անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ: Վաղ հասակից երեխաներին պիտի կրթել գիտական, միայն գիտական փաստագրային համոզմունքով, որ ծխելը, տարիների ընթացքում քայքայելով մարդու առողջությունը, փչացնելով շրջակա միջավայրը, ծանր հիվանդությունների պատճառ է դառնում, որոնք դեռեւս չեն բուժվում: Եվ որքան էլ ժամանակակից առողջապահությունը եւ գիտական միտքը թերություններ ունենան, այնուամենայնիվ, մենք պիտի վստահենք գիտական հսկայածավալ աշխատությունների ռացիոնալ եզրակացություններին, որոնք միանվագ հավաստում են՝ ծխելն սպանում է, ծխելը մահ է, ծխելն անպատասխանատվություն է բնության ու կյանքի հանդեպ: Ցավոք, ծխախոտի տուփի վրա սղված «Ծխելը վնասակար է առողջության համար» զգուշացումը չի գործում, քանի որ չի գործում մարդկային գիտակցության ավելի հիմնավոր ու նպատակահարմար կողմը: Ծխողներից քչերն են հավատում, որ իրենք գերեզման են իջնելու հենց դրա պատճառով:
Կամ էլ տարածված նախադասություն է. «Ի՞նչ տարբերություն, թե ինչից կմեռնեմ»:
Մեր քաղաքում ծխողների քանակին չի զիջում պասիվ ծխողների քանակը: ԱՀԿ-ի տվյալներով՝ ամեն տարի մոտ 600 հազար մարդ պասիվ ծխելու զոհ է դառնում: Համաձայն ԱՀԿ կանխատեսման՝ ամեն տարի ծխելու հետեւանքով զոհերի թիվն աճում է եւ 2030 թվականին կհասնի մինչեւ 8 մլն. մարդու: Երեւանում չծխողների համար նախատեսված սրճարաններն ու փաբերը սակավ են: Ծխողները չծխողների նկատմամբ տոլերանտություն չունեն՝ սկսած տաքսու վարորդներից, վերջացրած ընկեր-բարեկամներով: Եթե ապագայում այս ուղղությամբ կառավարության կողմից լուրջ քայլեր չձեռնարկվեն, մենք ունենալու ենք ավելի հիվանդ ու մահվան ձգտող կիսագրագետ բնակչություն: