Քաղաքականություն

Դատարկ պարկուճներ

Դատարկ պարկուճներ

Պետական մակարդակի քաղաքական որոշումները, պետական պաշտոնատար անձանց պաշտոնանկությունը, նշանակումները երկու բան են կանխորոշում: Առաջինը՝ պրոգրեսիվ փոփոխություն՝ ուղղված այս կամ այն ոլորտի իսպառ բարելավմանը, նոր գաղափարներ, նոր աշխարհայացքներ, որոնք նախկինում չեն եղել: Երկրորդ՝ փոփոխություններ, որոնք միայն ու միայն միտված են ամրացնել, տեւականացնել սեփականաշնորհված իշխանության, զավթած կապիտալի բլոկը: Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը, միանշանակ, հարում է երկրորդ տարբերակին: Սա, վերջին հաշվով, դատարկ պարկուճների քաղաքականություն է: Ընտրել մարդկանց, ովքեր բացառապես դատարկ պարկուճների դերակատարություն ունեն: Ահա, նրանք հանգիստ ու խաղաղ ապրում են իրենց օրը, վայելում նախկին պաշտոններից վերցված կյանքի բարեմասնությունները, նույնիսկ բավականին մտորող մարդկանց արտաքին են ձեռք բերում, բավականին գոյապաշտական հոգոցներով եւ «համեստ», այսպես ասած, «քաշված» խառնվածքով: 



Մեկ էլ, հո՛պ, այդ «անմեղ արարածները» երկրի ղեկավարի տարածած հրովարտակով ստիպված են լինում թողնել իրենց «փափուկ ու անշառ» կյանքը եւ նորից մխրճվել պալատական կեցության ու դրա բերած անդուր, սակայն, ինչ խոսք, էրոտիկ խարդավանքների մեջ: ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը, ԱԱԾ նորանշանակ ղեկավարը եւ մյուսները գրեթե միշտ վեհորեն եւ զարմանալի արիությամբ կտանեն (տանում են) շեքսպիրյան պաթոսով իրենց «գոռ բախտի պարսաքարերն ու սլաքները», մինչեւ որ նախագահը գերհոգնի նրանց ներկայությունից եւ հասկանա, որ ժամանակն է մեծ թարմացումների, ժամանակն է, որ սրանք հեռանան, ու մեջտեղ գան երկրորդ էշելոնի դատարկ պարկուճները՝ հայրենիքի, պետության բարօրության համար մի կողմ դնելով իրենց վաղ ծերունական մառազմը եւ վաղ վաստակած հանգիստը:



Հիրավի, երկրի առաջին դեմքի կողմից սա մեծ գնահատական է, քանզի նա երբեք չի մոռանում, թե երկրորդ, երրորդ, անգամ չորրորդ էշելոնում ով կա, ում կարելի է առաջ բերել, որ մեռելին կարելի է սաղացնել, որ հոգեվարքով ճանճից կարելի է հյութ քամել, եւ այսպես շարունակ: Այս երկրի մեծագույն դժբախտություններից մեկն այն է, որ տասնամյակներ շարունակ պետական քաղաքականությունն արտադրել է մեծ քանակություն կազմող դատարկ պարկուճներ՝ ասպարեզից դուրս մնացած կամ դուրս բերված քաղաքական գործիչներ, նախարարներ, թաղապետեր, օլիգարխներ, թաղային խուժաններ, որոնք Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով կարող են մուտք գործել ակտիվ քաղաքականություն եւ վռնդվել հարկ եղած դեպքում: Եվ Թ. Ս. Էլիոթի «Սնամեջ մարդիկ» բանաստեղծության այս տողերն այնքան դիպուկ են բնորոշում նրանց.



«Մենք սնամեջ մարդիկ ենք
Եվ խրտվիլակներ,
Խոնարհելով ծղոտով լցված
Գլուխները մեր»:



(Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի)



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image