Մշակույթ

Երեւանի միկրոտոպոնիմիկան

Երեւանի միկրոտոպոնիմիկան

Միկրոտոպոնիմիկա ասելով՝ նկատի ենք ունենում աշխարհագրական առավել փոքր անվանումները։ Այսպիսով, ծանոթանալու ենք Երեւանի առանձին մասերի աշխարհագրական փոքր անուններին կամ միկրոտոպոնիմներին։



Աշխարհագրական անունների առաջացման եւ իմաստավորման հարցով զբաղվող գիտությունը կոչվում է տոպոնիմիկա, իսկ ուսումնասիրվող անուններն էլ՝ տոպոնիմ։ Այդպիսով, ինքը՝ քաղաքը, մի բարդ տոպոնիմ է։ Չնայած աշխարհագրական քարտեզների վրա այն տրվում է որպես մեկ «կետ» կամ փոքրիկ շրջանակ (պունսոն), բայց իրականում դա էլ իր հերթին ունի իր ներքին ստորաբաժանումները (թաղեր, փողոցներ, հրապարակներ եւ այլն), որոնք ունեն իրենց անունն ու պատմությունը եւ ձեւավորվել են տարբեր ժամանակներում։ Դրանք իրարից տարբերվում են բնական պայմաններով, հասակով, կատարած ֆունկցիայով, ճարտարապետական մտահղացմամբ եւ այլն։
Միկրոտոպոնիմիկան չնայած հանդիսանում է տոպոնիմիկայի մի հատվածը, բայց վերջին տասնամյակում արդեն դարձել է ուսումնասիրության առարկա։



Երկար ժամանակ քաղաքները բաժանվում էին ըստ թաղերի։ Ներկա իմաստով փողոցներ չկային։ Փողոցներին անուններ տալը, տախտակի կամ թիթեղի վրա գրելն ու պատերին փակցնելը, ինչպես նաեւ տների համարակալումն ավելի ուշ ժամանակի գործ են։ Ի դեպ, 18-րդ դարում առաջին անգամ Լոնդոնում մտցվեց տների համարակալումը, որպեսզի հեշտացվեր նամակների առաքումը։ Բայց դա չխանգարեց, որ ամեն մի քաղաք ունենա իր «միկրոաշխարհագրությունը», այսինքն՝ թաղերի բաժանումը, որոնց անունների առաջացման պատմությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Այս դեպքում արդեն ընդունված է «տոպոնիմիկա» բառի սկզբին ավելացնել «միկրո» (փոքր, մանր) մասնիկը՝ միկրոտոպոնիմիկա։



Երեւան քաղաքի միկրոտոպոնիմիկան արտացոլում է քաղաքի բազմադարյա պատմությունը, նրա հեռավոր ու մոտ անցյալը։ Չէ որ այդ անուններն ունեն իրենց տարբեր հասակն ու ծագումը։ Դրանք պատմում են քաղաքի աճի ու զարգացման մասին, դրանց մեջ ապրում է անցյալի հիշատակը, որոնք իրենց հերթին քաղաքի տարեգրությունն են հանդիսանում։



Երեւան քաղաքի շրջագիծը Ռուսաստանին միացման նախօրյակին կազմում էր 30 կիլոմետր, սկսած Զանգվի (Հրազդան) կամրջից եւ վերադարձած նույն տեղը։ Այս տարածության հիմնական մասն զբաղեցնում էին այգիները։ Քաղաքը բաժանվում էր 3 գլխավոր մասի (մահլաների)․ Կոնդ, Բուն քաղաք եւ Քարահանք։ Պարսից տիրապետության ժամանակ Բուն քաղաքն ստացավ Շահար անվանումը, իսկ Քարահանքը՝ Դամըռ-Բուլաղ։ Առանձին էր շուկան, որն ընկած էր Կոնդի եւ Շահարի միջեւ։ Շուկայից ոչ հեռու գտնվում էր Երեւանի նշանավոր իջեւաններից մեկը՝ Գյուրջի քարվանսարան։ Այդ ժամանակ Երեւանն ուներ 12 հազար բնակչություն, որի կեսից ավելին հայեր էին։ Երեւանում կար 1730 տնտեսություն, որոնք տեղաբաշխված էին՝ 792-ը Բուն քաղաքում էին կամ Շահարում, 622-ը՝ Կոնդում, իսկ 322-ը՝ Քարահանքում կամ Դամըռ-Բուլաղում։ Երեւանն ուներ տնտեսական նպաստավոր պայմաններ, այդտեղով էր անցնում Պարսկաստան տանող տրանզիտային ուղին, որը կոչվում էր Խան-յոլի։ Այն Երեւանը դարձնում էր առեւտրական մեծ կենտրոն։ Քաղաքում կային 8 խոշոր իջեւաններ՝ քարվանսարաներ։ Նշանավորներն էին Գյուրջին եւ Զառաբի խանը։ Գյուրջի է կոչվել, որովհետեւ այդտեղ են իջեւանել Թիֆլիսի ճանապարհով եկող քարավանները։ Այդ իջեւանի շենքերը պահպանվում էին մինչեւ վերջերս։



Կ. Մ. Ավետիսյան



Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image