Մշակույթ

Աղետի մեջ

Աղետի մեջ

Սալման Ռուշդիի «Ծաղրածու Շալիմարը» վեպում մի այսպիսի միտք կա. «Շուրջս աղետ է, իսկ իմ ներսում՝ հրաշք»: Այնուհետեւ հերոսը հարցադրում է անում՝ արդյոք էթիկապես իրավունք ունի՞ բարձրաձայնելու իր հոգում առկա հրաշքը, արդյոք դա անպատասխանատվություն ու անտարբերություն չէ՞ մարդկային կյանքի ու քաղաքակրթության աղետալի դրության հանդեպ: Տարիներ ի վեր մեր երկրում եղած գրեթե բոլոր ասպարեզները եթե անգամ առաջընթացներ են գրանցել, ունեցել են հաջողություններ, միեւնույն է, գործել են ու գործում են դեռեւս անելանելի ճահճի մեջ, որից դուրս գալու ապագայի տեսլականներն օր օրի սպառվում են: Երբ շուրջդ ոչ ոք հույս չունի ապրելու ու ստեղծելու հավատ, լինելու զորություն, առաջ շարժվելու կամք ու եռանդ: Երբ ավարտվելը, երազանքներից հրաժարվելը, վերջնականապես հանձնվելը սփոփանքի միակ տարբերակն է, ուրեմն իրենց ներսում հրաշքի զգացողություն ունեցող մարդիկ եւս այս գերակա ճում ցավալիորեն մահվան են դատապարտվում: Աղետի մեջ լինելը նշանակում է ապավինել քաոսին եւ քաոսի կաղապարում տեսնել ավարտի տրամաբանություն, քանի որ քաոսը մարդակենտրոն չէ, նրա իրականության ու հորինվածքի մեջ կյանքն առհասարակ գոյություն չունի: 



Սերժ Սարգսյանը, նրա նախորդներն ու հետնորդները սա չհասկացան, չգիտակցեցին, որ մեռելի կենդանին լինում է, ինչպես կենդանի մեռել… որոնք կոչված են համալրել քաոսի բուսական ու կենդանական աշխարհի անէականությունը: Սերժ Սարգսյանն արտաբերեց «գաղջ» ածականը, որի բացատրությունն է.



1. Գոլ, մի քիչ տաք, տաքի ու սառի միջին ջերմություն ունեցող:



2. (փոխաբերական) Ոչ ջերմ եւ ոչ սառը, անտարբեր, գաղջ վերաբերմունք:



Այս արտաբերումն ամբողջովին վերարտադրությունն է մեր երկրի կյանքի ու նրա մեջ ստեղծված եղանակի, որը զերծ է ծայրահեղականությանից ու պարադոքսներից, մեծ թռիչքներից եւ իսկական անկումներից: Հիմա մենք «մի քիչ»-ի ողջամտության օրերն ենք ապրում: Ամեն ինչից մի քիչ՝ իրականությունից, աշխատանքից, գործելակերպից, պատրանքներից, գաղափարներից եւ այսպես շարունակ: «Մի քիչ տաք, մի քիչ սառը», եւ, ահա, շարժման գործընթացը պատրաստ է, անիվը գլորվում է մի քիչ արագ ու մի քիչ դանդաղ. գլորվում է ոչ մի տեղ, քանի որ մակերեսը հարթ է, հանդիպակաց քարերն ու պատնեշները (կուսակցություններ, անհատ ձեռներեցներ, հեղափոխականներ) շրջանցելու համար բավականին հարմար են, անշառ եւ նույնիսկ աներեւույթ:



Եվ, ահա, աղետի մեջ որոշակի դերակատարություններ ստանձնելը, գործողություններ ցույց տալը, ողջության թպրտոցն ինքնըստինքյան նեւրոզներ են, որոնք ապրում են գիտակցության մեջ, սակայն «մի քիչ» էլ, ասենք՝ մի քանի մետր գիտակցությունից անկախ: Հարթ մակերեսին քիչումիչ գլորվող աղետի անիվը հենց այս նեւրոզներով է սնվում:



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image