Հասարակություն

Միքայել Մանվելյան. Յերեվան

Միքայել Մանվելյան. Յերեվան

Գրականությունը նաեւ քարտեզագրություն է: Նրա բացահայտ եւ խորհրդավոր տարածությունը միահյուսված է գետերից: Մեկի հունով առաջ գնալը հասցնում է մյուսին եւ այսպես շարունակ, մինչեւ վերադարձը, մինչեւ առաջին գետի հիշողությունը: Գրականությունը նույն գետը երկու անգամ մտնելն է, քանի որ գետը նույնն է, այդ Դու ես վերափոխվածը, Դու ես Ուրիշը: Պատկանյանի «Էրեւանը», Մկրտիչ Արմենի «Յերեւանը», Զարյանի, Մահարու, Բակունցի Երեւանները գալիս են պատմելու նույն քաղաքի մասին եւ դրանով բեկում նույնադեմության պատրանքը: Երեւանը կերպարանափոխությունների քաղաք է. կերպարանափոխությունն է նրա հիշողությունը: Անցյալը քաղաքի գիտակցությունից խույս է տալիս ասես լույսի արագությամբ: Գրականության մեջ այդ անցյալից մնացած պատառիկներ հավաքելու ճանապարհին հատվածներ գտա (1938-40 թվականներին) «Խորհրդային գրականություն» հանդեսում լույս տեսած արձակագիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Միքայել Մանվելյանի «Յերեւան» անավարտ վեպից: Ստորեւ շարունակաբար կներկայացնեմ անավարտ վեպի հատվածները:



Արամ Պաչյան



 



Հին Յերեվանը



Խորհրդավոր լռության մեջ, լուսավորված լույսով, նիրհում է այգիների մեջ կորած գորշ քաղաքը:



Փողոցներում, տեղ-տեղ ծռված սյուների վրա, աղոտ պլպլում են նավթի լապտերները:
Լուռ է:



Մերթընդմերթ լսվում է աքաղաղի կանչը, երբեմն այգիների կողմից՝ հրացանի խուլ թնդյուն, այս ու այն կողմից շների թախծոտ ոռնոց, եւ էլի իսկույն գորշ քաղաքն ընկղմվում է անդորր լռության մեջ:



Միայն փողոցով անցնող առուներն են, որ գիշեր-ցերեկ խոխոջելով հոսում են, կարծես օրոր ասելով քնած քաղաքին:



Դեռ լույսը չբացված՝ մի թեթեւ զեփյուռ սուրալով ցած է իջնում լեռներից, իրար տալով խոտ ու ծառ, անցնում է քաղաքի վրայով եւ գնում թաքնվելու կիրճերում ու ձորերում, վախենալով ցերեկվա տոթից: Խոտ ու տերեւ կրկին անշարժանում են:



Դեպի շուկայի հրապարակ են շտապում սայլերի շարքերը, ծանրաբեռնված սեխ ու ձմերուկով, սոխ ու կաղամբով: Խաղող, տանձ, սերկեւիլ, դեղնաշլոր, պահունի տանձ: Բեռնված էշեր ու ձիեր, փոշու ամպ բարձրացնելով, տերերի հարկադրանքով արագ դեպի հրապարակն են շտապում:



- Օհո՜,- լսվում է սայլապանի ձայնը, եւ սայլը ճռնչալով տեղ է հասնում ու կանգնում Ղանթարի կշեռքի աջ ու ձախ կողմերում: Եզները հոգնած փնչում են, թափ տալիս գլուխ ու պոչ: Էշերը՝ ծանր բեռից ազատված, երկար ականջները թափահարելով՝ ուրախ զռռում են:



Մութն ու լույսը կռվում են, եւ անխուսափելիորեն պարտվող մութը կամաց-կամաց տեղի է տալիս՝ մերկացնելով հրապարակում մթնշաղի մեջ երեւացող բանջարեղենների եւ մրգերի կույտերն ու կողովները: Նոր տեղ հասած եւ ուշացած էշերի, գարու, ալյուրի եւ այլ մթերքների պարկերի երկու կողմից քարշ տված հավերն ու աքաղաղներն աշխատում են բարձր պահել գլուխները, կարծես դիտելու, թե ինչ է կատարվում իրենց շուրջ: Բայց այդ անսովոր դրությունից շշմած եւ մոռացված վաղորդյան ծուղրուղուն լուռ, ապշած նայում է մի կետի:



Ավելի հաճախ սկսեց լսվել աքաղաղների կանչը: Արեւելքը գունատվում է: Մի ագռավ իջավ ընկուզենու ճյուղի վրա, ճոճվեց ու կռռաց: Քիչ անց, ծառից ծառ, ճյուղից ճյուղ երկար պոչը թափահարելով՝ դուրս թռավ կաչաղակը եւ կչկչաց՝ ողջունելով արեւածագը: Լսվեց մանգղաթեւի սուր ճիչը: Արեւելքը շառագունեց երկունքի ցավից, հավերը կչկչալով ցած թռան թառերից, կովերը որոճալով՝ ծանր ու ծույլ բարձրացան տեղերից, էշ, այծ, ոչխար, ձի անհանգստացած իրար անցան ու ձայն-ձայնի տվին:



Արեւի շողքը դիպավ Մասիսի գագաթին եւ այնտեղից դանդաղ ու հաստատ սահելով, հավերժական սառույցների եւ ձյուների վրայով սկսեց ցած սահել:



Կտուրների վրա կյանքը զարթնել է, միայն փոքրերը՝ շոգից վերմակները մի կողմ նետած, կիսամերկ եւ անփույթ փռվել են անկողիններում:



Ամեն կողմից լսվում է բացվող դռների ճռինչ. անասուններն իրար հրմշտելով՝ դուրս են թափվում դռներից դեպի արոտատեղին:



Արեւն աստիճանաբար բարձրանալով՝ ջերմաստիճանն էլ հետը բարձրացնում է, իսկ միջօրեի մոտ՝ օդը, ինչպես շիկացած հնոցից ելնող ալավ, բոցկլտում է:
Քաղաքը, որ մի մեծ գյուղի է նման, անցել է իր առօրյային:



«Խորհրդային գրականություն», 1938թ. /6-7/



 



Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image