Քաղաքականություն

Հայաստանի երրորդ հանրապետության առողջապահության նախարարները

Հայաստանի երրորդ հանրապետության առողջապահության նախարարները

Հայաստանի առողջապահության նախարարների մասին, երբ զրուցում էի ոլորտին քաջատեղյակ մասնագետներից մեկի հետ, վերջինս հետաքրքիր դիտարկում արեց՝ ասելով, որ այսօր ոչ միայն Առողջապահության, այլեւ՝ այլ ոլորտների նախարարների մասին գնահատականները խիստ սուբյեկտիվ կլինեն, քանի որ ոլորտի իրական կառավարիչները ոչ թե նրանք են, այլ՝ բոլորովին այլ դերակատարներ։ Իմ զրուցակցի դիտարկմամբ՝ երբ 2003թ. Հայաստանում ձեւավորվեց կոալիցիոն կառավարություն, այնտեղ պորտֆելները սկսեցին բաժանել տարբեր կուսակցությունների միջեւ՝ նրանց գոհացնելու նպատակով, ինչն էլ ստվերային կառավարման հիմքը դրեց։ Իսկ 2008 թվականից սկսած, ըստ իմ զրուցակցի, այդ ստվերային կառավարումը բյուրեղացավ եւ նախարարներին զրկեց ինքնուրույնությունից։



/



1990-91թ.թ. պաշտոնավարած ՀՀ առողջապահության առաջին նախարարը Միհրան Նազարեթյանն էր, որը Երեւանի Արյունաբանության եւ արյան փոխներարկման ԳՀԻ-ում ստեղծել է Հայաստանում առաջին հեմոֆիլիայի կենտրոնը։ Նա պաշտոնաթողությունից հետո աշխատել է որպես Միջազգային Կարմիր խաչի Երեւանի վերականգնողական կենտրոնի գլխավոր բժիշկ, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական կազմակերպության բժիշկ։ Միհրան Նազարեթյանի անունը մեկ էլ հանդիպում ենք 2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան առթիվ քննվող գործի շրջանակներում։ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գործով փորձաքննություն նշանակելու մասին որոշումը ուղարկել էր Առողջապահության նախարարություն, նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում է ընդգրկված եղել նաեւ նախկին նախարարը։ Սակայն Միհրան Նազարեթյանը չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ չկատարելով ո՛չ դատարանի պահանջները, ո՛չ էլ Առողջապահության նախարարի հրամանը։



/



1991-97թ.թ. Առողջապահության նախարար Արա Բաբլոյանը 1990թ. հիմնադրել է մասնագիտացված ուռեներոլոգիայի եւ մանկական վիրաբուժության կենտրոնը, 2003թ. հիմնել է «Արաբկիր» բժշկական համալիրը։ Արա Բաբոլյանն ավելի ուշ ակտիվորեն ներգրավվել է քաղաքականության մեջ. 2007թ. նա ԱԺ պատգամավոր է ընտրվել իշխող ՀՀԿ-ից, դարձել ԱԺ առողջապահության, սոցիալական եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2012 թվականից՝ կրկին ԱԺ պատգամավոր է ընտրվել նույն ՀՀԿ-ից եւ վերընտրվել այս անգամ էլ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Երբ Արա Բաբլոյանի ղեկավարած հանձնաժողովի նախաձեռնությամբ լսումներ են եղել ԱԺ-ում «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով, նա հիշեցրել է, որ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ եւ հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ կենդանության օրոք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, տվյալ անձը հրաժարվել է հանդես գալ որպես օրգանների եւ հյուսվածքների դոնոր։



2015թ. ապրիլի 30-ին «Արաբկիր» ԲԿ կենտրոնի սեփականատեր Արա Բաբլոյանը հայց է ներկայացրել «Հրապարակ« թերթի դեմ, որով պահանջել է հերքում եւ ներողություն «Արաբկիր» կենտրոնը հեպատիտ C-ի համար ավելի «բարենպաստ» օջախ» հոդվածի համար եւ 2 մլն դրամ բարոյական վնասի փոխհատուցում։ Խնդիրն այն է, որ Բելգիայում հայտնված հայերից ոմանք մեր թերթին տեղեկացրել էին, որ Արա Բաբլոյանի կենտրոնում որեւէ անգամ հակավիրուսային հետազոտություն եւ պատվաստում չեն արել, ինչի պատճառով էլ հիվանդները վարակվել են հեպատիտ C-ով։ Արա Բաբլոյանն էլ իր հերթին է գրություն ուղարկել Բելգիա, որ Հայաստանում հիվանդների բուժման համար բոլոր պայմանները ստեղծված են, ուստի առողջական խնդիրներով Բելգիա գնացած հայերին դեպորտ են արել Հայաստան։ Հայտնի է նաեւ, որ Արա Բաբլոյանին է պատկանում «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերությունը։ Եվ նա, օգտվելով քաղծառայողների պարտադիր առողջապահական ապահովագրական օրենքից, մարզպետարաններին ստիպում է առողջապահական ապահովագրության պայմանագրեր կնքել իր հետ։ 



/



1997-98թ.թ. ՀՀ առողջապահության նախարար, մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանը, ըստ ԶԼՄ-ների այն ժամանակվա հրապարակումների, դեռ նախարար եղած ժամանակ է հոգացել իր ապագայի մասին։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նա նախարար էր նշանակվել Հայ ընդհանուր բարեգործական միության նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանի հովանավորությամբ։ Իսկ ահա, 1997թ. վերջին, առնելով մոտալուտ պաշտոնանկության հոտը, նա իր տեղակալի հրամանով իրեն նշանակել էր Պրոկտոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, եւ այդ ինստիտուտ էր տեղափոխել նաեւ Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության կենտրոնը, որը ղեկավարում էր անձամբ՝ խախտելով Սահմանադրությունը։
2012 թվականից առ այսօր Գագիկ Ստամբոլցյանը «Ավանգարդ» բժշկական կենտրոնի կլինիկայի ղեկավարն է։



1998-2000թ.թ. Առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը պաշտոնաթողությունից հետո կարիերայի առաջընթաց է ունեցել։ Նա 2000-2007թ.թ. զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակում (նստավայրը՝ Կոպենհագեն, Դանիա), որոնցից վերջինը եղել է ոչ տարափոխիկ հիվանդությունների եւ կենսաձեւի բաժնի ղեկավարի պաշտոնը։ 2007թվականից նա ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի մշտական քարտուղարության ղեկավարն է (նստավայրը՝ Ժնեւ, Շվեյցարիա)։ Ոլորտին տեղեկացված մասնագետների կարծիքով՝ Հայկ Նիկողոսյանը լավ կազմակերպիչ է եւ ծխախոտի դեմ պայքարի մի շարք ծրագրեր է իրականացրել Հայաստանում։ Հայկ Նիկողոսյանն, ի դեպ, եղել է նաեւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության տուժողների մեջ, քանի որ այդ օրը, ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, գտնվել էր ԱԺ դահլիճում։



/



Արարատ Մկրտչյանը 2000թ. եղել է ՀՀ առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարար, իսկ 2000-2003 թ.թ.՝ ՀՀ առողջապահության նախարար։ Այնուհետեւ նա մինչեւ 2007թ. եղել է ԱԺ պատգամավոր։ 2007թվականից հետո Արարատ Մկրտչյանը ոչ մի տեղ չի աշխատում։ Նա կարճ ժամանակով միայն աշխատեց «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ներկայացրած առողջապահության ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրի վրա։ Իր մեկուսացումը քաղաքական-հասարակական կյանքից Արարատ Մկրտչյանը պատճառաբանում է իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով, որոնց պատճառով նույնիսկ մանկավարժի աշխատանք իրեն չեն առաջարկել։



/



2003-2007թ.թ. ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը այդ պաշտոնին էր նշանակվել կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում, որպես ՀՅԴ անդամ։ Պաշտոնաթողությունից հետո նա ղեկավարում է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն։



/



2007-2012թթ. ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը 1995թ. եղել է ԱԺ պատգամավոր, 2007-2014թ.թ.՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, 2009թ. Երեւանի ավագանու ընտություններում գլխավորել է ԲՀԿ համամասնական ցուցակը։ 2014թ. նա նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար, իսկ այս տարվա մարտի 26-ին ազատվել է այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն։ Այն ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, որ Հարություն Քուշկյանին ՀՀ իշխանությունները կրկին ուզում են նշանակել ՀՀ առողջապահության նախարար։ Ռուսական եւ հայկական ԶԼՄ-ներում ժամանակին եղան հրապարակումներ այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմասեր ունի «Էրեբունի» եւ «Նաիրի» ԲԿ-ներում, եւ այդ սեփականության խնդիրը լուծվել է Հարություն Քուշկյանի միջոցով։ Խնդիրն այն է, որ այն ժամանակ, 2010թ., Հարություն Քուշկյանը դեռեւս Առողջապահության նախարար էր, եւ այդ ամենն իր մեջ կոռուպցիոն ռիսկ էր պարունակում։ Անցյալ տարի, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ կառավարությունը ամենաշատ պետպատվերը հատկացրել էր Քուշկյանի հիվանդանոցներին. 157,1 մլն դրամի հիվանդանոցային ծառայություններ գնել էր նրան պատկանող «Էրեբունի» հիվանդանոցից, իսկ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել էր 20 մլն դրամի պատվեր։ Տարիներ առաջ մամուլը մի զավեշտալի պատմություն էր հրապարակել։ Կոռուպցիայի դեմ «անխոնջ» պայքարի շրջանակներում Հարություն Քուշկյանը իրեն պատկանող «Էրեբունի» բժշկական կենտրոնում կարել է տվել բոլոր վերելակավարների խալաթների գրպանները, որպեսզի վերելակից օգտվողները նրանց գրպանները դրամ չգցեն։



/



2012-2014թ.թ. Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պաշտոնաթողությունից հետո աշխատում է Առողջապահության ազգային ինստիտուտում, որտեղ աշխատել էր մինչեւ նախարար նշանակվելը։ Նրա մասին մամուլում եղել են հրապարակումներ, թե ինչպես է հովանավորել իր որդիներին՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը։ Մասնավորապես՝ Դերենիկ Դումանյանն, ըստ ԶԼՄ-ների, նախարար աշխատած ժամանակաշրջանում 63 մլն դրամ արժեցող պայմանագիր է կնքել իր որդուն՝ Հրանտ Դումանյանին, պատկանող «Բիանկոդենտ» ՍՊԸ-ի հետ։ Իսկ մյուս որդին՝ Գուրգեն Դումանյանը, նրա պաշտոնավարման շրջանում նշանակվել էր ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Դումանյանը հրաժարական էր տվել նախարարի պաշտոնից, քանի որ նրան ասել էին, որ ընտանիքից երկու հոգի չեն կարող զբաղեցնել նման բարձր պաշտոն, եւ ահա հայրը ճանապարհը զիջել էր որդուն` Գուրգեն Դումանյանին, ով այդ ժամանակ նշանակվեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ։ 



/



Ինչ վերաբերում է Առողջապահության ներկայիս նախարար Արմեն Մուրադյանին, ապա նա համարվում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգը, 2012-14թ.թ. նա, մինչեւ նախարար նշանակվելը, եղել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը։ Արմեն Մուրադյանը իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է անակնկալ մատուցել հանրությանը՝ ցույց տալով, որ ինքը, ընդօրինակելով եվրոպացի իր գործընկերներին, երթեւեկում է հասարակական տրանսպորտով։ Ոմանք հիացան նախարարի այդ քայլով, ոմանք էլ դա դիտեցին որպես PR ակցիա՝ հիշեցնելով, որ Առողջապահության նախարարը նման ակցիաներ անելու փոխարեն ավելի լավ է զբաղվի իր ոլորտի խնդիրները կարգավորելով, որպեսզի օր ու մեջ հղիների եւ ծննդկաների մահվան լուրեր չլսենք։ Ըստ ԶԼՄ-ների՝ Արմեն Մուրադյանի կինը «Առաքելություն Արեւելք» մարդասիրական օգնության կազմակերպման հայաստանյան մասնաճյուղի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում աջակցության ծրագրի ղեկավարն է, որը համարվում է այդ ոլորտի ամենացանկալի պաշտոններից մեկը։



Թագուհի Հակոբյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image