Երեւան քաղաքի ճարտարապետության, քաղաքաշինության առկա, հույժ կարեւոր հիմնախնդիրները, քաղաքի այլանդակված համայնապատկերը, կանաչապատումը, հանրային տարածքների վիճակը, դրանց շահարկման, օտարման, վերականգնման հարցը, ծառերի հատման խայտառակ պատմությունը եւ բազում այլ հարցեր հիմք են տալիս եզրակացնելու, ապա փաստելու եւ ընդգծելու, որ Երեւանի ավագանու ընտրությունները ոչ միայն քաղաքի, այլեւ ողջ հանրապետության կենսունակությունը վերջնականապես չփլուզելու համար ռազմավարական նշանակություն ունեն:
Այս ընտրությունները, թերեւս, կարող են որոշել քաղաքի եւ քաղաքային կյանքի ոչ հեռավոր ապագայի վերջնական ճակատագիրը: Կամ այս հին, փտած, նաեւ մշտնջենական ղեկավարության ներքո մեր քաղաքի նավը՝ իր բնակիչներով հանդերձ, անվերադարձ կիջնի ծովի հատակը, կամ էլ՝ կախված ընտրությունների որակից եւ ընտրողների մասնակցությունից, կունենա նոր, համակարգված, քաղաքի հոգսերով մտահոգ, լրջագույն ծրագրեր իրականացնող մարմիններ, ովքեր պատասխանատու կլինեն յուրաքանչյուր քարի, ծառի, տանիքի, փողոցի ու բակի վիճակի, դրանց անցյալի, ներկայի ու ապագայի համար:
Անզեն աչքով էլ տեսանելի են այս պահի դրությամբ Երեւան քաղաքի առջեւ ծագած հարյուրավոր խնդիրներ՝ շինարարական, տնտեսական, առօրեական, որոնք սպասում են անհապաղ, օրակարգային լուծումների:
Տարիների ընթացքում, տոնակատարությունների առիթով կամ ուղղակի, որոշակի կոսմետիկ ծաղկապատումներով փողոցները, մայթեզրերը շատ ժամանակ անճաշակ ու տձեւ շպարով չես կարող ծեփել, քաղաքում տիրող առկա քաոսային, անհետեւողական մթնոլորտը՝ երթեւեկության, առհասարակ՝ քաղաքային տրանսպորտի նույն բարձիթողի, տասնյակ անհարմարություններ ի հայտ բերող զզվելի վիճակը: Ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր նախընտրում են քայլել՝ քայլելով կտրել կիլոմետրեր եւ հասնել աշխատավայր, քան օգտվել քաղաքային փնթի, անկարգապահ ու ոչ բարեկիրթ վարորդներով կալանված տրանսպորտային միջոցից:
Երեւանի ավագանու ընտրությունները կարող են փորձաքար լինել այն քաղաքաբնակների համար, ովքեր մտահոգ են այն տեղի, բնակավայրի ու շրջակայքի համար, ուր ապրում են եւ ապրելու են թե իրենք, թե իրենց երեխաները, նաեւ ապագա սերունդները: Վերջապես՝ քաղաքը հենց ինքը սպասում է այն ձեռքին, այն ուժին, որն ունակ կլինի արձակել ձեռքերի շղթաները, ունակ կլինի վերականգնել քաղաքի ուրույն դիմագիծը՝ տեղում, մարդկանց համար կազմակերպելով որակյալ եւ մարդկային ճկուն, մատչելի կենցաղավարություն:
Այն քաղաքական ուժերը, ովքեր հրաժարվում են մասնակցել Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին՝ տրտնջալով ու պարզաբանելով, թե այս պահին ի զորու չեն այդ ընտրությունների համար ուժեր կոնսոլիդացնել, ապա համապատասխան ու պատշաճ ծրագրով ներկայանալ, հենց սկզբից մատնում են իրենց վերաբերմունքը դեպի քաղաքը: Եվ ցավալիորեն դա նշանակում է, որ ի սկզբանե Երեւանը՝ իր բոլոր խնդիրներով հանդերձ, առհասարակ, այդ ուժերի մտահորիզոնում չի էլ եղել եւ չի էլ դիտարկվել որպես իր ներսում առանձնահատկություններ կրող անչափ կարեւոր մի օղակ, որից կախված է Երեւանում ապրող մարդկանց կյանքի որակը:
Արամ ՊԱՉՅԱՆ