Հասարակություն

Երեւանի վերականգնումը

Երեւանի վերականգնումը

Այս պահի դրությամբ քաղաքի խնդիրներն այնքան շատ են ու բազմապլան, որ էջեր, նաեւ տեղեկագրքեր կպահանջվեն, որպեսզի դրանք թվարկենք՝ բոլորն անխտիր: Երեւանը վերալինելու, վերականգնվելու կարիք ունի, այն բոլոր հիմնախնդիրները, որոնք քաղաքի գլխին պարզապես պատուհաս են դարձել, անհապաղ պիտի լուծումներ գտնեն, քանի դեռ ուշ չէ:



Քաղաքային տրանսպորտի (որ հենց առաջինն է պարզում, թե ինչպիսի դիմագիծ ու բնույթ ունի քաղաքը) քաոտիկ, գրեթե անկառավարելի վիճակը, երթուղային տաքսիների հնությունն ու անսարքությունը (ինչի արդյունքում միշտ վթարներ են լինում, մարդկային կյանքեր զոհվում), կիսաքանդ ճանապարհները (քաղաքի ծայրամասերում փողոցներ կան, որոնք առհասարակ բանուկ չեն), կարմիր գծերի պատուհասը, մայրուղիներում, լայնարձակ փողոցներում կիսաջնջված հոծ գծերը, որոնք փաստացի անհարկի տուգանքների պատճառ են դառնում... Սրանք համահավաք, լրջագույն, օրակարգային հարցեր են, որոնք պատասխանների ու ելքերի են սպասում:



Երկարուձիգ տարիներ կանաչ տարածքների, պուրակների եւ հանրային գոտիների վերացումը, համատարած ծառահատումները, Հրազդան գետի, քաղաքի միջով անցնող Գետառի (որն առհասարակ կալանվեց), փոքր լճերի, ջրամբարների աղտոտումն ամբողջովին քայքայեցին քաղաքի էկոլոգիան: Ապագա սերունդներին փոխանցվող Երեւանը թերեւս բոլոր շանսերն ունի՝ դառնալու ամենագռեհիկ, աղտոտված մթնոլորտով եւ էկոհամակարգով, փնթի, ճարտարապետական ուրույն տեսքից, բնավորությունից ու մարմնից զրկված մի գոյացություն, ուր ապրելը ոչ միայն տհաճ է, այլեւ առողջության եւ ինքնազգացողության համար վտանգավոր:



Մայրաքաղաքը կարիք ունի ազատագրվելու նախ ինքն իրենից, կարիք ունի ընդարձակելու իր հնարավորությունները՝ չխանգարելով օգնելու Հայաստանի մյուս քաղաքներին, որոնք ուղղակի մոռացության ու անտերության են մատնված:



Դանդաղորեն, սակայն հաստատապես քաղաք-պետության վերածվող Երեւանը վերջին տասնամյակներում որեւիցե էական զարգացում չի ապրել, որը կվերաբերի, օրինակ, ոչ միայն քաղաքի կենտրոնին (վերստին քաղաք ասելով՝ մենք միմիայն քաղաքի կենտրոնն ի նկատի ունենք), այլեւ համայնքներին, ծայրամասերին, արվարձաններին: Անգամ Երեւանի կենտրոնում կան կիպ կպած փողոցներ, որոնցից մեկում փոքր-ինչ եվրոպական շունչ է զգացվում, մյուսը պարուրված է խուլ, միջնադարյան արեւելքով:



Տրամաբանությունից, ընդգծված նպատակադրություններից ու մտքից զուրկ քաղաքաշինական զարգացումները մի նոր, բոլորովին այլ քաղաք են կարկատում, որի վերջնարդյունքն արդեն իսկ ակներեւ է: Երեւանցին, ապրելով իր հարազատ քաղաքում, վտարված է քաղաքից, սա ներքին արտաբնակեցում է... երբ միջին սերնդի մարդիկ ապրում են ոչ թե այս քաղաքում (որին արդեն քիչ են սիրում), այլ իրենց անցյալի, իրենց հիշողության մեջ դրոշմված Երեւանում, իսկ երիտասարդներից ոմանք քաղաքում անհուսորեն քաղաք են փնտրում, այդպես էլ չգտնելով այն վայրը, ուր ազատության եւ անմիջականության եղանակ կլիներ:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image