Մշակույթ

Քաղաքագրություն. Վ. Փափազյան՝ «Դեպի Երեւան»

Քաղաքագրություն. Վ. Փափազյան՝ «Դեպի Երեւան»

Եվ մեկնեցինք դեպի Երեւան:



Մի շարք ողորմելի կայարաններից հետո, որոնք կրում էին պատմական անուններ, ինչպես Անի, Էջմիածին եւ այլն, հասանք Երեւան: Սարսափելի էր ճանապարհը կայարանից մինչեւ քաղաք: Ջրհեղեղի ժամանակից մնացած, մինչեւ կեսը ցեխերի մեջ թաղված այլանդակ կառքեր, ահռելի գոռուն-գոչուններով, իրենց կիսամեռ ձիերին խրախուսող կառապաններով՝ մի կերպ մեզ բոլորիս բերին քաղաքի կենտրոնը: Հյուրանոցը, ուր իջեւանեցինք, ծաղր էր իր հորջորջումին, այս կիսաքանդ, կեղտի մեջ կորած ավերակում ձիերին էլ չէր կարելի հյուրընկալել: Ես Լաքքայի հետ անմիջական դուրս եկա փողոց՝ քաղաքը տեսնելու, եւ իսկույն ընկա խուռն բազմությամբ լցված մի ինչ-որ բացօթյա վայր, ուր ահռելի աղմուկով ցեխի մեջ պառկած գոմեշների կողքին հինայած մորուքով թյուրքեր էին նստած հենց հատակին եւ ճանճերի փոշու եւ կեղտի մեջ միս էին վաճառում, մի քիչ այն կողմ կարտուզավոր, թավընչանցք մարդիկ, հնամաշ արխալուղների մեջ, չոր միրգ, ալյուր, պանիր էին ծախում. հնամաշ չարսաֆների մեջ փաթաթված թրքուհիներ, անխնամ հագնված կիսամերկ երեխաներ՝ ցեխերի մեջ, բոկոտն մինչեւ սրունքները, ողորմություն էին մուրում: Մի էշ, որը ժամանակին իր ցեղի հպարտությունն էր գուցե, բայց հիմա բորոտ ու պառաված, ծանր պարկերի տակ կքած, մարդկանց աղմուկին անտարբեր, հոգնած ու լքված՝ զռում էր: Ճարպոտած փակեղով մի տերտեր, բոբիկ ոտները հնամաշ կոշիկների մեջ, հողի վրա շարված լավաշներից էր գնում: Սարսափած հարցրի, թե այդ ինչ վայր էր. ասացին, թե այդտեղը ղանթար էր կոչվում, միեւնույն ժամանակ Դավա-յաթաղի, այսինքն՝ ուղտերի անկողին, որտեղ, սակայն, ուղտեր չէին երեւում: Իսկ երբ ուզեցի իմանալ, թե որտեղ էր գլխավոր փողոցը, ասացին. «ա՛յ, հրես դեմդ է, Աստաֆյանով բարձրացիր՝ կհասնես քաղաքի կենտրոնը»: Օ՛, այդ կենտրոնը… մի քանի հյուծախտավոր ծառերի մեջ կորած, մի խղճուկ ու բազմագմբեթ ռուսական եկեղեցու մոտից անցնելուց հետո տեսա ես այդ կենտրոնը: Թաշկինակի տարածությամբ մի փոքրիկ կեղտոտ գետին, միշտ նույն լպրծուն ցեխով օծված, որտեղ կար մի անդրջրհեղեղյան վարսավիրանոց, մի գետնափոր բաղնիքի կողքին, անկյունն էլ մի ժամացույց՝ ինչ-որ շենքի կտուրին, իսկ չորս կողմը, փոքրիկ կրպակների առջեւ, նույն հինայած մորուքով թյուրքերը ծալապատիկ նստած միրգ էին ծախում: Թատրոնը գտնվում էր մի փոքր հեռու, որը քաղաքի ժողովարանն էր ավելի շուտ, քան թատրոնը, ուր պետք է տայինք մեր ներկայացումները: Նրա ուղիղ դեմուդեմը՝ քաղաքի արդեն միակ թատրոնական շենքը, որ ինչ-որ մի Ջանփոլադյանի էր պատկանում: Քիչ թե շատ տանելի արտաքինով բնակարանները շարված էին Աստաֆյան փողոցի երկու կողմերում, որոնց արանքում երեւում էին մի հարկանի ողորմելի տնակներ, նեղ, ցածլիկ դռներով եւ տափարակ կտուրով: Քոսոտած շներն անտարբեր պառկած էին սալահատակներին, փոսերում, հենց անցորդների ոտների տակ, իսկ աջ ու ձախ բացվող նեղ փողոցները կոչվում էին քուչա, որտեղ տներ չէին երեւում, այլ անխնամ քարերով շարված եւ փակ դռներով պատեր, որոնք եզերում էին այդ խղճուկ փողոցները: Միակ մխիթարանքը Աստաֆյանի եւ մի քանի այլ փողոցների երկու կողմերով անընդհատ հոսող առուներն էին, որոնց ջրերի վրա, սակայն, երեւում էին ձմերուկի կճեպներ, փչացած ու անպետքացած բանջարեղենի մնացորդներ, մաշված ու անկրունկ հողաթափեր, եւ այդ միակ հանգստացուցիչ երեւույթը այդ թշվառ քաղաքում դարձրել էին աղբի հոսող առվակներ: Կար, սակայն, մի քանի խանութ, որոնք քիչ թե շատ նման էին խանութի, մի նահապետական լուսանկարչատուն, մի կաֆե՝ «Սիմպատիա» անունով, ուր ոչինչ չկար սիպատիկ: Իսկ անխնամ հագնված ու ցանցառ անցորդների մեջ մեկ-մեկ երեւում էին առույգ պատանիներ, սեւաչյա, միջահասակ ու մարմնեղ աղջնակներ՝ գիմնազիայի համազգեստով, որոնք, անկասկած, հայ երեխաներ էին, դատելով նրանց արտաքինից, բայց հայերեն չէին խոսում: Մինչեւ հոնքերն ընկնող սեւ փափախներով, սպառնալից ընչացքով եւ կիսազինվորական տարազով չարագուշակ մարդիկ էին երեւում ամբոխի մեջ, գնդացրի մեծությամբ սպառնալից մաուզերը կողքներին: Այս ու այն կողմ ցրված մի քանի եկեղեցի՝ անճաշակ ու խլխլած գմբեթներով, եւ մի քանի մեջիթ լրացնում էին քաղաքի ցավալի պատկերը՝ շրջանակված լերկ, անկանաչ, ժայռոտ բլուրներով, եւ որը շոյել, մեծացրել էի իմ երեւակայության մեջ:
Այսպես էր Երեւանը, որի կյանքին ծանոթացա երեկոյան ներկայացումից հետո, թատրոնի ֆոյեում: Անճաշակ եւ կարծես փոխ առնված սյուրտուկների մեջ պարփակված մարդիկ, անփողկապ ու չօսլայված օձիքներով՝ բակարա էին խաղում ֆոյեին կից մի փոքրիկ խղճուկ սենյակում։ Խղճուկ էր ու ամայի եւ փոքրիկ բուֆետը: Ես ու Լաքքան ներկայացումից հետո նստեցինք մի-մի բաժին խաշած, թե տապակած, չեմ հիշում, իշխանի առաջ, երկուսս էլ տխուր, անսահմանորեն հիասթափված մեր ակնկալածի դիմաց, մտամոլոր ու շվարած: Իսկ Վրույրի ասած հայը, ես տեսա Երեւանում, այո, բայց ոչ թատրոնում, այդ ժամանակվա երեւանցին, որպես հանդիսատես, շատ հեռու էր դեռեւս արվեստը գնահատելուց, եւ թատրոնը նրա համար հարկադիր մի պարտականություն էր, եթե ոչ աննշան ժամանց: Սակայն հայ մարդը, հայ ընտանիքը՝ իր բնորոշ պատկերով, հայ լեզուն՝ առանց աղավաղումի, իր մաքուր հնչեղությամբ, այլեւ բառերի հարստությամբ, հայ բարքն ու վարքը, կենցաղն ու սովորույթը, իմ ազգի կորիզը, մի խոսքով, ես տեսա հայ ընտանիքներում, նրանց սեղանի շուրջը, լայն ու անսեթեւեթ, բարի ու հյուրասեր մթնոլորտում եւ ուրախացա իմ հոգու խորքում:



Վահրամ Փափազյան, «Հետադարձ հայացք»



Պատրաստեց Արամ
ՊԱՉՅԱՆԸ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image