Մենք քանիցս անդրադարձել ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Արցախի խորհրդարանի կատարած փոփոխությանը, համաձայն որի՝ այն արցախցիները, ովքեր ուզում են այսօր ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան վերցնել: Հատկապես որ ոմանք չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ շարունակել կուտակել կենսաթոշակային ֆոնդերում, որ «արժանապատիվ ծերություն» ունենան: Գրել էինք, որ պատկան կառույցը՝ ԿԲ-ն, որը պետք է կազմակերպեր այդ գործընթացը, ձեռքերը լվացել է։ Մեր հարցին էլ պատասխանել էին, թե խնդիրն իրենց իրավասության տիրույթում չէ։
Տեղեկացանք, որ Արցախի քաղաքական վերնախավը դիմել է ԿԲ-ին` առաջարկելով կարգ մշակել, որով կվերադարձնեն արցախցիների գումարները՝ 2019-23 թթ․ կուտակած։ ԿԲ-ն պատասխանել է, որ կառավարության հետ պետք է համաձայնեցնի հարցը, եւ դիմել է արցախցիների հարցերով զբաղվող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին:
Օրեր անց ստացել են պատասխան, որ այդ հարցով շրջաբերական է ուղարկվել կառավարության բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, եւ մեծամասնությունը կողմ չէ այդ գործընթացին։ Մենք օրերս խնդրի վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմին, որը հասցեագրվել է ֆինանսների նախարարությանը։ Այսօր ստացել ենք պատասխանը, որով հայտնում են․
«Ձեր կողմից ՀՀ վարչապետին հասցեագրված և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 07.03.2024թ. թիվ 02/13.6/8752-2024 գրությամբ ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք հետևյալը. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացում է։ Նույն օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը: Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը չի հանդիսանում հարցմամբ հայցվող տեղեկատվության տնօրինող, իսկ Լեռնային Ղարաբաղի կուտակային կենսաթոշակային հաշիվների կառավարման հարցերը դուրս են ՀՀ կառավարության իրավասությունների շրջանակից»:
Փաստորեն, ժամանակին «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռացող Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելուց հետո չի էլ ուզում արցախցիների սոցիալական խնդիրներով զբաղվել։