Իրաքի նախագահական գրասենյակը կիրակի հայտարարություն է տարածել Փեշմերգայի ուժերի վրա PKK-ի ահաբեկիչների վերջին հարձակման, ինչպես նաև իրաքյան հողում թուրքական զորքերի առկայության մասին:
Գրել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։
Շաբաթ օրն իրաքյան տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ «Քրդական աշխատավորական կուսակցության [PKK] ահաբեկիչները հարձակվել են Փեշմերգայի ուժերի [Իրաքյան Քուրդիստանի զինված ուժեր] խմբի վրա Իրաքի հյուսիսային Դոհուկ նահանգում՝ սպանելով հինգ փեշմերգայականի»:
Ի պատասխան Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Իրաքի Քուրդիստանի շրջանում զարգացումների կապակցությամբ և դատապարտելով PKK-ի հարձակումները:
Իրաքի նախագահությունը հայտարարության մեջ նշել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության ներկայությունն «իրաքյան հողում անօրինական է»։ Շեշտել է, որ «իրաքյան հողը չպետք է օգտագործվի Իրաքի հարևանների վրա հարձակվելու համար»։
Հայտարարությունում նաև շեշտվում է «Իրաքի ինքնիշխանության խախտումները կանխելու և Իրաքյան Քուրդիստանում ու Մոսուլի շրջանում տեղակայված թուրքական զորքերի դուրսբերման կարևորությունը», միևնույն ժամանակ նշելով, որ Իրաքի հողում Թուրքիայի ներկայությունը «բարիդրացիության սկզբունքի խախտում է» և «հակասության մեջ է միջազգային արձանագրությունների և պայմանագրերի հետ»:
«Հայտարարությունը գալիս է Իրաքի և ՔՇԿ-ի գյուղատնտեսության նախարարների համատեղ հայտարարությունից մի քանի օր անց՝ դատապարտելու թուրքական զորքերի օգնությամբ թուրքական ընկերությունների գործողությունները հյուսիսային Դուհոկ նահանգի անտառների ծառերի հատման հարցում», - գրել է իրանական լրատվամիջոցը: