Վերլուծություն

Ով, ով, բայց դու խոսելու տեղ չունես

Ով, ով, բայց դու խոսելու տեղ չունես

Հաշվի առնելով ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյան Արարատի (կենցաղում՝ Արո) ակտիվությունը՝ որոշեցի հերթական անգամ անդրադառնալ այդ անձին:

Ակտիվության առաջին պահը նրա մասնակցությունն էր ԱԺ ընտրության կապակցությամբ հանրայինի եթերում կազմակերպված քննարկմանը: Որտեղ նախարար մարդը, փոխանակ բովանդակային հարց ուղղեր ընդդիմության հիմնական ուժի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին, օգտվելով իշխանական լծակներից՝ պեղել էր նրա անցյալը:

Եվ իմացել, որ վերջինս 2017-ին եղել է Հանրապետական կուսակցության անդամ: Ու հարց էր տալիս, թե ինչպես է պատահել, որ ինքը նման փոխակերպումներ է ապրել: Թե ինչու է իմ կողմից հարգված փաստաբանը թաքցրել այդ փաստը՝ չեմ հասկանում: Հատկապես որ այդ ժամանակ ինքը վարչապետի օգնականն էր: Եվ բնական երևույթ էր այդ պաշտոնը գրաված անձի անդամագրվելը Հանրապետականին:

Ինչևէ, ոչ հրապարակային այդ փաստը հրապարակայնացնելով՝ պարոն Արոն շարունակում է «հաղթարշավը»՝ նշելով, որ Վարդևանյանը 2021-ին «Հայաստան» դաշինքի, իսկ հիմա էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում է: Դրանց առումով էլ անբնական բան չեմ տեսնում: Նախկիններին ընդդիմադիր լինելով՝ ես 2021-ին ձայն եմ տվել «Հայաստան» դաշինքին, իսկ երկու օրից էլ ձայն կտամ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը: Որովհետև համարում եմ, որ իմ թանկարժեք քվեն չկորցնելու համար այս պարագայում ոչ թե պետք է ընտրություն կատարեմ ընդդիմության շրջանակում, այլ ձայն տամ այն քաղաքական ուժին, որի շանսերն ամենաբարձրն են Նիկոլին ՀՀ վարչապետի բարդ ու նյարդային պաշտոնից ազատելու և նրան երկարատև «հանգստի» ուղարկելու համար:

Իսկ եթե դիտարկենք Արարատի պաշտոնական կենսագրությունը, ապա չենք իմանա, որ նա ժամանակին դասավանդել է բուհում: Թեկուզ ոչ որպես հիմնական, այլ սեմիանար վարող դասախոս: Եվ, բնականաբար, չենք իմանա, որ ուսանողներին ինչ-որ տեղեկատվություն տրամադրելու համար հեռացվել է բուհից: Թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը՝ արդեն մոռացել եմ, քանի որ դա ինձ համար կարևոր չէր: Բայց, որպես գործող իշխանությանն ընդդիմադիր, 2014-ին թե 2015-ին ֆեյսբուքում նախաձեռնել եմ նրա պաշտպանությունը: Դա, դժբախտաբար, որևէ արդյունքի չի հանգեցրել, բայց արել եմ այն, ինչ համարել եմ անհրաժեշտ: Ի դեպ, ինքն իր պաշտպանության առումով վերին աստիճանի պասիվ էր: Ինչը փոխհատուցվում էր կնոջ նույն աստիճանի ակտիվությամբ: Իհարկե, այդ ժամանակ տեղյակ չեմ եղել հետագայում մամուլում տարածված՝ «օմեգա» ծածկանվան հարցի առումով, այլապես ձեռնպահ կմնայի նման նախաձեռնություն իրականացնելուց:

Սակայն Միրզոյան Արարատը երկար չմնաց անգործ, քանի որ նրան աշխատանքի ընդունեցին Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնությունում՝ որպես հետազոտական խմբի ղեկավար: Եթե ոմանք մոռացել են, թե դա ինչ հիմնադրամ էր կամ ինչ նախաձեռնություն, հիշեցնեմ՝ դրանք հիմնադրվել էին երեք սփյուռքահայ բարեգործ գործարարների կողմից: Ու դրանց թվում ամենաակտիվը ռուսաստանաբնակ Ռուբեն Վարդանյանն էր: Այո, այն Վարդանյանը, ով շուրջ երեք տարի տառապում է թշնամական Բաքվի բանտում: Ու ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողը ոչինչ չի անում, որպեսզի ոչ թե նույնիսկ նրան ազատելու, այլ գոնե վերջինիս վիճակը թեթևացնելու համար: Մարդկային երախտամոռությունն էլ ինչպե՞ս է լինում՝ կարո՞ղ եք ասել:

Ինքն, իհարկե, կարող է արդարանալ, թե ոչինչ անել չի կարող, որ մեր գերիների հարցը գտնվում է իրեն այդ պաշտոնին նշանակողի ձեռքում: Համաձայն եմ, հարցն, իսկապես, գտնվում է երբեմնի, այն օրերի Արոյի ասելով, «չշշկռվելիք» գերագույն հրամանառարի, իսկ խայտառակ պարտությունից հետո՝ «մեծարգո» վարչապետի ձեռքում: Թե ինչպիսի «չշշկռվելիք» գերագույն էր այդ անձը՝ վերջնականապես տեսանք 2023-ի սեպտեմբերի վերջին: Ինչ մնում է խայտառակ պարտությունից հետո «մեծարգո» կոչմանն արժանանալուն, ապա դա կարող է նորմալ դիտվել միայն ծուռ հայելիների թագավորությունում: Այսինքն, մորօրյա Հայաստանում:

Ինչ մնում է Արարատի ակտիվության երկրորդ պահին, ապա դա «Թրիփփ»-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի հեռավար ստորագրումն էր Վաշինգտոնից պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Երևանից ԱԳ նախարար Միրզոյան Արարատի կողմից: Ինչն ամերիկյան կողմից ՀՀ գործող իշխանությանն ընտրությունների շեմին աջակցելու հերթական քայլն էր: Չնայած ենթադրում եմ, որ նույնիսկ այդ քայլը և ոչ էլ ՀՀ վարչապետին նվեր արված եվրոպական վերջին ֆինանսական ներարկումը չեն փրկելու Փաշինյան Նիկոլին: Իսկ որպեսզի դա կյանքի կոչվի երկու օրեից՝ պետք է գնալ ընտրատեղամասեր ու ընտրել համար 3-ը կա՛մ համար 7-ը և կա՛մ համար 17-ը: Այսինքն, ոչ թե բոլոր համարները, այլ նշված երեք համարներից որևէ մեկը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image