Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով «Հրապարակը» զրուցել է Հայաստանում Եվրոպական դպրոցի «Հասարակագիտություն» և «Պատմություն» առարկաների ուսուցիչ, պատմաբան Դավիթ Ֆիդանյանի հետ։
- Պարո՛ն Ֆիդանյան, ի՞նչ եք կարծում՝ ընտրություններն ի՞նչ հետևանքներ կբերեն Հայաստանի ու Արցախի համար։ Ո՞ր արդյունքը հնարավոր կլինի համարել դրական, ո՞րը՝ բացասական։ Ո՞ր ուժերի հնարավորություններն եք բարձր գնահատում հնարավոր հնգյակի մեջ։
- Եկեք փաստենք, որ սա մեր 30 տարվա Հանրապետության կարևորագույն ընտրությունն է, եթե չհաշվենք օրինակ 1991թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքավեն և նույն թվականի հոկտեմբերի 16-ի առաջին նախագահական ընտրությունները: Ներկայիս ընտրությունները նույնիսկ ինչ-որ առումով շատ ավելի կարևոր նշանակություն ունեն, քան վերոգրյալները, որովհետև եթե մենք 1991-ին 88-ի փառահեղ շարժման արդյունքում պետականություն էինք կերտում և հետագայում պատերազմ հաղթում, ապա այս ընտրություններով որոշվում է այդ տարիների կերտված պետականության անկախության և այդ տարիներին ազատագրված Արցախից մնացած փշրանքների լինել-չլինելու հարցը: Պետք է հասկանանք, որ ապրում ենք 30 տարվա Հանրապետության պատմության ամենաբախտորոշ փուլը: Կա՛մ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեով, իր քաղաքացիական և քաղաքական կեցվածքով դուրս կվռնդի երկիրը աղետի հասցրած կապիտուլացված հանցագործներին, կա՛մ Հայաստանը կշարունակվի գտնվել հարատև կապիտուլյացիայի մեջ: Ինչ վերաբերվում է դաշտում առկա ընդդիմադիր ուժերի հնարավորություններին, ապա կարծում եմ՝ ընդդիմադիր դաշտում այսօր շանսեր ունեն «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Հայ Ազգային Կոնգրեսը», ովքեր հանդես են գալիս արմատական դիրքերից:
- Քանի որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք ու գրեթե մեկ ամիս չեն հեռանում, ի՞նչ սպասել Ադրբեջանից նախընտրական քարոզչության ընթացքում։ Ի՞նչ հնարավոր քայլերի են կարող դիմել և ի՞նչ են հաշվի առնելու։
- Թշնամին տեսնում է, որ Հայաստանում կա փալասների և դավաճանների իշխանություն, որը չի պաշտպանում պետության սահմանները և օգտվելով դրանից՝ նա իրականացնում է Սողացող օկուպացիայի քաղաքականություն: Իմ դիտանկյունից այս պրոցեսը կանգ չի առնելու, քանի դեռ մեր երկրի ղեկին այս իշխանություններն են: Իրենք Հայաստանը տանում են սիրիացման ճանապարհով: Սիրիայում էլ կա զուտ անունով պետություն, զուտ անունով իշխանություն, ջախջախված պետական ենթակառուցվածքներ, կոլապս և թշնամիների կողմից տարածքների օկուպացիա: Այսինքն՝ մենք պետությունից վեր ենք ածվել տարածքի: Սա շատ ցավով եմ նշում, բայց ուրիշ գնահատական չեմ կարող տալ, եթե թշնամին ներխուժում է մեր սահման և մեր հովիվներն են ահազանգում ներխուժման մասին: Սա մեր բոլորիս ամոթն է և պետականության վերջը, որովհետև ՀՀ Սահմանադրությունը փաստացի չի գործում: Ավելացնեմ նաև, որ մենք տեսնում ենք, որ թշնամին իր կողմից օկուպացված տարածքներում սկսել է ինժեներական աշխատանքներ իրականացնել և մեղմ ասած թքած ունի հայկական կողմի հայտարարությունների վրա, որովհետև տեսնում է, որ իր դիմաց ուժ չկա կանգնած: Նորից եմ կրկնում՝ այս գործընթացը կանգ չի առնելու, քանի դեռ մեր երկրի գլուխ են ներկայիս իշխանությունները: Եվ ի դեպ թշնամին տեսնում է, որ իշխանությունների վարկանիշը օր-օրի ընկնում է, և շտապում է, որքան հնարավոր է առավելագույնը ստանալ այս ապիկարներից:
- Եթե լինի ընտրությունների երկրորդ փուլ, ի՞նչ վիճակում կհայտնվի առանց այդ էլ թուլացած Հայաստանը։ Ինչպե՞ս խուսափել հնարավոր վատ սցենարներից։ Ի՞նչ է ցույց տալիս պատմական փորձը։ Երկրորդ փուլի պարագայում ընդդիմադիր ուժերն ինչպե՞ս պետք է գործեն, որ իմքայլականները ՔՊ-ի դեմքով չվերարտադրվեն։ Ի՞նչ ապագա են կարող առաջարկել «իմքայլական» ՔՊ-ականները։
- Հայաստանի առջև այսօր կա ծառացած առաջնային մարտահրավեր, այն է՝ ամեն գնով օր առաջ ձերբազատվել կապիտուլացված հանցագործների իշխանությունից: Մնացած մարտահրավերները, այդ թվում՝ արտաքին, դրանք ածանցյալներն են: Ցանկալի չէ, որ ընտրությունների կայացման պարագայում գործը հասնի 2-րդ փուլին: Այնուամենայնիվ, վերոգրյալի իրողության պարագայում արմատական, այն է՝ իրական ընդդիմադիր ուժերը պետք է գործեն ոչ թե սեփական ամբիցիաների կամ գաղափարների համատեքստում, այլ պետք է համախմբվեն պետությունը փրկելու գործի շուրջ: Սա է իրականությունը: Այսօր գաղափարական բախումների ժամանակը չէ: Դա պետք է ժամանակավորապես մի կողմ դնել: Այսօր թեկուզ տարբեր աշխարհայացք ունեցող և անգամ միմյանց նկատմամբ ծայրահեղ տարակարծություն ունեցող ընդդիմադիրները ժամանակավորապես պետք է տարաձայնությունները մի կողմ դնեն և լինեն մեկ միասնական խրամատում, որովհետև դրված է պետության փրկության հարցը: Երկրորդ աշխարհամարտում միմյանցից տրամագծորեն տարբեր կերպարներ էին Չերչիլը և Ստալինը, սակայն դա չխանգարեց միասնաբար պայքարել համընդհանուր չարիք նացիզմի դեմ։ Եվ ընդորում դա չնշանակեց, որ Արևմուտքը կամ ԽՍՀՄ-ը դավաճանեցին սեփական սկզբունքներին: Ավելին ասեմ, նացիզմի ջախջախումից հետո նրանցից յուրաքանչյուրը վերադարձավ իր նախկին դիրքերին, և միմյանց նկատմամբ շատ ավելի խորը թշմանանք եղավ, քան առաջ էր: Ելնելով վերոգրյալից՝ մեր խնդիրն է համընդհանուր կերպով վերացնել նիկոլիզմը և փրկել պետականությունը: Ինչ վերաբերվում է այն հարցին, թե ինչ կարող է մեզ տալ կապիտուլացված հանցագործների իշխանությունը, ապա շատ կարճ նշեմ՝ ստորացում, օկուպացիա և մահ:
- Ի՞նչ սպասել իմքայլական իշխանություններից։ Հնարավո՞ր է դիմեն սադրանքների, եթե զգան՝ պարտվում են ընդդիմադիր բևեռներին։
-Ժողովրդական ալիքի վրա եկած պոպուլիստական յուրաքանչյուր իշխանություն, երբ զգում է, որ իր պոպուլիզմը այլևս չի ազդում, և մարդիկ արթնանում են լեթարգիական քնից, ապա նա անցնում է ռեպրեսիվ գործիքակազմի կիրառմանը: Կասկած չունեմ, որ եթե նրանք զգան, որ պարտվում են, ապա կդիմեն տարատեսակ սադրանքների: Ի դեպ, մեկ բան էլ հավելեմ: Տեսե՛ք, իրենք խոսում են, որ բնավ չեն պատրաստվում կեղծել ընտրություններ կամ խախտումներ իրականացնել, սակայն իրենք արդեն իսկ սկսել են խախտել օրենքները: Քարոզարշավը մեկնարկել է այսօր, սակայն մենք տեսնում էինք, որ արդեն իսկ օրեր շարունակ նրանց պաստառները փակցված էին փողոցներում: Մենք հիշում ենք նաև օրեր շարունակ վարչական ռեսուրսի կիրառմամբ այսպես կոչված հանդիպումները բնակիչների հետ: Սա է այս մարդկանց դեմքը: Սուտը նրանց կենցաղն է, և, այո՛, այսպիսի իշխանությունից պետք է ամեն ինչ սպասել: Եթե մարդ հանուն նրա, որ իրեն չասեն դավաճան և ինքը մնա իշխանության, չի կանգնացնում մսաղացը, որպեսզի հազարավոր տղաներ փրկվեն, ապա այդ մարդը հանուն աթոռի, այո՛, կկեղծի և պետք եկած տեղը ռեպրեսիաներ կկիրառի:
- Ըստ Ձեզ՝ ընդդիմադիր ուժերը թե՛ այս քարոզարշավի ընթացքում և թե՛ երկրորդ հնարավոր փուլի դեպքում ինչպե՞ս պետք է գործեն, որ միմյանց չվնասեն։ Հնարավոր համարո՞ւմ եք ինչ-որ փուլում ՀԱԿ-ի, «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի համագործակցությունը՝ հաշվի առնելով նախկին նախագահների գործոնը։ Նաև այլ ո՞ր ընդդիմադիր ուժերի միջև եք տեսնում հնարավոր համագործակցությունն ընտրությունների ֆոնին։
- Ես տեսնում եմ, որ անկախ ընդդիմադիր որոշ ուժերի միմյանց միջև առկա տարակարծություններից՝ այնուամենայնիվ դաշտում առկա է «Կոնսենսուս-1» ձևաչափը: Ընդդիմադիր ուժերը, ես արդեն նշեցի, որ պետք է դնեն մի կողմ միմյանց նկատմամբ տարաձայնությունները և պայքարեն Փաշինյանի իշխանության դեմ: Այս կոնտեքստում նշեմ, որ ցավոք սրտի չստացվեց երեք նախկին նախագահների դաշինքը, սակայն այնուամենայնիվ ես հույս ունեմ որ վճռորոշ պահին ձեր նշած դաշինքները կգտնեն ընդհանուր եզրեր գործնական համագործակցության համար, որովհետև նորից եմ նշում՝ այսօր դրված է պետության փրկության հարցը: