Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում ընդունեց Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներին։ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպմանն Իրանի առաջնորդն անդրադարձել էր «Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու հնարավոր դավադրությանը»` հայտարարելով, որ «եթե նման քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա դրան»։ «Այդ սահմանը երկար տարիների միջանցք է»,- ասել է նա։ Ապա ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ կրկնել է գրեթե նույնը՝ նշելով, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը:
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի հետ։ «Թվիթերյան էջում գրառումներից տարածվում է այն մասը, որով Իրանի հոգեւոր առաջնորդը հայտարարում է Հայաստանի եւ Իրանի սահմանի փակման անթույլատրելի լինելու մասին։ Սակայն այնտեղ մի ուշագրավ այլ հայտարարություն էլ կա՝ Իրանի հոգեւոր առաջնորդը ողջունում է Արցախի վերադարձն Ադրբեջանին։ Սա շատ խնդրահարույց հայտարարություն է, ըստ իս։ Սա հետեւանք է Իրանի հետ աշխատանքներ չտանելուն։ Այսինքն, իմ խորին համոզմամբ, երկար ժամանակ՝ գոնե 2018 թվականի իշխանափոխությունից հետո, պետք է նոր մակարդակի ու նոր որակի բերվեին հարեւան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաեւ՝ տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտները, սակայն այդ աշխատանքները չեն տարվել։ Եվ սա հետեւանքն է հենց այդ բացթողումների, ինչից մենք այսօր չենք կարող դժգոհել։ Իսկ արդյոք Հայաստանը տարածաշրջանային լարված իրավիճակում ունա՞կ է նորմալ դիվանագիտական հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի կարեւորագույն երկրներից, պետություններից մեկի հետ, մասնավորապես այս դեպքում՝ Իրանի հետ, դա արդեն մի քիչ կասկածի ենթակա է»։
Կոստանյանը նկատում է, որ ունենք բաց փորձ, այսինքն՝ կեղծ «խաղաղության» օրակարգ՝ բերված Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված, եւ ունենք իրարամերժ հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով։ «Հիմա ոչինչ թույլ չի տալիս մեզ մտածելու, որ Իրանի հետ նորմալ աշխատանքներ են տարվում։ Իմ կարծիքով, այս բացթողումները հրատապ շտկելու կարիք ունեն, բայց այս իշխանությունը, նորից՝ իմ խորին համոզմամբ, ունակ չէ նոր որակի դիվանագիտական հարաբերություններ զարգացնելու, որը թույլ կտա մտածել, որ որեւիցե ձեւաչափով Հայաստանի համար օգտակար սցենարներ կլինեն ապագայում»։
Նախկին պատգամավորը փաստում է, որ հայկական կողմն Իրանի հոգեւոր առաջնորդի մի հայտարարությանն ընդամենը արձագանքեց ու ողջունեց, իշխանություններն էլ կփորձեն փարատել հայ հասարակության կասկածները՝ ասելով, որ տեսեք՝ Իրանն էլ զգուշացրեց, որ հայ-իրանական սահմաններին թշնամու ձեռքը չի հասնելու։
«Դրանք ընդամենը բանակցություններ են, երկխոսություններ, եռակողմ հանդիպումներ՝ ամենաբարձր մակարդակով, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի նախագահի հետ։ Ինչ-որ փոքր հայտարարությունները, որոնք արվում են տարբեր երկրների առաջնորդների կողմից, չեմ կարող ասել, որ լիարժեք ու ամբողջովին արտահայտում են այդ երկրների դիրքորոշումները՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ»։
Կոստանյանը կարծում է, որ հասարակությանն այդ փոքր հայտարարություններով կերակրելը եւ գլխի տակ փափուկ բարձ դնելը, ասելով, թե, տեսեք՝ մեզ երաշխիքներ են տալիս, կարճաժամկետ, իրավիճակ փրկող մարտավարական քայլեր են, որ անում է այս իշխանությունը։ «Մինչդեռ պետք է այդ հայտարարություններն իրենց ամբողջ ենթատեքստում դիտարկել եւ ավելի խորն ուսումնասիրել։ Դրա համար ես միշտ հորդորում եմ, որ այն մարդիկ, ովքեր արտաքին քաղաքական զարգացումներով հետաքրքրված են, անպայման լսեն մասնագետների կարծիքը, որոնք ավելի համապարփակ են նկարագրում իրավիճակը եւ այն զարգացումները, որոնք սպասելի են։ Այլ ոչ թե ուրախանան արտաքին գերատեսչության կողմից արված մի «ողջույնի» կամ չգիտեմ՝ ինչ-ինչ իշխանական հոպոպների կողմից դաշտ նետված կցկտուր հայտարարությունների համար»։
Արմեն Գրիգորյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ սեպտեմբերից Հայաստանից դեպի Արցախ զորակոչ չի լինելու, մի քանի օր հետո լուրեր տարածվեցին, թե Արցախից տեխնիկա է դուրս բերվում։ Ի՞նչ գիտեք այս մասին՝ հետաքրքրվեցինք մենք։ «Չգիտեմ՝ դո՞ւրս է բերվել, թե՞ ոչ։ Ամեն դեպքում սպասելի էր, որովհետեւ սրա մասին նոր չէ, որ հայտարարում են։ Ժամանակ առ ժամանակ կցկտուր հայտարարությունների տեսքով խոսվում էր սրա մասին։ Ակնարկներ եղել էին, որ Հայաստանի Հանրապետությունից ժամկետայիններ չեն լինելու Արցախում, եւ զինտեխնիկան դուրս է բերվելու այնտեղից։ Դա արդեն նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո էր։ Այսինքն՝ այս ընթացքում ի՞նչ պիտի անեինք՝ իմանալով հանդերձ, որ նման իրավիճակի առաջ ենք կանգնելու․ պիտի պաշտպանական ոլորտն ուժեղացնեինք եւ գոնե հեռակա ձեւով աշխատանքներ տանեինք Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հետ։ Քանի որ ես պաշտոնական անձ չեմ, փակ ինֆորմացիաներին չեմ տիրապետում, թե արդյոք այդ աշխատանքները տարվում են, թե ոչ, բայց տպավորություն է ստեղծվում, որ ամբողջությամբ կապի խզում է գնում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ու մեր պաշտպանական գերատեսչության միջեւ»։