Տավուշի մարզի Բերդ համայնքում տեւական պատերազմից հետո ՔՊ-ին հաջողվել է ճնշման ներքո զավթել տեղական իշխանությունից մի մեծ բաժին։ Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր երեք մանդատի տարբերությամբ, բայց մեկ տարի շարունակ բոլոր հնարավոր եւ անհնար գործիքներով ճնշումներ էր գործադրում, որ հաղթող ուժից` «Զորավոր համայնք» կուսակցությունից խլի իշխանությունը: Սկզբում ձերբակալեցին հաղթող ուժի ցուցակի առաջին համար, համայնքապետի թեկնածու, Բերդի երկարամյա քաղաքապետ Հարություն Մանուչարյանին: Այդ ճնշումների ներքո նա բանտից ինքնաբացարկ ներկայացրեց՝ համայնքի ղեկավարի էստաֆետը փոխանցելով ցուցակի հաջորդ համարին, ձերբակալեցին նաեւ ցուցակի երկրորդ համարին, զուգահեռ քրեական գործեր հարուցեցին ավագանու մյուս անդամների եւ նրանց մերձավորների դեմ։ «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակի 4 անդամ անցնում են քրեական գործերով:
Հատկանշական է, որ գործող համայնքապետ Աստղիկ Հակոբյանն էլ էր անցնում այդ գործերից մեկով։ Ընտրություններից միայն մեկուկես տարի անց՝ 2022 թ. նոյեմբերին, «Զորավոր համայնք» կուսակցության երրորդ համարը՝ Աստղիկ Հակոբյանը, դարձավ Բերդ համայնքի ղեկավար, եւ տեղի ունեցավ նորընտիր ավագանու առաջին նիստը։ Այսինքն՝ ընտրությունից հետո շուրջ մեկուկես տարի համայնքի կառավարումը ՔՊ-ն պարալիզացրել էր, եւ թվում էր, թե հոգնելով այդ նողկալի պահվածքից` տեղական իշխանությունը զիջեց հաղթողներին: Բայց, ինչպես ասում են, դեռ վաղ էր ուրախանալու համար։
Օրերս տեղեկացանք, որ արդեն մի քանի ամիս է՝ ՔՊ-ն Բերդում մաս-մաս իշխանություն է կորզում, եւ տասնյակ ՔՊ-ականներ պաշտոնների են նշանակվել՝ համայնքի ղեկավարի տեղակալ, խորհրդական, օգնական, վարչական շրջանների, համայնքային ենթակայության տակ գտնվող հաստատությունների ղեկավարներ, շարքային աշխատողներ։ Այն դեպքում, երբ «Զորավոր համայնքը» 50+1 ձայն է հավաքել, ունի 11 մանդատ, իսկ ՔՊ-ն՝ 8։
Ինչպե՞ս ստացվեց, որ հակամարտող ուժի հետ դարձաք դաշնակից ու երբվանի՞ց՝ հարցրինք Բերդի տիրուհուն` Աստղիկ Հակոբյանին։ Տիկինը կոնկրետ ժամկետ չնշեց՝ ասելով միայն, որ այդ համագործակցությունը պահանջում էր համայնքի շահը․ «Համաձայնությամբ, համագործակցությամբ աշխատում ենք, այսքանը կարող եմ ասել, որ ի շահ համայնքի զարգացման, ի շահ երկրի կայացման` բոլոր կարողունակ ուժերով։ Մեզ համար գոյություն չունի տարանջատում, սկզբունքներ, մենք համախմբված աշխատում ենք, կուսակցությունները թող թողնենք ընտրությունների ժամանակահատվածում, հիմա մենք կարողունակ ուժերով աշխատում ենք»: Թե ինչում է արտահայտվում ՔՊ-ի «կարողունակությունը», Հակոբյանը չմանրամասնեց: Հարցրինք` Արցախի հանձնումը ե՞ւս այդ հատկանիշի դրսեւորումներից է։ «Ես ասացի` կապ չունի, նաեւ այլ տարբեր կուսակցությունների կարողունակ ուժերի հետ ենք համագործակցում»։
Մենք ճշտեցինք, որ Բերդ խոշորացված համայնքի մաս կազմող 16 համայնքներից Տավուշում, Չինչինում, Վարագավանում, Նորաշենում վարչական ղեկավար են նշանակվել ՔՊ-ականները, մնացյալը «Զորավոր համայնքի» քվոտայով են։ Համայնքապետին հարցրինք նաեւ` միայն երկու կուսակցության ներկայացուցիչնե՞րն են համայնքի «կարող ուժերը», ինչո՞ւ այլ կուսակցություններից նշանակումներ չեն եղել, եթե խնդիրը մարդկանց պոտենցիալն օգտագործելն է: Նա ասաց, որ 2 կուսակցություն էին շատ ձայն հավաքել։
Իսկ գուցե այս համագործակցությունը պարզ գործա՞րք է՝ համայնքի ղեկավարի պաշտոնը ստանալու դիմաց կամ ճնշման ներքո։ «Մեր համագործակցությունը ոչ մի ճնշման ազդեցություն չունի, ընդհակառակը՝ կարողունակ ուժերով ի շահ համայնքի զարգացման, առաջնորդվում ենք համայնքի շահով։ Հենց ընտրությունը կայացավ, իմ թեկնածության վրա կողմնորոշվեցին, ես նման ռազմավարություն եմ ընտրել»,- ասաց համայնքապետը։ Դա եք ընտրել, որովհետեւ հնարավոր չէ՞ր աշխատելը։ «Չէ, մենք տեսանք, որ հնարավոր չէ` անկլավով չենք կարող աշխատել, մենք տեսանք, որ եթե միասնական համախմբված չեղանք, չենք կարող արդյունքի հասնել, իմ տեսլականը, իմ ուղին, իմ միակ ճանապարհը միասնականությունն է»։ Այսինքն՝ անկլավի կարգավիճակում էիք զգում: Հարցը ղեկավարը շրջանցեց՝ ասելով, թե «հարաբերական» իմաստով է ասում։
Զիջելով իշխանությունը՝ մտահոգություն չունե՞ք, որ մի օր Ձեզ էլ Փաշինյանը կարժանացնի Ալավերդու քաղաքապետի ճակատագրին․ ավագանու անդամ կգողանան, անվստահություն կհայտնեն։ «Ընդհանրապես նման հավանականություն չկա, որովհետեւ չեմ կարծում, որ պետության ղեկավարի նպատակն էլ ինտրիգ առաջացնելը լինի, բոլորիս նպատակը զարգացում եւ կայուն իրավիճակ պահելն է»,- ասաց Աստղիկ Հակոբյանը: