Քննչական մարմիններն ու դատախազությունը մի քանի ճակատով պայքար են մղում Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ։ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է նրա, կնոջ ու զավակների ձեռք բերած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատաքննությունը։ Դատախազությունն այս գործով, ի թիվս այլ պահանջների, ներկայացրել է բռնագանձման պահանջ՝ կապված Երեւանում գտնվող 33 բնակարանների, շինությունների, ավտոկայանատեղիների, առանձնատների, հողերի, այլ գույքի հետ։ Գույքի ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 11 մլրդ դրամ։
Առանձին քննության առարկա են դարձել 2002-2010 թթ․ ընթացքում սեփականացված մի շարք մանկապարտեզների շենք-շինությունները, որոնք, ըստ դատախազության, հափշտակվել են, ինչի հետեւանքով դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը։ 27 դրվագով քրեական հետապնդում է հարուցված Չոռնի Գագոյի դեմ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու հոդվածներով։ Նույն օրը որոշումն ուղարկվել է ԱԱԾ՝ Գագիկ Բեգլարյանին մեղադրանք ներկայացնելու համար:
«Հրապարակին» հայտնի դարձավ, որ Չոռնի Գագոյի գույքի գործերով հարցաքննությունների են հրավիրում նաեւ Կենտրոնի նախկին թաղապետ Գագիկ Գյանջումյանին։ Նա Կենտրոնի թաղապետ է նշանակվել 2009 թվականին, երբ Գագիկ Բեգլարյանը քաղաքապետ էր, եւ ազատվել է իր դիմումի համաձայն՝ 2011 թվականին, երբ Գագիկ Բեգլարյանը քաղաքապետ չէր։ Գյանջումյանին, մեր աղբյուրի վկայությամբ, տանում-բերում են՝ մանկապարտեզների սեփականաշնորհման գործերով ցուցմունքներ ստանալու համար։ Սա մեզ զարմանալի թվաց, քանի որ նա բավականին համեստ եւ զուսպ անձնավորություն է, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հայրն է, որի իմիջը որեւէ կերպ չի ասոցացվում ապօրինաբար զավթված գույքի հետ։
Մեր հարցերին պատասխանելով՝ Կենտրոնի նախկին թաղապետ Գագիկ Գյանջումյանն ասաց, որ այդ հարցաքննությունները վաղուց են եղել, բայց չմանրամասնեց, թե երբ։ «Վաղուց, շատ վաղուց, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք թարմացնել այդ հիշողությունը։ Էն ժամանակ իմ պատասխանները եղել են միանշանակ։ Քաղաքապետարանի պատասխանատու մարմին կա, ավագանի կա։ Ցավոք, քննչականում էլ բոլորը մասնագետներ չեն։ Կարգ կա որոշված։ Ախր, ես ընդհանրապես կապ չունեմ»,- ասաց Կենտրոնի նախկին թաղապետը։
- Ի՞նչ էին Ձեզ հարցնում, օրինակ։
- Օրինակ, ասում էին՝ ինչո՞ւ եք այսինչ թուղթն ուղարկել քաղաքապետարան, ասենք՝ ավագանու որոշումն ինչո՞ւ եք ուղարկել քաղաքապետարան։ Բա ի՞նչ անեի։ Կամ՝ ավագանին այսինչ որոշումն է կայացրել, հիմա դա գնահատվում է ոչ ճիշտ, Դուք ինչո՞ւ եք էն ժամանակ կատարել։ Եթե ավագանին որոշել է այսինչ գործողությունը չանել, ի՞նչը պետք է հիմնավորես։ Չանես, չուղարկես քաղաքապետարան՝ ուրեմն պետք է չաշխատես։ Ես նման դեպքում ասում եմ՝ ի՞նչ պետք է անեի, որ չի արվել, կամ ի՞նչ եմ արել, որ չպետք է անեի։
- Հիմա Ձեզ այլեւս չե՞ն կանչում։
- Ոչ, էլ չեն կանչում։
- Ձեր կառավարման շրջանում մանկապարտեզներ չե՞ն սեփականաշնորհվել։
- Ես չեմ հիշում, 10-13 տարի է անցել։ Ես ինֆորմացիային չեմ հետեւում, որի՞ն հետեւեմ՝ մանկապարտեզի՞ն, ծառի՞ն, որի՞ն։
Պարզվեց, որ ծառերի համար Գագիկ Գյանջումյանը շատ մտահոգ է։ Ասաց, որ գուցեեւ սակուրաները լավ ծառեր են, բայց ճիշտ կլիներ, եթե հին ու հիվանդ ծառերը հերթականությամբ հանվեին՝ ոչ թե միաժամանակ։ «Երկրորդը, ինչում ես համոզված եմ, ժողովրդի հետ պետք է խոսել, բացատրել, ժողովրդի կարծիքը հարցնել»,- ասաց նա։