«Պիտի գիտակցենք՝ ամենավատ բարեկամն ամենավատ թշնամուց լավ է։ Հայաստանում այնպիսի քաղաքականություն են վարել, որ ոչ ոք մեզ ոչ մի բանի տեղ չի դնում, փչացրել են բոլորի հետ հարաբերությունները։ Այսքան թշնամանքի մեջ նաեւ Ռուսաստանի՞ն փորձենք թշնամացնել մեզ հետ՝ դա չափից դուրս է։ Բայց ի՞նչ` տեսնում ենք, որ այդ մարդիկ այսօր ծրագրավորված են գործում՝ երկրի վարչապետի հետ հանդիպումից հետո գնում են ռուսական ռազմաբազայի առաջ բողոքի ցույցի՝ կուսակցության նախագահներ, մարդու իրավունքների պաշտպաններ։ Ինձ շատ հետաքրքիր է՝ այդ ցույց անող մարդիկ կգնա՞ն կանգնեն սահմանին, սահմանը պահող զինվորի մոտ»,- հարցնում է ազատամարտիկ Աշոտ Սեւյանը։
Նա կարծում է, որ պետք է կարողանալ դիվանագիտորեն դեպի մեզ տրամադրել ռուսներին, աշխատել նրանց հետ։ Ինչ վերաբերում է Հնդկաստանից ձեռք բերված զենքին, ապա շատ ավելի էժան եւ շատ ավելի հեշտ ձեռք բերվող զենք կարող էինք գնել Իրանից։ Սեւյանը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, փողերի լվացման հետ գործ ունենք, իսկ այդ զենքը Հայաստանի ու Արցախի համար որեւէ հարց չի լուծում․ երբ օդը բաց է, այդ զենքը ոչ մի դերակատարում չի ունենալու։ «Որ օրը դա հանեն մարտադաշտ, այդ զենքը կխփվի։ Ինչ-որ մեկը մտածե՞լ է օդը փակելու, նոր մնացած գործողություններն անելու մասին։ Պատերազմը չի ավարտվել, ու ես վստահ եմ, որ շարունակվելու է ավելի մասսայական... Եթե վաղը պատերազմ սկսվի, ի՞նչ քանակությամբ մատակարարում ունեն, որ կարողանան կռվել»,- հարցնում է նա։
Երկրի ընդհանուր անվտանգային վիճակն էլ բավականին մտահոգիչ է, ու չնայած հայտարարել են, որ Ջերմուկ քաղաքի առողջարանային կենտրոնները բացվել են հաճախորդների առաջ, քչերը կուզենան այս օրերին իրենց վտանգի ենթարկել ու գնալ Ջերմուկ՝ հանգստանալու, որը թշնամու տեսադաշտում է։
«Փորձեք Արտաշատից դուրս գալ Տիգրանաշենով… ոչ ոք այլեւս վստահ չէ՝ կհասնի՞ Գորիս, թե՞ ոչ, որովհետեւ Տիգրանաշենից դեպի Գորիս ճանապարհին բոլոր բարձունքները հսկվում են ադրբեջանցիների կողմից։ Ես դեռ այն ժամանակ, երբ ասում էի, որ Քարվաճառը չի կարելի հանձնել Ադրբեջանին, որ Հայաստանն ու Արցախը դառնալու են սուր ոսկոր, ինձ ոչ ոք չլսեց, այսօր Քարվաճառից են հրետակոծում։ Այսօր տեսնում ենք, չէ՞, որ Գեղարքունիքի մարզի, Վայոց Ձորի ուղղությամբ հարձակումները, հրետակոծությունն արվում է Քարվաճառի կողմից»,- շեշտում է Սեւյանը։
Պետք է պարզապես քարտեզից օգտվել իմանալ, նայել ու հասկանալ, թե Քարվաճառից ինչ վնասներ կարող էին հասցվել Հայաստանին՝ այն հանձնելու պարագայում։ Մարդկանց գիտակցության մեջ էլ կարծես թե հստակ չի նշմարվում իրավիճակի լրջության գիտակցումը` լսում են Հայաստանի սահմանի խորքում ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքների մասին, հայտարարում են, որ թշնամին հեռու է, ու մտածում են` կհասցնեն փախչել մեկ այլ բնակավայր։ Սեւյանին մտահոգում է մարդկանց տեղային մտածելակերպը, երբ բոլորին թվում է, որ եթե իրենց տան մոտ չէ կռիվը, թշնամին հեռու է։
«Որ օրը դու փորձեցիր թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիներին պատժել, կսկսեն քեզ հետ խոսել, իսկ քանի դեռ դու նվնվում ես, ողբում ես, քեզ հետ ոչ ոք չի խոսելու»,- ասում է Սեւյանը։
Ադրբեջանցիները շարունակելու են ռազմական գործողությունները, ամենայն հավանականությամբ՝ գարնանը։ Եվ այստեղ միայն Հայաստանի ֆակտորը չէ՝ գլխավոր նպատակակետն Իրանն է, պարզապես Թուրքիան եւ Ադրբեջանն իրականություն են դարձնում Մեծ Թուրանի գաղափարը։ «Ինչ լինելու է, լինելու է Սեւանի ավազանով, Ջերմուկով, Սիսիան, դեպի Մեղրի։ Եթե իրենց ասած միջանցքին չհասնեն, կփորձեն տարածաշրջանում հատված կտրել, հետո ՆԱՏՕ-ի զորքեր դեպի Արաքսի հովիտ բերել՝ Իրանին հարվածելու համար։ Իրանի միակ ճանապարհն այսօր Հայաստանով է անցնում, ու եթե դա փակվի, Իրանը կընկնի շրջափակման մեջ»,- ասում է նա:
Ազատամարտիկը նշում է, որ մեզ համախմբող է անհրաժեշտ, սակայն այս պահին քաղաքական դաշտում որեւէ հարմար թեկնածուի չի տեսնում։ Փաստ է, որ այս գերագույն գլխավոր հրամանատարի հետ ոչ մի տեղ հասնել չենք կարող: Նա նաեւ կոչ է անում պատգամավորներին, պաշտոնյաներին՝ մեկ ամիս հրաժարվել իրենց աշխատավարձերից ու պարգեւավճարներից եւ դրանով Հայաստանի օդը փակել։
«Ես վստահ եմ, որ նոյեմբերին ստիպելու են պայմանագիրը ստորագրել՝ չակերտավոր խաղաղության պայմանագիրը։ Դա փիառ է լինելու Ալիեւի համար, իսկ մեր ազգին նորից նվաստացնելու, ընկճելու, մարդկանց հիասթափեցնելու նոր առիթ է լինելու»։ Սեւյանի կարծիքով` մեր թշնամիները պլանավորված, երկարաժամկետ ծրագրով են առաջ շարժվում, այնինչ Հայաստանի իշխանություններն իրավիճակային որոշումներ են կայացնում։