Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Դիլիջան համայնքի ավագանու հերթական նիստը: Համայնքի ավագանու անդամ, «Հանրապետություն» կուսակցության խմբակցության ղեկավար Նունե Սանթրոսյանն առաջարկություն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի Կամարինի փողոցը եւ նրբանցքն անվանակոչել Արտուշ Սահակյանի անվամբ։
Նիստին մասնակցող ավագանու բոլոր անդամները միաձայն` 11 կողմով, որոշել են համաձայնություն տալ Դիլիջան քաղաքի Կամարինի փողոցը եւ նրբանցքն անվանակոչել «Վաստակավոր ուսուցիչ», «Լավագույն ուսուցիչ» եւ մի շարք այլ բարձր կոչումների արժանացած Արտուշ Սահակյանի անվամբ՝ «սերունդների կրթության եւ դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար եւ ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ»։ Դիլիջանի համայնքապետարանը հայտնում է, որ առաջիկայում կքննարկվեն նաեւ Դիլիջան քաղաքի մի շարք այլ փողոցների անվանափոխություններին վերաբերող առաջարկություններ, որոնք կներկայացվեն հասարակական քննարկման եւ ավագանու հաստատման։ Դիլիջան քաղաքում կան բոլշեւիկ ղեկավար, մանկապիղծ Միխայիլ Կալինինի, Կամոյի, Խորհուրդների եւ այլ փողոցներ, որոնք նույնպես անվանափոխման կարիք ունեն, սակայն Հայաստանի անկախացումից հետո, անցած 34 տարում դրանց անվանումները չեն փոխվել։