Հարցազրույց

Տակտիկական մեծագույն սխալ արեցին ընդդիմադիրները․ Գառնիկ Իսագուլյան

Տակտիկական մեծագույն սխալ արեցին ընդդիմադիրները․ Գառնիկ Իսագուլյան

«Hraparak.am-ը զրուցել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։

- Դիմադրություն շարժումը 20 օրից ավելի փողոցային պայքար է մղում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և Արցախի փրկության հարցով։ Կհասնի՞ այս շարժումն իր նպատակին։

- Ես որևէ կասկած չունեմ, որ դիմադրության շարժման նախաձեռնությունը կհասնի իր նպատակին։ Ուղղակի կարծում եմ չափից ավելի շռայլություն է այն, որ մեր հարգարժան ընդդիմության ներկայացուցիչներն ամեն ինչ փորձում են տեղավորել Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Ես ամենևին դեմ չեմ, որ ամեն ինչ պետք է անել սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Թե՞ այդ նույն շրջանակներում է մնում նույն իշխանությունը։ Ասեմ, որ 2018 թվականի այդ իշխանազավթումից հետո Նիկոլը և նրա ոհմակը երբեք չեն շարժվել ոչ սահմանադրությամբ, ոչ օրենքներով։ Նրանք ոտնահարել են թե՛ սահմանադրությունը, թե՛ օրենքները։ Եվ հիմա էլ որպես իշխանություն նույնն են անում։ Եվ, ըստ էության, բռնապետության հետ պայքարել բացառապես սահմանադրության  և օրենքների շրջանակներում, ուղղակի դա կերկարաձգի նրանց հոգեվարքը, որի մեջ են այսօր։ Եվ դա կարող է հանգեցնել որոշակի կորուստների թե՛ ազգային, թե՛ պետական խնդիրների առումով։ Ես ավելի հստակ գործողությունների, շատ ավելի կտրուկ ելույթների և շատ ավելի կտրուկ շարժումների կողմնակից եմ։

- Մենք խոսում ենք խաղաղության պայմանագիր կնքելու մասին, Ադրբեջանը՝ զենքի լեզվով։ Ինչո՞ւ է Հայաստանը լռում։

- Որովհետև Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվել են։ Ադրբեջանական կողմի նախաձեռնությունն է։ Այս ամենը Նիկոլի խնդրանքով, Նիկոլի պահանջով, Նիկոլի աղերսով Ալիևի կողմից սադրանքներ են։ Ընդ որում Նիկոլը չի բավարարվում Հայաստանի սահմաններով, հորդորում է Ալիևին, որ ադրբեջանական սահմանում նույնպես այդ սադրանքները լինեն։ Եվ սա պայմանավորված է, թե՛ Թուրքիայի իշխանությունների, թե՛ Արևմտյան ուժերի հետ։ Չկա հայ-ադրբեջանական հակամարտություն՝ որպես այդպիսին։ Գոյություն ունի գլոբալ հակամարտություն, պայմանականորեն ասենք՝  Արևելքի  և Արևմուտքի միջև։ Եվ Արևմուտքը, օգտագործելով հայաստանյան իշխանությունների թուրքամետ լինելու հանգամանքը, փորձում է այս տարածաշրջանում մեծ քաղաքական նպատակների համար զոհաբերել Հայաստանն ու Արցախը։ Եվ դրանում օգտագործվում է հիմնականում Հայաստանի իշխանությունների դավաճանական գործունեությունը։ Եվ աշխարհին՝ Արևմուտքին, հետաքրքրում է թուրքական յաթաղանը՝ Կոստանդնուպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս։ Եվ այդ ամբողջ ճանապարհի վրա հայկական սեպը խրված է թուրքական աշխարհի մեջ, որը խանգարիչ հանգամանք է Արևմուտքի համար։ Ինչպես հաճախ է պատահում նման պարագաներում սեպը պիտի զոհաբերել։ Եվ ահա ամբողջ մարտավարությունը և նաև ռազմավարությունը Արևմուտքի և հայաստանյան գործող իշխանությունների՝ սեպի վերացումն է։ Դրա համար Արցախի շուտ զոհաբերումը  և Սյունիքի միջանցքի բացումը, Նիկոլի թիվ մեկ խնդիրն է, որը համաձայնեցված է  թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Արևմուտքի հետ։ Եվ երբեմն-երբեմն առկայծումները, որ թվում է՝ դա չեն ուզում, կամ դա ընդդիմության հիվանդագին երևակայությունն է, ուղղակի հասարակությանը նորից խաբելու  ձևերից մեկն է։

-  Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ բացահայտում է անելում բայց ընդդիմադիրները բոյկոտեցին և Փաշինյանը չշարունակեց։

- Ես չեմ կարծում, որ Նիկոլը որևէ բացահայտում պիտի աներ կամ ինչ-որ սենսացիոն բան պիտի ասեր։ Նա երգելու է նույն երգը, որ երգում է արդեն 4 տարի, և որի կրողն է իր ծնունդից սկսած՝ այդ թուրքասիրությունը և հայատյատությունը։ Ուրիշ բան, որ ինքը կարողանում է հրաշալի օգտվել ստեղծված իրավիճակներից։ Ընդդիմադիրների գործողությունները նախահաշվարկված չէին, վստահաբար կարող եմ ասել։ Իրենք չէին կարողացել կանխատեսել՝ ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել։ Կամ պետք է չմտնեին Ազգային Ժողով և որևէ հարց չհնչեցնեին, կամ, եթե մտնում էին, ապա թույլ չպետք է տային, որ դավաճանը կանգնի այդ ամբիոնում։ Կամ, եթե կանգնում էր նրան դնեին մի վիճակի մեջ, որ փախներ։ Այն ծանր տարիներին, երբ ես Գերագույն խորհրդի պատգամավոր էի, ոչ մի նախագահ կամ ղեկավար իրեն թույլ չի տվել, որ անվտանգության թիկնազորը մտնի և թիվ մեկ ամբիոնում պաշտպանի երկրի ղեկավարին։ Նիկոլն այնքան է վախեցած, որ ես վստահ եմ, որ իրա կնոջ մոտ գնում է ախրանայով, տուալետ գնում է ախրանայով։ Ինքը արդեն հոգեվարքի մեջ է, ինքը մեռած է, մնում է իրեն թաղեն։ Թաղման արարողությունն էլ հետաձգվում է։

Նիկոլը երբեք ժողովրդին մարդու տեղ չի դրել։ Այն, որ ասում էր՝ 3 մլն վարչապետ, սուտ է։ Եվ ինքը չունի հայ ժողովրդի աջակցությունը։ Հայաստանում քիչ չեն, նրանք, ովքեր թուրքացած են, ովքեր թուրքական շահը գերադասում են հայկական շահերից, ովքեր թուրքերից հենց այսօր էլ ստանում են ֆինանսավորում։ Հանրության մոտ 60 տոկոսը ընտրությունների չի էլ մասնակցել և Նիկոլ չի ընտրել։ Դրա համար էլ ես կարծում եմ՝ էն երկու մետրանոց պատգամավորներ  ունենք մենք՝ ընդդիմադիրների շարքերում, հենց իրենք պիտի թույլ չտային, որ դավաճանը կանգներ այդ ամբիոնի մոտ։ Տակտիկական մեծագույն սխալ արեցին ընդդիմադիրները։ Ինչքան էլ ուզում են հիմա արդարացնեն իրենք իրենց ընդդիմադիրները, սակայն այդ գործողությունը շատ սխալ էր ՝ կամ մտնում ես պայքարի մինչև վերջ, կամ  ընդհանրապես մի  մտի։ Հանրային պահանջը թող հրապարակից ներկայացնեին։ Ժողովուրդը, որ քայլում է այս 20 օրը, դա հանրային պահանջ է։ Չպետք է գնալ ամբիոնից ներկայացնել ու թողնել դուրս գալ, որ Նիկոլն էլ մանիպուլյացիան ստոր կերպով օգտագործի։

- Նիկոլ Փաշինյանի «չբացահայտված» բացահայտման հայտարարության հետքերով անելիք չունեի՞ն քննչական մարմիները։

- Միանաշանակ ճիշտ եք։ Ե՛վ ՀՀ քննչական կոմիտեն, և՛ ԱԱԾ-ն և Դատախազությունը պիտի կանչեին Նիկոլ Փաշինյանին, տեսնեին այդ ինչ կարևոր բացահայտում էր պատրաստվում անել։ Եվ հետաքրքիր է մինչ այս պահը արդյոք հարցաքննվե՞լ է Նիկոլը Փաշինյանը։ Հիմա Փաշինյանը սենսացիոն բացահայտումներ պիտի աներ, ու չարեց, չպիտի լռեին այս երեք կառույցները, որոնք անգործության մեջ են։ Պատկերացրեք, ես հիմա կանգնեմ, հայտարարեմ՝ ֆունդամենտալ բացահայտումներ կարող եմ անել՝ ոնց հանձնվեց Շուշին, ոնց հանձնվեց Արցախը ու ինձ չկանչեն հարցաքննության։

- Կտա՞ հրաժարական Նիկոլ Փաշինյանը

- Վախկոտ մարդիկ ո՞նց են ընդհանրապես վարվում՝ դառնում են շատ դաժան և ավարտում են իրենց կյանքը։ Վախկոտները  երկու ճանապարհ ունեն՝  կամ փախչում են, իսկ ես վստահ եմ, որ Նիկոլը փորձելու է փախչել։ Կարող եմ ասել, ոչ ԱԱԾ-ն, ոչ էլ ոստիկանությունը չեն գնալու վերջիվերջո նրա հիվանդագին հրամանները կատարելու։ Չնայած, հիմա շատ վտանգավոր բան է տեղի ունենում։ Հիմա հավաքագրվում են ինչ-որ մարդիկ, ստեղծվում են ինչ-որ խմբեր, որոնց կարող է սադրանքների մղեն։ Այդ վտանգավոր երևույթը  նկատելի է։ Ընդդիմադիրների այս շարժման երկարացումը կարող է ծնել այն վտանգը, որ ինքը իր բաշիբոզուկներին, իրանց սիրած բառերով ասեմ՝ մեյդան հանեն։ Բայց ուժայինների միջոցով չի կարողանալու։ Եթե կարողացավ ձևավորել այդ խմբերը, ինքը կարող է գնալ այն սադրանքների, որոնք կբերեն արյուն։ Նիկոլը արյուն շատ է սիրում։ Եթե ուժայիններն էլ չկատարեն նրա հիվանդ երևակայության հրամանները, ապա, ես կարծում եմ Նիկոլը փախչելու է կամ նրան սպասվում է դաժան մահ՝  իր կատարած հանցագործությունների համար։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image