Երեւի թե մինչ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին ասված ամենադիպուկ բնութագիրը մնում է 2016-ի նախագահական ընտրարշավի ժամանակ իր դպրոցական դասընկերուհիներից մեկի ասածը, ով Թրամփին ճանաչում էր դպրոցական նստարանից․ «Դոնալդը կարող է ապրել առանց թթվածնի, բայց չի կարող ապրել առանց ինքնացուցադրվելու»։ Երեւում է 2024-ի նախագահական ընտրարշավի ժամանակ Թրամփի դեմ եղած ու կանխված մի քանի մահափորձերը եւս մի որակ են գեներացրել։ Հաջող կամ անհաջող տարբեր բացատրություններ կարելի է գտնել, բայց ակնհայտ փաստ է, որ Թրամփը նախագահության երկրորդ ժամկետում անսպառ ինքնագովազդին գումարել է անսպառ խոսելը։ Երեւի օր չի անցնում, որ լրագրողների առջեւ չարտահայտվի, կամ հարցերի չպատասխանի։ Երբեմն նույնիսկ նույն օրում մի քանի անգամ։
Բայց եթե կոնվենցիոն մտածողությամբ մեկ այլ նախագահի պարագայում այդքան արտահայտվելը հասարակությանը կօգներ հստակ ընկալելու նախագահի մոտեցումները, ծրագրերը քայլերը, Թրամփի պարագայում իր խոսելը միայն խառնաշփոթ է ստեղծում։ Ոչ միայն որովհետեւ ասում է ինչ մտքին գա՝ չմտահոգվելով ասվածի բանական կամ ընդունելի լինելու մասին, ինչպես օրինակ, Պաղեստինում Գազայի գոտին Մերձավոր Արեւելքի Ռիվիերայի վերածելու էքստրավագանտ գաղափարն էր, որի թեմայով ընթացիկ շաբաթ AI-ի (արհեստական բանականության) ստեղծած մի տեսահոլովակ էր պտտվում սոցցանցերում եւ համացանցում, որ տարածել էր նաեւ Թրամփն ինքը իր սոցիալական Truth հարթակի օգտահաշվից։ Ինչ խոսք զվարճալի տարրեր էլ կան Գազան Ռիվիերիայի վերածելու տեսահոլովակում, բայց ընդհանուր առմամբ տեսահոլովակն ավելի հիմար է եւ անընդունելի՝ հատկապես արաբների համար, քան զվարճալի։
Բայց, իհարկե, շաբաթվա ընթացքում տեսահոլովակից ավելի ուշագրավ եւ հիշվող էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին Թրամփի հակասական հայտարարությունները։ Անցյալ շաբաթ Թրամփ-Զելենսկի հեռակա լեզվակռվի ժամանակ, ամենքը կհիշեն, Զելենսկին ասել էր, թե` «Թրամփը գտնվում է ռուսական քարոզչական ստերի դաշտում», Թրամփն էլ իր հերթին Զելենսկուն կոչել էր «բռնապետ» (dictator), քանի որ վերջինիս նախագահական պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, սակայն նոր ընտրություններ Ուկրաինայում չեն կայանում։ Զելենսկուն դիկտատոր կոչելը, երբ ողջ Եվրոպան նրան մեր ժամանակների Ուինսթոն Չերչիլ է համարում՝ իր ոգու ուժի, կորովի, հակառուսական պայքար մարմնավորելու եւ հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով ռուսական չարիքի դեմ պայքարելու համար, պարզ է, որ Եվրապայում տարակուսանքի եւ հակադարձման ալիք բարձրացրեց։ Եվրոպայում երեւի չմնաց մի ազդեցիկ երկիր, որի առաջնորդները հրապարակավ Թրամփին չհակադարձեին եւ Զելենսկու հետ համերաշխություն չհայտնեին։
Բայց ողջ այդ հրապարակային աժիոտաժը Թրամփի կողմից Վլադիմիր Զելենսկուն դիկտատոր կոչելու շուրջ այնքան ուշագրավ չէր, որքան Թրամփի հերքումը, թե ինքը երբեւէ նման գնահատական չի բարձրաձայնել։ Փետրվարի 27-ին Սպիտակ տան Օվալաձեւ կաբինետում Թրամփն ընդունել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիեր Ստամերին (Keir Starmer): Ստամերը նախ երկրորդ անգամ պետական այցով Միացյալ Թագավորություն ժամանելու հրավեր փոխանցեց Թրամփին, միաժամանակ ներկաներին տեղեկացնելով, որ դա աննախադեպ հրավեր է, քանի որ պատմության մեջ երբեւէ չի եղել, որ նույն անձը երկրորդ անգամ պետական այցով Միացյալ Թագավորություն ժամանելու հրավեր ստանա ՄԹ միապետներից։ Նման պատվից Թրամփը անասելի շոյվեց, տեղում իր եւ Մելանյա Թրամփի անունից հրավերը ընդունեց, մի քանի հաճոյախոսություններ շռայլեց Չարլզ III-ի հասցեին, «Օ՜, նա մեծագույն անձնավորություն է, իրապես gentleman․․․ եւ ի՜նչ նամակ է ուղարկել, ի՜նչ ձեռագիր, ի՜նչ տպավորիչ ստորագրություն...», եւ այլն։ Ահա այդ տրամադրության մեջ Օվալաձեւ կաբինետում ներկա լրագրողներից մեկը հարցրեց․ «Պրն․ նախագահ, Դուք դարձյա՞լ այն կարծիքին եք, թե Զելենսկին դիկտատոր է»։ Եվ ի՞նչ եղավ Թրամփի պատասխանը․ «Did I say that?... I can't believe I've said that. Next question». Թարգմանաբար՝ «Ես այդպիսի բա՞ն եմ ասել․․․ Չեմ հավատում, թե այդպիսի բան ասած լինեմ։ Հաջորդ հարցը»։ Դե, եկ եւ ընկալիր։ Ինչ խոսք, դժվար է հավատալ, թե Թրամփը իրոք չի հիշում Mar-a Lago-յում ինչ է ասել, բայց նաեւ չես էլ բացառի։ Ամեն պարագայում սա եւս մի օրինակ է, որ Թրամփը կարող է ասել ինչ ասես՝ միտումնավոր, կամ հանպատրաստից։ Հետեւաբար, ինչպես շատերն են ասում, Թրամփի խոսքերի հետ պետք չէ հաշվի նստել․ նրա գործողությունների հետ է պետք հաշվի նստել։
Ահա թե ինչու անկախ այն ամենից ինչ ասվել է, հերքվել է, հաստատվել է, ներառյալ Պուտինի եւ Զելենսկու մասին Թրամփի հակասական հայտարարությունները (անցյալ շաբաթ Mar-a-Lago-ում ասել էր, թե Զելենսկին կործանում է Ուկրաինան, Պուտինն էլ կործանման եզրին է հասցրել Ռուսաստանը, եւ ընտրություն չունի խաղաղության համաձայնելուց բացի, այս շաբաթ Սպիտակ տանը իր կառավարության առաջին նիստին ասաց, թե Պուտինը խելացի անձնավորություն է, հաջորդ օրն էլ ՄԹ վարչապետ Ստամերի հետ ասուլիսում հայտարարեց, թե ինքը ահռելի հարգանք է տածում Զելենսկու հանդեպ եւ հիանում է նրանով»), փետրվարի 28-ին ողջ աշխարհի հայացքը ուղղված է լինելու Վաշինգտոնին։ Ամենքին հետաքրքիր է, թե Սպիտակ տուն հրավիրված Զելենսկին ինչ եւ ինչպես կբանակցի Թրամփի հետ։
Ի վերջո, ինչ բովանդակություն ունի Ուկրաինայի վերակառուցմանը ԱՄՆ-ի ներգրավման շրջանակային համաձայնագիրը, որ ակնկալվում է փետրվարի 28-ին Վաշինգտոնում ստորագրել։ Առայժմ կողմնակի հայտնի է, որ եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով Սպիտակ տանն էր փետրվարի 24-ին, եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիըր Ստամերը, ով Սպիտակ տանն էր փետրվարի 27-ին, Թրամփի հետ բանակցություններից եւ համաձայնագրի մանրամասներին ծանոթանալուց հետ դրան տրվող հավանության եւ աջակցության մասին հայտարարեցին Թրամփի հետ համատեղ ասուլիսներում։ Մնում է տեսնել Ֆրանսիան եւ Միացյալ Թագավորությունը, որ պատրաստակամ են խաղաղապահ զորագնդեր տեղակայելու Ուկրաինայում, այդ համաձայնագրում ինչն են դրական եւ արժեքավոր նկատել։