Մշակույթ

Ինչ զարգացումներ կան նկարիչների եւ գրողների գույքը պետականացնելու գործով

Ինչ զարգացումներ կան նկարիչների եւ գրողների գույքը պետականացնելու գործով

Նկարիչների եւ գրողների միությունների գույքի պետականացման թեման արդեն մի քանի շաբաթ կրքեր է բորբոքել։ Ինչպես հայտնի է, իշխանությունը, ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության, որոշել է պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, իսկ որպես հիմնավորում, հղում է անում «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ, այլ՝ հասարակական կազմակերպություններ։

Այս առիթով գրողների եւ նկարիչների միություններն արտահերթ համագումարներ հրավիրեցին ու իրենց անհամաձայնությունը հայտնեցին դատախազության` գրողների ու նկարիչների գույքը պետականացնելու պահանջին։
Հատկանշական է, որ եթե Գրողների միության հրավիրած համագումարին պետական որեւէ պաշտոնյա չկար, ապա Հայաստանի նկարիչների միության հրավիրած արտահերթ համագումարին ներկա էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով, իբրեւ կոմպրոմիսային առաջարկ երկու կողմերի համար, առաջարկեց նվիրատվության մեխանիզմ գործարկել, այն է՝ միությունն իր գույքը նվիրի կառավարությանը, կառավարությունն էլ այն նվիրաբերի միությանը։ Կառավարության անունից նախարարի արած առաջարկը, ինչպեսեւ սպասելի էր, բուռն կրքեր բորոբոքեց դահլիճում՝ նկարիչների շրջանում, ովքեր կտրականապես մերժեցին այդ առաջարկը, անգամ հարցը քննարկման օրակարգ մտցնելու տարբերակով։ Իսկ մտավախությունն այն էր, որ ոչ մի երաշխիք չկա, որ գույքը կառավարությանը նվիրելուց հետո կառավարությունն այն կնվիրաբերի նորից միությանը։

Ավելին՝ նկարիչների համագումարին ներկա ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նախարարի առաջարկի առնչությամբ հենց բեմահարթակից նկատեց, որ տպավորություն է, թե «քարկտիկ» ենք խաղում՝ «նվիրիր ինձ, որ նվիրենք քեզ» անվանումով։ Մինչդեռ կարելի է եւ պետք է ընդամենը յուրաքանչյուր ստեղծագործական միության կանոնադրության մեջ ավելացնել արգելանքի կետը՝ գույքը վաճառելու հարցում։

Ի դեպ, նախօրեին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, հյուրընկալելով Բագրատ սրբազանին եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին, նշել էր, որ պատասխան գրություն են ստացել Կադաստրի կոմիտեից, որը հաստատում է, որ սեփականության իրավունքի գրանցումը ժամանակին արվել է առանց որեւէ խախտումների․ «Ես կասկածում էի, որ ՀՀ կադաստրի կոմիտեն կարող է հանկարծ թուլանալ եւ իր նախորդներին ոտնատակ տալով նշի, թե սխալ ենք արել, որ սեփականության իրավունք ենք տվել, բայց օրերս ստացանք իրենց նամակը՝ կադաստրի գրությունը, որը հասցեագրված էր նաեւ դատախազությանը։ Իրենք պնդում են, որ ճիշտ են արել՝ հաստատելով Գրողների միության սեփականության իրավունքը, դա կրկնելով եւս 2 անգամ՝ 2001-ին եւ 2013-ին։ Այնպես որ, ես կարծում եմ՝ այդ համակարգերում էլ կան ազնիվ մարդիկ։ Իսկ Գլխավոր դատախազությունն ավելի շատ գործ ունի անելու թե՛ գերիների, թե՛ սահմանների, թե՛ անհետ կորածների եւ թե՛ այլ թեմաներով ու ժամանակն իզուր է վատնում արվեստագետներին իր դեմ հանելու, արվեստը ոչնչացնելու․․․»։

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ միության գույքը կառավարությանը նվիրաբերելու նախարարի առաջարկին պատրաստվո՞ւմ են ընթացք տալ։ «Մենք դեռ չենք ստացել գրավոր առաջարկը, քանի որ համագումարի ժամանակ տիկին Անդրեասյանն այն բանավոր կերպով հնչեցրեց, եւ մենք սպասում ենք գրավոր առաջարկին, երբ կլինի գրավոր առաջարկը, այդ ժամանակ իրավաբանները կուսումնասիրեն, եւ մենք հետագայում մեր դիրքորոշումը կհայտնենք։ Մենք այդ առաջարկն ընդունեցինք ի գիտություն, բայց սպասում ենք առաջարկի գրավոր տարբերակին, քանի որ բոլոր կետերի վրա պետք է աշխատել, եւ նոր հետո կհրավիրվի Նկարիչների միության արտահերթ համագումար, եւ այդ ամբողջ փաթեթը կներկայացվի համագումարին, ու եթե հավանություն ստանա համագումարի կողմից, նոր արդեն ընթացակարգով առաջ կգնանք»։
Այն, որ միության անդամ նկարիչները նախարարի այս առաջարկը որպես ծուղակ ընկալեցին, քանի որ հնարավոր է, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, պետությունն այդ գույքը վերջնարդյունքում իրենց չնվիրաբերի, միության նախագահն առաջարկեց ենթադրություններով չառաջնորդվել․ «Երբ կլինի գրավոր տարբերակը, այդ ժամանակ էլ մենք կքննարկենք ու կկիսվենք հանրության հետ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image