Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը Նովրուզ Բայրամի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ես ուզում եմ ձեզ և Ադրբեջանի ժողովրդին մաղթել ուրախ ու բարեկեցիկ Նովրուզ Բայրամ: Նորացման այս ժամանակը առիթ է վերահաստատելու մեր համագործակցությունն ու պարտավորությունը խաղաղությանը», - ասել է ԱՄՆ նախագահը:
Նշելով, որ ԱՄՆ-ի՝ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության Մինսկի խմբի համանախագահերկրներից (Ռուսաստանի, Դաշնություն, Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) մեկը լինելու փաստը՝ Բայդենն ասել է, որ իր վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ` կարգավորելու ընդհանուր անվտանգության խնդիրներն ու տարածաշրջանային հաշտեցումը:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք հավատարիմ ենք մնում կողմերին օգնելու գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու տևական լուծումն ու խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ բարեկեցիկ ու խաղաղ ապագա ապահովելու համար: Մենք նաև աջակցում ենք ձեր ջանքերին՝ ձեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և Կասպից ծովում էներգետիկ հնարավորությունները զարգացնելու ուղղությամբ: Միացյալ Նահանգներն ակնկալում է ուսումնասիրել տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները:
«Ես իմ լավագույն ցանկություններն եմ հղում ձեզ և Ադրբեջանի ժողովրդին այս նոր տարվա ու նոր գարնան կապակցությամբ», - ասվում է նամակում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ Բայդենի շեշտադրումներն ուշագրավ են։ Կարելի է ասել, որ Դեմոկրատ գործիչը ևս մեկ անգամ ընդգծում է տարածաշրջանային հակամարտություններում ԱՄՆ-ի՝ դիվանագիտական ակտիվացման մասին։