«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն օրերս հայտարարել էր, որ լուրջ հետընթաց կա Հայաստանում` խոսքի ազատության առումով: Եւ դա հատկապես կապված է պաշտոնատար անձանց վիրավորանքի քրեականացման աղմկահարույց օրենքի իրավակիրառման հետ։ Հիշեցնենք, որ չնայած համընդհանուր քննադատություններին իշխանությունը քրեականացրեց զրպատությունը եւ վիրավորանքը, հատկապես պաշտոնատար անձանց հետ կապված, որն այլեւս պատժվելու է քրեական օրենսգրքով` տուգանքի կամ կալանքի ձեւով: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արդեն ունենք քրեական հետապնդումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին մեկնաբանության մեջ վիրավորած օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել։
«Freedom House» կազմակերպությունն իր զեկույցում ՀՀ իշխանություններին կոչ է անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը, նշում է, որ Հայաստանում ժողովրդավարական նորմերից հետընթաց կա:
Այս գնահատականն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ իրավիճակի վրա: Չէ որ երբ պետք է իշխանավորները ողջ օրը ցիտում են միջազգային կազմակերպությունների գնահատականները, մանավանդ եթե դրանք առաջընթաց են նկատում որեւէ հարցում: Իսկ «Freedom House»-ը միջազգային բարձր հեղինակություն ունեցող կառույց է:
Հարցն ուղղեցինք Իմ քայլի նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» Հկ-ի նախագահ, լրագրող Գայանե Աբրահամյանին։ Վերջինս հիշեցրեց, որ այս օրենքի հետ կապված անձամբ, նաև նախկինում հայտնել է իր մտահոգությունը։ «Այո, «Freedom House»- ը ճիշտ է մեկնաբանել, այո, կա հետընթաց, որևէ կերպ, ընդհանրապես, պաշտոնյաները չեն կարող ավելի պաշտպանված լինել, քան սովորական քաղաքացիները։ Եվ առավել ևս՝ չեն կարող պաշտպանված լինել վիրավորանքից, որովհետև հանրային պաշտոնյան այդ պաշտոնը ստանձնելիս միշտ պատրաստ պետք է լինի, որ, որոշակի հանրային ուշադրության և, այո, վիրավորանքների պիտի արժանանա»,- ասաց Գայանե Աբրահամյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում նման օրենքի ընդունումն ինքնին խնդրահարույց է։ Իսկ թե ինչու է ընդունվել, ինքը չի կարող պարզաբանել։
«Առավոտ» առցանցի խմբագիր Աննա Իսրայելյանն էլ խոսեց «Freedom House»- ի գնահատականին հետևած իշխանությունների արձագանքի մասին։ «Կարդացի ՔՊ-ից այդ նախաձեռնության հեղինակի ասածը, որ իբր, իրավապաշտպան կազմակերպությանը մոլորության մեջ են գցել, ճիշտ չի հասկացել այդ հոդվածի բովանդակությունը։
Անկեղծ ասած, էս տեսակ արձագանքները նորություն չեն։ Մենք շատ լավ հիշում ենք, որ նախկինում էլ միջազգային կառույցների քննադատություններին էլի սկսում էին հակադարձել, թե դուք Պոլիտբյուրո չեք, մեզ դաս տալու իրավունք չունեք, ձեր ասածներն ընդամենը խորհրդատվական նշանակություն ունեն։ Եվ եթե էլի մտադիր են նույն ճանապարհով գնալ, շնորհավորում եմ», ասաց Աննա Իսրայելյանը։
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանին, որը, հակասահմանադրական է համարում այս օրենքը, հարցրեցինք հնարավոր արտաքին ազդեցությունների ու հետևանքների մասին։ Վերջինս դժվարանում է ասել, թե «Freedom House» - ի այս անդրադարձը հետագայում ինչ հետևանքներ կարող է ունենալ։ «Ի վերջո, դա հասարակական կազմակերպություն է, և ոչ միշտ են մեր կառավարությունը, ինչպես նաև խորհրդարանական մեծամասնությունը ուշադրություն դարձնում թե հայկական, թե արտասահմանյան ՀԿ-ների կարծիքներին»,-ասաց Նավասարդյանը։ Բայց նա չի բացառում, որ դրան հետևի նաև Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի արձագանքը։ Նա կասկած չունի, որ «Freedom House»-ն ինքը մամուլի ազատության հարցով իր զեկույցում կիջեցնի Հայաստանի վարկանիշը:
Ի դեպ, մենք նախ փորձեցինք միջազգային այս ամենաազդեցիկ իրավապաշտպան ՀԿ-ի գնահատականի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ «Հայկական ժամանակ» օրաթերթից։ Որպես լրատվամիջոց ինչպե՞ս են գնահատում, որ նման հեղինակավոր կազմակերպությունը այդքան լրջորեն քննադատում է ՀՀ իշխանություններին, երիտասարդը, որը պատասխանեց խմբագրության հեռախոսահամրին, չներկայացավ, եւ հայտարարեց․ «Մենք մեկնաբանություն չունենք։ «Հայկական ժամանակը» չի ցանկանում մեկնաբանություն տալ»։ Իսկ ժամանակին ոչ միայն մեկնաբանում էր, այլեւ պայքարում խոսքի ազատության եւ լրագրողական իրավունքների համար: