Հասարակություն

«Հրապարակ». Հայ գեներալները պահվում են Բաքվի եւ Հայաստանի բանտերում

«Հրապարակ». Հայ գեներալները պահվում են Բաքվի եւ Հայաստանի բանտերում

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանն ու հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտերում են, իսկ ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովն ու Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը Հայաստանի բանտերում են։ Խաչատուրովին ու Արզումանյանին առաջադրված մեղադրանքները դեռեւս չեն քննվել դատարանների կողմից, նրանց նկատմամբ մեղադրական դատավճիռներ չկան, սակայն նրանք արդեն պատիժ են կրում․ տեւական ժամանակ է՝ զրկված են ազատությունից: Չնայած թվում է, որ անգամ եթե ծանր մեղադրանքներ առաջադրվեին նրանց նկատմամբ,  իրավապահները, հաշվի առնելով նրանց վաստակը, խափանման միջոց կալանք չպետք է կիրառեին: Իսկ իրավաբաններն առհասարակ պնդում են, որ մեղադրանքներն էլ են փուչիկ` բովանդակությունից զուրկ:

Բայց նման մեղադրանքների, նման վաստակի պարագայում, այս անձանց նկատմամբ գործի են դրվել պատժիչ դաժան մեխանիզմներ` խափանման ամենածանր միջոց կալանքը, եւ որոշ ժամանակ արգելվել են նաեւ նրանց տեսակցությունները հարազատների, անգամ՝ պատգամավորների հետ, չնայած այժմ արդեն տեսակցությունների արգելքը հանվել է:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը 1 տարուց ավելի է, ինչ կալանավորված է։ Արզումանյանը կալանավորվել էր 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Արզումանյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար, այլ կերպ ասած՝ Արզումանյանը Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է Շուշիի հանձնման մեղավոր։

Մեզ հետ զրույցում Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ ամեն անգամ, երբ Արզումանյանի կալանքը երկարաձգվել է, այդ որոշումը բողոքարկվել է, սակայն Արզումանյանը շարունակում է մնալ կալանավորված։ Ինչ վերաբերում է կալանքի ռեժիմին եւ տեսակցելու թույլտվություններին, ապա Սարգսյանն ասաց, որ բացի դատավարության մասնակիցներից, մյուսների մասով բաց է, այսինքն՝ բացի դատավարության մասնակիցներից, բոլորը կարող են տեսակցել Արզումանյանին։ Հարցրինք՝ իսկ քաղաքական-հասարակական գործիչներ, ընդդիմադիր պատգամավորներ, իրավապաշտպաններ այցելո՞ւմ են Արզումանյանին։ «Ճիշտն ասած՝ նման տեղեկատվության ես չեմ տիրապետում»,- ասաց Արզումանյանի պաշտպանը։

Գեներալ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է 2023 թվականի մարտի 16-ին եւ արդեն 8 ամիս կալանավայրում է։ Մեզ հետ զրույցում Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանն ասաց, որ Խաչատուրովի տեսակցություններն էլ են բաց։ Հարցին, թե հասարակական-քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ այցելե՞լ են Խաչատուրովին, փաստաբանը պատասխանեց․ «Իմ տեղեկություններով՝ երբեմն պատգամավորներ են այցելում, իրավապաշտպանների չեմ մտաբերում, բայց այնպես չէ, որ պարոն Խաչատուրովը բոլորի հետ ուզում է տեսակցել, բայց չեմ հիշում, որ երբեւէ իմ միջոցով դիմած լինեն»։ Փաստաբանը չմտաբերեց, թե պատգամավորներից կոնկրետ ովքեր են այցելել։ Ինչ վերաբերում է Խաչատուրովի կալանքի հետ կապված իրավական գործընթացներին, պաշտպանն ասաց, որ այս պահին կալանքի վերջին երկարացման դեմ վերաքննիչ բողոք են պատրաստում, իսկ նախավերջին երկարացման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել, սակայն տեղեկություն չունի՝ ընդունվե՞լ է վարույթ, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովն էլ մեղադրվում է գործածության համար ոչ պիտանի զորանոցը սեփականաշնորհելու համար, որի սեփականատերն իր ընկերն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image