«Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը շարունակում են գտնվել վարչական վերահսկողության տակ, սակայն այդ սահմանափակումներում փոփոխություն է կատարվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել է «Անտիֆեյքի» գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։
«Մեր միջնորդությամբ հունիսի 26-ին կայացած դատական նիստում խնդրեցինք, որ Նարեկին և Վազգենին թույլատրվի գործունեություն ծավալել բացառապես «Patreon» հարթակում, որպեսզի փակ լսարանի համար կարողանանք նրանց մասնակցությամբ կոնտենտ արտադրել։
Խնդիրն այն է, որ «Անտիֆեյքը» ինքնաֆինանսավորվող հարթակ է, և մեր եկամուտների մի մասը ձևավորվում է հենց «Patreon»-ի միջոցով։ Սակայն, քանի որ Նարեկն ու Վազգենը նոյեմբերից ի վեր զրկված էին հրապարակային խոսքի հնարավորությունից՝ նախ կալանքի, ապա տնային կալանքի, իսկ այժմ՝ վարչական վերահսկողության պայմաններում, մենք լուրջ դժվարությունների էինք բախվում։ Այդ պատճառով էլ դիմեցինք դատարան՝ խնդրելով բացառություն անել փակ լսարանի համար։ Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը՝ թույլատրելով նրանց գործունեությունը միայն «Patreon» հարթակում»,- ասացՄաթևոսյանը։
Նրա խոսքով՝ համապատասխան դատական որոշումն արդեն ուժի մեջ է, և Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն այսուհետ կարող են հաղորդումներ վարել «Patreon»-ում։
«Այսինքն՝ Նարեկի և Վազգենի մասնակցությամբ «Իմնեմնիմի» հաղորդաշարը հասանելի կլինի բացառապես «Patreon»-ի բաժանորդներին, իսկ «Իմնեմնիմի» փոդքաստը ուղիղ եթերի ձևաչափով կշարունակի հեռարձակվել «Անտիֆեյքի» եթերում՝ նրանց գործընկերների մասնակցությամբ։ Ուստի, եթե մարդիկ ցանկանում են դիտել Նարեկի և Վազգենի մասնակցությամբ հաղորդումները, պետք է բաժանորդագրվեն «Patreon»-ին»,- նշել է նա։