Հասարակություն

Մագդեբուրգ․ Breiter Weg նյույորքյան Բրոդվեյից առաջ

Մագդեբուրգ․ Breiter Weg նյույորքյան Բրոդվեյից առաջ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ունի 16 երկրամաս։ Դրանցից մոտ կեսի անունները գիտի երեւի յուրաքանչյուրը, քանի որ հաճախ են հնչում։ Նախ՝ հանրահայտ քաղաքները՝ Բեռլին, Համբուրգ Բրեմեն, որոնք վարչական առումով ունեն քաղաք-երկրամասի կարգավիճակ։ Ապա՝ Բրանդենբուրգը, որի անունը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասի շնորհիվ գիտեն ամենքը (նաեւ Բրանդենբուրգից է ծնունդ առել Պրուսիայի Թագավորությունը, որը գերմանական անկախ իշխանությունները միավորելով՝ ի վերջո, 1870-ին վերածվեց Գերմանական կայսրության)։ Ամենքը գիտեն նաեւ Բավարիան` Մյունխեն մայրաքաղաքով։

Այնուհետ՝ երեք Սաքսոնիաները՝ Ստորին Սաքսոնիա (մայրաքաղաքը՝ Հաննովեր), Սաքսոնիա-Անհալթ (մայրաքաղաքը՝ Մագդեբուրգ) եւ Սաքսոնիա (մայրաքաղաքը՝ Դրեզդեն)։ «Սաքսոնիա», «սաքսեր» բառերը ծանոթ է ռուսերեն քիչ թե շատ իմացող ցանկացած մարդու, քանի որ ռուսները 2 հարյուր տարի զազրախոսում են Բրիտանական կայսրության դեմ՝ англосаксы բառը հոլովելով։ Մինչդեռ Սաքսոնիաները եւ սաքսերը Գերմանիայում են, ոչ թե Մեծ Բրիտանիայում... 
Իսկ Սաքսոնիաների տարածքում ամենից վաղ հիմնադրված, պատմականորեն հզորություն ու դերակատարում ունեցած քաղաքը Մագդեբուրգն է՝ Անհալթ-Սաքսոնիայի մայրաքաղաքը։ Բավական է ասել, որ քաղաքի հիմնադիրը եղել է Կառլոս Մեծը (Charlemagne 748-814): Իսկ քաղաքն ընդարձակել, հզորացրել, արքեպիսկոպոսական նստավայր է դարձրել, իր արքունիքը մասամբ այդտեղ է հաստատել եւ մահվանից հետո էլ Մագդեբուրգում է հուղարկավորվել Սրբազան Հռովմեական Կայսրության առաջին կայսրը՝ Օտտո I-ը (912-973)։ Օտտո Մեծը նաեւ Magdeburg Rights է կոչել իր կողմից մշակված քաղաքային բնակավայրերի ներքին կառավարման, նրանց շնորհվող արտոնությունների կանոնները, որոնցով հետագայում ղեկավարվել են  Գերմանիայի եւ Արեւելյան Եվրոպայի քաղաքները ողջ միջնադարում։ Վերջապես՝ Մագդեբուրգի տաճարը, որտեղ հուղարկավորված են Օտտո Մեծը եւ նրա կինը, գոթական ոճով կառուցված առաջին տաճարն է գերմանական հողերում, որի օրինակով են կառուցվել բոլոր մյուսները։ 
Սակայն Մագդեբուրգի ազդեցությունը Եվրոպայի սահմաններով չի ավարտվել։ Համաձայն լեգենդի, Նոր աշխարհ՝ Ամերիկա տեղափոխված եվրոպացիները Նյու Յորքի Բրոդվեյ պողոտան (անգլերեն հնչում է Broad way եւ նշանակում է Լայն ճանապարհ) այդպես են կոչել ի պատիվ Հին Մագդեբուրգի Breiter Weg պողոտայի, որը գերմաներեն նույնպես նշանակում է Լայն ճանապարհ։ Մագդեբուրգում ես հավատացի այդ լեգենդին, որովհետեւ եվրոպական քաղաքների՝ Old Town-ների համար Breiter Weg-ն իրոք անսովոր լայնահուն փողոց է։ Սովորաբար միջնադարյան փողոցները կառուցվել են նեղլիկ, որպեսզի շենքերը միմյանց մոտ լինեն, արագ հաղորդակցություն հնարավոր լինի ապահովել, նաեւ անհրաժեշտության դեպքում՝ արագ բարիկադ, ամրություն, պաշտպանություն կառուցել։ Այդքանով էլ, միջնադարում Breiter Weg-ի նման լայնահուն փողոցը կարող էր մարդկանց տպավորել, զարմացնել, հիշողության մեջ մնալ եւ, ի վերջո, իր անունը տալ նյու-յորքյան Broadway-ին։

Breiter Weg-ը մեր Բաղրամյան պողոտայի երեւի կրկնակի լայնությունն ունի։ Երկարությամբ Բաղրամյան պողոտայի չափ է՝ երկու կիլոմետր, քիչ ավելի։ Եթե Մագդեբուրգի պատմությունից ոչինչ էլ չիմանաս, միայն Breiter Weg-ի մայթեզրերով ձգվող շենքերից էլ  կկռահես, որ դա անցյալում հարուստ եւ հզոր իշխանությամբ քաղաք է եղել։ Տպավորում են ոչ այնքան առանձին շենքերը (որքան էլ դրանք բարրոկոյի դետալներ, դեկորներ, հմայք ունեն), որքան շենքերի ձգվող պասսաժը, քաղաքաշինական մտահղացումը։ Hasselbachplatz կոչվող փոքրիկ հրապարակում, որտեղ ավարտվում է Breiter Weg-ը, եւ հատվում է հինգ փողոց, գրեթե Վիեննայի հետ ասոցիացիաներ են արթնանում։ 
Իսկ Մագդեբուրգի՝ միջնադարում սկզբնավորված հարստությունն ու հզորությունը բացատրվում է ոչ միայն Magdeburg Rights-ի, քաղաքի կառավարման կանոնների, բնակիչներին շնորհվող արտոնությունների վաղ ներդրմամբ,  սոցիալական գրավչությամբ, այլեւ հատկապես իրողությամբ, որ Մագդեբուրգով են անցել Գերմանիայի, կարելի է ասել՝ նույնիսկ Եվրոպայի արեւելքն ու արեւմուտքը կապող առեւտրային ճանապարհները։ Մագդեբուրգը հարյուրամյակներ շարունակ ցամաքային ճանապարհների խաչմերուկ է եղել, իսկ 20-րդ դարասկզբից նաեւ ջրային-նավարկային ուղիներն են ե´ւ արեւմուտքից, ե´ւ արեւելքից հասել Մագդեբուրգ։ Արեւմուտքից Հռենոսի ավազանի գետերը միավորող եւ Գերմանիայի կենտրոնով ձգվող Mittellandkanal ջրանցքն է հասել մինչեւ Մագդեբուրգ, արեւելքից՝ Էլբա եւ Հավել գետերն արհեստականորեն կապող ջրանցքը։ 

Եվ ահա 20-րդ դարավերջին Գերմանիաների վերամիավորումից հետո Մագդեբուրգում իրականացվել է ջրային ինժեներիայի ամենատպավորիչ նախագծերից մեկն աշխարհում։ 1998-ին սկսվել, 2004-ին ավարտվել է 916 մ երկարությամբ, 34 մ լայնությամբ եւ 6,5 մ խորությամբ ջրային կամրջի կառուցումը, որն անցնում է Էլբա գետի վրայով եւ միացնում է արեւմտյան Mitellandkanal ջրանցքն արեւելյան Էլբա-Հավել ջրանցքին։ Դա ամենաերկար ջրային կամուրջն է Եվրոպայում եւ կարծես երկրորդն աշխարհում (ԱՄՆ-ում գտնվող մի ջրային կամրջից հետո), որի կառուցումը թույլ է տվել ոչ միայն Բեռլինը եւ Հաննովերը կապել անխափան ջրային ուղով, այլեւ հնարավոր է դարձրել Արեւելյան Եվրոպան, ներառյալ Լեհաստանը, Չեխիան Էլբայի եւ Հռենոսի ջրանցքներով ու ավազանով կապել Ատլանտյան օվկիանոսին։ 
Անշուշտ, ինժեներական մտքի սլացքը, տնտեսական շահավետությունը եւ այլն, խորապես տպավորում են, բայց ոչինչ այնպես չի տպավորում, ինչպես տեսարանի բացառիկությունն ու գեղեցկությունը՝ գետի վրայից հոսող գետ։ Ընդսմին, ջրային կամրջի վրա կարելի է զբոսնել ոտքով, հեծանիվով, նավակով... Կամուրջը գտնվում է Մագդեբուրգի կենտրոնից՝ Հին Քաղաքից ընդամենը 4-5 կմ հեռավորության վրա, կոչվում է Magdeburg Water Junction (Մագդեբուրգի ջրային հանգույց) եւ, վստահաբար, մի վայր է, որը պետք է տեսնել, եթե Մագդեբուրգում ես։ 

Մեկ այլ շինություն, որը նույնպես Գերմանիաների վերամիավորումից հետո է կառուցվել Մագդեբուրգում եւ, վստահաբար, արժե տեսնել, Green Citadel-ն է (Grüne Zitadelle)։ Ինձ նույնիսկ թվում է՝ շինության արտաքին տեսքին ավելի համահունչ կլիներ, եթե այն Rosy Citadel կոչվեր, քանի որ ավելի շատ Citadel-ի պատերի վարդագույն ալիքաձեւ շերտագծերն են աչքի զարնում, քան պատերին մագլցող կանաչ թփերը։ Green Citadel-ի հեղինակը եւ ճարտարապետը Հանդերտվասերն է (Friedensreich Hundertwasser): Ի դեպ, Green Citadel-ը  Հանդերտվասերի վերջին ստեղծագործությունն է, որի շինարարությունն ավարտվել է իր մահվանից հետո։ Հանդերտվասերը գուցե 20-րդ դարի Անտոնիո Գաուդին չէ, բայց չափազանց հայտնի ճարտարապետ է եւ ոճով Գաուդիին շատ մոտ է։ Հանդերտվասերն էլ նույն հավատամքի կրողն է, որ մարդն իր արարչության մեջ պետք է հետեւի բնությանը, իսկ բնության մեջ չկան ուղիղ գծեր, հետեւաբար, ճարտարապետության ուղիղ գծերն էլ պետք է կոտրվեն։ Ըստ Հանդերտվասերի՝ ֆունկցիոնալիզմը պետք է փոխարինվի անհատականության ընդգծումով եւ բնությանը մոտենալով։ Green Citadel-ն այդ փիլիսոփայության նյութական մարմնացումն է։ 
Իհարկե, Մագդեբուրգի Հին Քաղաքում նաեւ Հին ու Նոր քաղաքապետարանների շենքերն են արժանի տեսնելու, Մարտին Լյութերի արձանը, որը, ի դեպ, ուսանել է Մագդեբուրգում, իսկ «95 թեզիսների» հրապարակումից հետո առաջիններից մեկը Մագբեբուրգում է բողոքականության իր քարոզչությունը տարածել եւ հաջողել է քաղաքում մեծաթիվ հետեւորդներ գտնել։ Հին Քաղաքում բարձրանում է նաեւ իրենց մի քաղաքապետի՝ Otto von Guericke-ի բրոնզե հուշարձանը, որը 1640-70-ականներին կառավարել է Մագդեբուրգը եւ շնորհիվ իր քաղաքական, դիվանագիտական, ինժեներական ու գիտական տաղանդների, կարողացել է Երեսունամյա պատերազմի ընթացքում բնակչության եւ շինությունների 90%-ը կորցրած Մագդեբուրգը մեկ տասնամյակում ոտքի կանգնեցնել։ Այդ անհավատալի ծառայությունների համար նրան հիշում եւ մեծարում են նաեւ այսօր։ 

Եվ, վերջապես, Մագդեբուրգում անպատճառ պետք է տեսնել այն տաճարը, որտեղ հուղարկավորված է Մագդեբուրգի գրեթե հիմնադիր, Սրբազան Հռոմեական կայսրության առաջին կայսր Օտտո Առաջինը (Օտտո Մեծը), որի գործունեությունից էլ սկզբնավորվել են Մագդեբուրգի վերելքն ու պատմությունը։ Արդեն ասացի, որ դա նաեւ գերմանական հողերում կառուցված առաջին գոթական տաճարն է, որի նմանությամբ են կառուցվել բոլոր մյուս գոթական տաճարները Գերմանիայում։ Ես տաճարում եղա եւ պատահական համընկնումով հենց այն օրը, այն ժամին, երբ Մագդեբուրգի տաճարում երգեհոնային երաժշտության համերգ էր սկսվում։ 

Այնպես է ստացվել, որ կյանքում առաջին անգամ երգեհոնային կատարում ես ունկնդրել եմ Լայպցիգի St. Thomas Church-ում (Thomaskirche): Դա այն եկեղեցին է, որի խմբավարը (Thomaskantor) եւ երգեհոնահարը շուրջ երեք տասնամյակ (1723-1750) եղել է Յոհան Սեբաստիան Բախը։ Thomaskirche-ում (թարգմանաբար՝ Սուրբ Թովմայի եկեղեցի) կա երկու երգեհոն։ Դրանցից մեկը ստեղծվել է 2000-ին, հատուկ Բախի երգեհոնային ստեղծագործությունների կատարման համար, որպեսզի գործիքը հնչի այնպես, ինչպես Thomaskirche-ի 18-րդ դարի երգեհոնը, որի վրա նվագում էր Բախը։ Այդ օրը, երբ ես եկեղեցում էի, հնչում էր այդ երգեհոնը։ Պետք է այդպես պատահեր, որ աշխարհի բոլոր քաղաքների բոլոր տաճարներից հենց Բախի ապրած քաղաքում, Բախի  եկեղեցում, Բախի երգեհոնով, Բախի ստեղծագործությամբ ես առաջին անգամ երգեհոնային կատարում ունկնդրեի։

Այժմ էլ պետք է այդպես զուգադիպեր, որ առաջին անգամ երգեհոնային համերգ՝ մեկ ժամից ավելի տեւողությամբ, ես ունկնդրեի Գերմանիայի ամենահին գոթական տաճարում, որի կառուցումը սկսել է Սրբազան Հռոմեական կայսրության առաջին օծյալ կայսրը, եւ որտեղ էլ հանգչում են նրա մասունքները...  Ամբողջ կյանքի համար մնացած էսթետիկ բավականություն, հիշողություն եւ տպավորություն։ Մաժոր ակորդ, որով էլ արժե ավարտել ճանապարհորդական նոթերը Գերմանիայից։ 

Մանավանդ՝ Մագդեբուրգից ես մեկնում էի Բեռլին, իսկ Բեռլինի, նույնիսկ Պոտսդամի եւ Sanssouci-ի մասին չեմ գրի, նախ՝ որովհետեւ պետք է որ նախկինում գրած լինեմ, այնուհետ՝ Հայաստանից շատերն են տարբեր ծրագրերով Բեռլին այցելում։ Մնում է միայն ցանկանալ եւ մաղթել, որ Հայաստանը որքան հնարավոր է արագ հասնի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի եւ անդամակցության, եւ այդ ճանապարհին, տա Աստված, 2026-ին վիզաների ազատականացման խնդիրը լուծվի, ինչը հնարավորություն կտա անհամեմատ մեծ թվով հայաստանցիների այցելել Եվրոպա, հատկապես՝ Արեւմտյան Եվրոպա, որի հետ մեր պատմությունը միահյուսված է արդեն երկու հազարամյակ՝ Տիգրան Մեծի, Հուլիոս Կեսարի, Մարկ Անտոնիոսի, Արտավազդ II-ի ժամանակներից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image