Քաղաքականություն

Ադրբեջանում ճիշտ են` Հարավային Կովկասում խաղաղության կամ պատերազմի հարցը կախված է ռուս-ադրբեջանական հարաբերություններից

Ադրբեջանում ճիշտ են` Հարավային Կովկասում խաղաղության կամ պատերազմի հարցը կախված է ռուս-ադրբեջանական հարաբերություններից

Բաքվում ՌԴ նախագահը խոսեց Հարավային Կովկասում Ռուսաստանի պատմական ներգրավվածության մասին։ «Եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, գործը հասցնենք սահմանազատման եւ սահմանագծման, լոգիստիկայի համապատասխան ուղղությունների եւ տնտեսության ապաշրջափակման, ապա մենք շատ ուրախ կլինենք դրա համար»,- ասաց նա։ 

Ալիեւը, ով հատկապես 2020-ի պատերազմից հետո կարողանում է մանեւրել Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ՝ երկու բեւեռներից էլ ստանալով ցանկալին, հայտարարեց՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններից է կախված ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը, իսկ նրա ԱԳ նախարարը Հայաստանին «մեղադրեց անհիմն պահանջների» մեջ՝ շեշտելով, որ Ռուսաստանը միշտ էլ ընդունելի հարթակ է եղել բանակցությունների համար։ Մամուլում առկա տեղեկատվությունից նկատելի է, որ Մոսկվան փորձում է վերջին շրջանում կորցրած, թուլացած դիրքերն ամրապնդել տարածաշրջանում, իսկ Բաքուն շարունակում է առավելագույնը ստանալուն ձգտել։ 

Ըստ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի՝ Պուտինի հայտարարությունները շատ բան չեն փոխի հայ-ադրբեջանական գործընթացում, քանի որ Ադրբեջանը Հարավային Կովկասում իրեն լիդեր է համարում եւ միջնորդների կարիք չի զգում, իսկ ՀՀ իշխանությունները որպես միջնորդ Ռուսաստանին չեն տեսնում՝ համարելով, որ Ռուսաստանը ոչ միայն չեզոք չէ, այլեւ հակամարտության կողմ է։ «Ռուսաստանը մեկ գերխնդիր ունի՝ մնալ Հարավային Կովկասում եւ պահպանել իր ներկայությունը, իսկ այդ ներկայությունն ապահովելու ամենակարճ ճանապարհը հետեւյալն է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիները բացվեն եւ լինեն ռուսական վերահսկողության կամ անմիջական մասնակցության ներքո, որին հասնելու համար իրենք պիտի փորձեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հասնել այնպիսի խաղաղության, որ դա ստացվի»,- ասում է Բաղդասարյանը։ Ըստ վերլուծաբանի՝ եթե դա չստացվի, Ռուսաստանը Հարավային Կովկասում պարզապես անելիք չի ունենա։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նրա խնդիրն այս փուլում Հայաստանից առավելագույնը պոկելն է։ Եթե Ադրբեջանը համարի, որ դա հնարավոր է անել պատերազմի միջոցով, Բաղդասարյանի խոսքով, կպատերազմի, եթե համարի, որ դա հնարավոր է անել, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի միջոցով, կանի այդ ճանապարհով։

«Ադրբեջանը շատ հստակ նպատակներ ունի, եւ քանի որ Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով փորձում է Հայաստանին ստիպել երես թեքել Արեւմուտքից, Ադրբեջանը, դա հասկանալով, դիմացը որոշակի գին է պահանջում Ռուսաստանից։ Ըստ էության, հենց այդ բանակցություններն էլ ընթանում էին Բաքվում։ Այսինքն՝ շատ բաց խոսակցություն է գնում, եւ Ադրբեջանում ճիշտ են ասում, երբ ասում են, որ Հարավային Կովկասում խաղաղության կամ պատերազմի հարցը կախված է ռուս-ադրբեջանական հարաբերություններից։ Նրանք շատ անկեղծ են։ Այսինքն՝ իրենք Թուրքիայի հետ միասին են որոշելու՝ հրահրե՞լ նոր պատերազմ եւ Ռուսաստանին ներքաշել նոր պատերազմի մեջ, թե՞ պահպանել կայունություն՝ այնպես, որ Ռուսաստանն իր ներկայությունը պահպանի նաեւ Հայաստանում, ինչպես փաստացի ունի Վրաստանում, որովհետեւ, երբ մենք ասում ենք, որ Վրաստանն ամբողջովին թեքված է դեպի Արեւմուտքը, հասկանալի է, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքում, այսինքն՝ Հարավային Կովկասում, առնվազն 2 լուրջ ներկայություն ունի՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան»,- բացատրում է մեր զրուցակիցը։

Այդ դեպքում Արեւմուտքը, որը փորձում է տարածաշրջանում իր վերահսկողությունը տարածել, ազդելու ի՞նչ լծակներ ունի, եւ դեպի Արեւմուտք թեքված Հայաստանն ի՞նչ կարող է ստանալ դրանից։ Արմեն Բաղդասարյանը պատասխանում է․ «Հայաստանն այնպիսի վիճակում է, որ պետք է մտածի ոչ թե ինչ-որ բան ստանալու, այլ եւս ինչ-որ բան չկորցնելու մասին։ Արեւմուտքի խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը չէ, նրա խնդիրը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն ու, այսպես կոչված, Միջին միջանցքը բացելն է, որը Կենտրոնական Ասիան կկապի Թուրքիայի եւ Եվրոպայի հետ՝ Սեւ ծովով եւ Թուրքիայով։ Այդ միջանցք կոչվածն արդեն իսկ, փաստացի, գոյություն ունի։ Այն անցնում է Ադրբեջանով եւ Վրաստանով։ Արեւմուտքը նպատակ ունի այդ միջանցքի ճյուղերից մեկը՝ Միջին միջանցքը, անցկացնել Հայաստանով, որպեսզի Հայաստանը երբեւէ Ռուսաստանի միջոցով դրան չխանգարի, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը դուրս մղվի տարածաշրջանից, այսինքն՝ Հայաստանը պոկվի ռուսական ազդեցությունից։ Սա է Արեւմուտքի խնդիրը, որի համար բացարձակապես միեւնույն է, թե որքան կլինի Հայաստանի տարածքը, եւ ինչպիսին կլինեն Հայաստանի սահմանները։ Կարեւորն այն է, որ Հայաստանը չլինի Ռուսաստանի ազդեցության տակ, եւ Միջին միջանցքը խոչընդոտ չունենա»։

Ստացվում է, որ երկու դեպքում էլ՝ թե՛ արեւմտյան, թե՛ մոսկովյան հարթակների, Հայաստանը կորցնողի դերում է։ Բաղդասարյանի խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարվում։ Եվ խնդիրը, մեր զրուցակցի խոսքով, այն է, որ Հայաստանը չի կարողանում հստակ նպատակներ դնել իր առջեւ։ «Եթե դու հռչակում ես, որ քո նպատակը խաղաղությունն է՝ ցանկացած գնով, այդ դեպքում քեզնից պահանջելու են այդ ցանկացած գինը։ Այսինքն՝ Հայաստանն իր առջեւ դնում է նպատակ՝ խաղաղություն։ Ադրբեջանն իր առջեւ նպատակ չի դնում՝ խաղաղություն կամ պատերազմ, Ադրբեջանն ասում է․ ե՛ւ խաղաղությունը, ե՛ւ պատերազմը ընդամենը միջոցներ են, որոնցով նա ձգտելու է հասնել իր նպատակին։ Սա է տարբերությունը»,- բացատրում է Բաղդասարյանը։

Առաջիկա հնարավոր ի՞նչ սցենարներ կլինեն՝ կախված է Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ առճակատման ելքից։ Կկարողանա՞ Ռուսաստանն առանց ցնցումների դուրս գալ իրավիճակից եւ վերականգնել իր ազդեցությունը տարածաշրջանում, առաջին հերթին Ադրբեջանի վրա՝ կլինի մի սցենար, չի՞ կարողանա՝ մեկ այլ։
«Ադրբեջանը սա հասկանալով՝ փորձում է իր դիրքորոշումը վաճառել միաժամանակ ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Արեւմուտքին։ Եթե Ռուսաստանը փորձում է նրան օգտագործել որպես մահակ Հայաստանի դեմ, Ադրբեջանը դիմացն ինչ-որ բան է պահանջում, եթե Արեւմուտքն է փորձում Ադրբեջանին համոզել՝ որպես մահակ չօգտագործվել, նա Արեւմուտքից է դրա դիմաց ինչ-որ բան պահանջում։ Այսինքն՝ հաջողությամբ առեւտուր է անում, իսկ Հայաստանին մնում է սպասել եւ հասկանալ, թե դեպի ուր են զարգանալու իրադարձությունները, մինչեւ որ աստիճանն է պատրաստ իջեցնել իր նշաձողը, եթե, իհարկե, դեռ իջեցնելու տեղ կա»,- եզրափակում է վերլուծաբանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image