Հայաստանի բարձր իշխանությունները հայտարարում են հանրակրթության ոլորտի հանդեպ պետական հոգածության մասին: Պարբերաբար խոսում են, որ մեզանում 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան` ատեստավորման արդյունքում։ Սակայն իրականությունն այլ է, եւ ամեն ինչ համեմատության մեջ է երեւում։
Տավուշի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում աշխատող ուսոցչուհին մեզ ասաց, որ հանրակրթական դպրոցում ուսուցչի մեկ դրույքաչափը շաբաթական 20 դասաժամ է, որը պարապելու համար ինքը, հարկերը պահած, ստանում է շուրջ 89 հազար դրամ աշխատավարձ։
Վրաստանի Ախալքալաքի գյուղերից մեկի հայկական դպրոցի ուսուցչից տեղեկացա, որ Վրաստանի հանրակրթական դպրոցներում մեկ դրույքաչափը կազմում է շաբաթական 15 դասաժամ, որը դասավանդելու դիմաց ինքը ստանում է 1800 լարի, ինչը համարժեք է մոտ 252 հազար հայկական դրամին։ Դուք համեմատեք երկու հարեւան երկրներում կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերը: Այս ցածր աշխատավարձի պատճառով է, որ Հայաստանի գյուղերի հանրակրթական դպրոցներում տղամարդ ուսուցիչներ կա՛մ չկան, կա՛մ շատ քիչ են մնացել, այն էլ՝ հիմնականում դպրոցների տնօրենների պաշտոնին եւ նախնական զինվորական պատրաստություն, ֆիզկուլտուրա դասավանդողների շրջանում։