Թվում է, Հայաստանում զանգվածային պատվաստումները խթանելու համար առողջապահության նախարարությունը պետք է աներ հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխարհում բավականին բարձր վարկանիշ ունեցող պատվաստանյութը` «Պֆայզերը», հոկտեմբերի 1-ին ընդառաջ գար Հայաստան։ Մանավանդ վերջին ամիսներին դրա հետ կապված մի շարք հայտարարություններ են եղել, եւ բազմաթիվ մարդիկ, որոնք պատվաստմանը դեմ չեն, հետաձգում էին պատվաստումը՝ սպասելով, որ աշնանը վերջապես Հայաստան կմտնի խոստացված պատվաստանյութը։
Բայց այն չկա ու չկա, եւ նախարարն էլ ոչ մի կերպ չի խոսում դրա ներկրման ժամկետների մասին։ Վերջին անգամ սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ «այս պահին հստակ ժամկետ չենք կարող նշել, բայց տարվում են աշխատանքներ՝ ապահովելու համար»։ «Հրապարակն» ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեց՝ «Պֆայզերը» Հայաստան չի՞ գալու, մեր աղբյուրները նման տեղեկատվություն են փոխանցում։
ԱՆ խոսնակն ի պատասխան ասաց․ «Հիմա, այո, չի գալիս։ Իսկ եթե ընդհանրապեսի մասին եք հարցնում, ապա տեղեկացնեմ, որ բանակցությունները շարունակվում են «Պֆայզեր» բերելու համար։ Պարզապես, արտադրական ցիկլի խնդիրների հետ կապված, նախնական պայմանավորվածությունն ուշանում է»։
Եթե հիշում եք, «Պֆայզերի» հետ կապված՝ սեպտեմբերի 2-ին ուշագրավ մանրամասներ էինք հաղորդել։ Մասնավորապես, որ մի շարք այլ երկրների թվում COVAX հարթակի (CEPI, GAVI, UNICEF, ԱՀԿ) եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նյութատեխնիկական աջակցությամբ տարվող բանակցությունների միջոցով մեր երկիրը պատվիրած է եղել «Պֆայզերի» շուրջ 1 միլիոն դեղաչափ՝ 1-ին եւ 2-րդ ներարկումների համար։ Մեկ դեղաչափի համար նշվել է 21 դոլար գին, ապա արտադրողը գինն անսպասելիորեն բարձրացրել է՝ հասցնելով 30-ի։ Բայց ՀՀ առողջապահության նախարարությունն ի վերջո դրա հետ էլ է համաձայնել։ Արդեն գրեթե պատրաստ են եղել գումարը փոխանցելու, անսպասելիորեն պարզել են, որ գումարը պետք է փոխանցվի Թուրքիայում բացված ինչ-որ հաշիվների վրա, եւ նախարարությունը հետ է կանգնել այդ պատվաստանյութը գնելու մտքից։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այն ժամանակ պատասխանելով հարցին, թե «Պֆայզերը» Հայաստան չի՞ գալու, մեզ հետ զրույցում ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր այդ լուրը․ «Չգիտեմ, թե ինչ տեղեկություն ունեք, մենք «Պֆայզերի» եւ այլ պատվաստանյութերի հետ կապված բանակցությունների մեջ ենք եւ ունենալու ենք, ժամկետներ չեմ կարող նշել»։ Հետո էլ տեղեկություն ունեինք, որ նախարարությանն առաջարկվել է Պակիստանում արտադրված «Պֆայզեր»։ Նշենք, որ այս երկիրն էլ «Երեք եղբայր» անվանումով ռազմաուսումնական վարժանքներ է անում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։
Իսկ նախօրեին կայացած «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ լայթ» 1 դեղաչափով պատվաստանյութ կարտադրվի: «Սպուտնիկ լայթ»-ի առաջին խմբաքանակն արդեն արտադրվել եւ ուղարկվել է ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոն (ՀՄԱՀԿ)՝ որակի ստուգման նպատակով։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը՝ ավելացնելով, որ «դեռ պատասխան չունենք»։
Հիշեցնենք, որ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը հաստատվել է Ուղիղ ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի կողմից՝ Հայաստանում օգտագործման համար, իսկ նախքան այդ կազմակերպվել էր տեխնոլոգիական փոխանցման գործընթաց՝ Հայաստանում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի արտադրության համար։ Խոսնակը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչու է փոխանցվում ռուսական, այլ ոչ, ասենք, եվրոպական կամ չինական պատվաստանյութի տեխնոլոգիա՝ ասելով, որ հարցն իրեն չպետք է ուղղվի։ Նշենք, որ մի քանի երկրում փորձարկվում է «Սպուտնիկ լայթ»-ի հնարավոր համադրությունը կորոնավիրուսի դեմ այլ պատվաստանյութերի հետ։