Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի այցին հետաքրքրությամբ են սպասում Իրանում

Նիկոլ Փաշինյանի այցին հետաքրքրությամբ են սպասում Իրանում

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, որն օրերս մասնակցել է Իրանում հրավիրված կլոր սեղանին, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշեց, որ Իրանում Հայաստանի հետ հույսեր են կապում՝ որպես մեծ պոտենցիալ ունեցող պետություն։ Նրանք, ըստ Արման Նավասարդյանի, կարծում են, որ Հայաստանը պետք է լինի կամուրջ եւ փրկօղակ Իրանի, «Եվրազես»-ի երկրների հետ։ 

Դեսպանը նկատեց, որ Իրանի նկատմամբ կա ամերիկյան ճնշումը եւ ամերիկյան սանկցիաների կիրառման վտանգը, Իրանում մեծ հույսեր են կապում, որ Հայաստանը կօգտագործի իր ռեզերվները՝ soft power-ը, Իրանի արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրների լուծման հարցում։ 
«Քանի որ դիվանագիտության մեջ կա փոխադարձության սկզբունքը, ես հիշեցրի, որ Պակիստանը ընդգծված հակահայկական քաղաքականություն է իրականացնում Հայաստանի նկատմամբ։ Իսկ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի Պակիստանի հետ, ինչը կոչվում է «մաքոքային դիվանագիտություն»։

Բարի եղե՛ք նրանց հասկացնելու, որ Հայաստանը թշնամի երկիր չէ, որ Հայաստանը անկախացել է, որպեսզի կառուցի այն, ինչն ուզում է կառուցել։ Իսկ այսօր դուք իսլամական ֆորումներում, Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշման տակ, միայն եւ միայն հակահայկական բանաձեւեր եք ընդունում, որոնք երբեք չեն նպաստի խաղաղության եւ համագործակցության ստեղծմանը։ Գանգատվեցին մեզնից, թե ինչու ՀՀ-ն մեկ լրագրող չունի այստեղ։ Նրանք ասացին, որ «Արմենպրես»-ը թող բացի մի գրասենյակ, եւ իրենք կօգնեն ամեն ինչում։ Նման կառույց կա Թուրքիայում, Ադրբեջանում, իսկ Հայաստանը չունի նման ինստիտուտ։ Իսկ դա հանգեցնում է նրան, որ երկկողմ հարաբերություններին վերաբերող ոչ մի իրադարձություն չի լուսաբանվում, պակասում է ինֆորմացիոն ապահովվածությունը, որն այդքան անհրաժեշտ է միջազգային հարաբերություններում»,- ասաց Արման Նավասարդյանը։

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը նշեց, որ Իրանը մտահոգված է, որպեսզի Հայաստանում, ամբողջ սահմանի երկայնքով,  չլինեն պատերազմական գործողություններ։ Նա վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի այցելությանը հետաքրքրությամբ են սպասում Իրանում, քանի որ դա կարող է նպաստել մեր երկրների հարաբերությունների մեկնարկին նոր թափով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image