Նկարում Վանաձորի ժանտախտով վարակված շներից է
Հայաստանում կոռուպցիայի եւ փողերի լվացման նոր, կատարելագործված ձեւեր են ի հայտ եկել՝ թափառող շների ստերջացման ծրագրեր, որոնց համար համայնքային բյուջեից գումարներ են դուրս գրվում, մրցույթներ են հայտարարվում, կամ՝ ոչ, իսկ կենդանիները կամ ուղղակի ոչնչացվում են, կամ էլ տեղափոխվում են ամայի տարածքներ, աղբավայրեր: Այս մասին բազմաթիվ վկայություններ, տեսանյութեր եւ փաստաթղթեր, ձայնագրություններ ունենք կենդանասեր հանրույթից, որոնք կարող ենք տրամադրել նաեւ պատկան մարմիններին: Երբեմն համայնքային բյուջեն ուղղակի թալանվում է:
Այսպես, Հրազդանում ստերջացման ծրագրի մրցույթ էր շահել «Սոլյարիս» ընկերությունը: Հաղթելուն եւ փողերը ստանալուն պես այն ուղղակի անհետացել է: Ամենազավեշտալին այն է, որ «Սոլյարիսը» զբաղվում է արևային կայաններով ու անհասկանալի է, թե ինչ կապ ունի այն թափառող կենդանիների եւ անասնաբուժության հետ:
Որոշ դեպքերում ստերջացման գումարները ոչ թե համայնքն է հատկացնում, այլ պետական բյուջեն, իսկ վերահսկողություն միևնույն է, չկա, կամ էլ վերահսկող մարմիններին գեղեցիկ ձևով շրջանցում են: Վանաձորի քաղաքապետարանը անցյալ տարվանից շների կաստրացման-ստերջացման ծրագիր է իրականացնում:
Անցյալ տարի 515 շնից միայն 100 շուն են ստերջացրել: Մնացած շներին տարել, կորցրել են, կամ սատկացրել: Ծրագիրն արժեր 15 մլն դրամ: Կատաղության պատվաստումներ առհասարակ չեն արվել: Այս մասին մեզ հայտնեց Hrant's Ark Foundation –ի տնօրեն Հրանտ Դավոյանը:
«Սա պետական գումարների վատնում է: Այս տարի ֆինանսների նախարարության կողմից մեր կազմակերպությունը ճանաչվել է վերահսկող, եւ իրենք չէին կարող սկսել աշխատանքը, մինչև որ մեզ չծանուցեին, սակայն մեզ չեն ծանուցել, սկսել են իրականացնել ծրագիրը եւ շներին ուղղակի տանում, կորցնում են, կամ ավելի վատ բան են անում: Արդյունքում ստերջացում չի արվում, շները փողոցներում էլի վխտում են, թափառող կենդանիների խնդիրը չի վերանում, եւ ամեն տարի նոր գումարներ են մսխվում», - ասում է Հրանտ Դավոյանը:
Վանաձորում թափառող կենդանիների ստերջացման ծրագիրն իրականացնում է «Պեգաս» ՍՊԸ-ն: Թե ինչպես է այն աշխատել, պատմում է Վանաձորի ակտիվ կենդանասերներից մեկը` Մարի Օդաբաշյանը. «23 թվականի վերջում շներին տարել են, ժանտախտով բերել: Ես անձամբ եմ սրսկումներ արել, չումայով հիվանդ շներին բուժել: Տանում են, տարածք չեն վերադարձնում, կամ տանում, կորցնում են, կամ ասում են՝ վայ փախավ: Ես եմ վատ վիճակով շանը ընդունել, փորը կապել եմ ստերջացումից հետո, որ միջինը չթափվի»: Նա բազմաթիվ տեսանյութեր ունի ժանտախտով վարակված «ստերջացված» շների:
Նույն «Պեգաս» ընկերությունը վերջերս ստերջացումներ է իրականացրել Մեծամորում: Մեծամորի համայնքապետարանն անգամ մրցույթ չի անցկացրել: «Ես խոսել եմ նրանց աշխատողների հետ, որոնք ինձ ասել են, որ շներին կորցրել են աղբանոցներում, հեռու գյուղերում: 40-ից ավելի շներ կորցրել են, ես մեքենայով գնացել, փնտրել եմ ու չեմ գտնում:
Մեծամորի համայնքապետարանը անգամ մրցույթ չի իրականացրել, եւ առանց մրցույթի ընտրել է «Պեգաս» ՍՊԸ-ն», - ասում է Արմավիրի կենդանասերներից Արմինա Գալստյանը: Նա մեզ տրամադրեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են առանց կլիպսերի շներին որպես նոր ստերջացված բերել, բաց թողնում:
Շներից մեկի ականջին էլ հին, դեղին կլիպս է, որպիսիք օգտագործում էին տարիներ առաջ: Այդ շների թվում կան փոքր ձագեր, որոնք ընդհանրապես ստերջացման ենթակա չեն: Ի դեպ, տեսանյութում երևում է, թե ինչ դաժանությամբ են վարվում «Պեգասի» աշխատակիցները շան ձագուկների հետ, որոնց վերցնում են ու դեն նետում մեքենայի միջից մի ամայի տարածքում:
Մենք շատ հարցեր ունեինք Մեծամորի քաղաքապետ Վահրամ Խաչատրյանին, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց: Նրա եւ մյուս համայնքապետերի պատասխաններին կսպասենք համբերությամբ:
Մանրամասն` տեսանյութում