Մարդու իրավունքների միջազգային օրվա (դեկտեմբերի 10-ի) կապացությամբ, ինչպես երևում է, չի երևում այն ակտիվությունը, որ առկա էր մերժված նախկինների օրոք: Չեն կազմակերպվում կոնֆեևանսներ, մամուլի ասուլիսներ, չեն տարածվում հայտարարություններ (կարծեմ մեկը եղել է): Ինչը ենթադրել է տալիս, որ մարդու իրավունքների առումով Հայաստանում կա՛մ ամեն ինչ «օքեյ է», կա՛մ էլ իրավիճակն այնքան վատ է, որ այդ միջոցառումներն անիմաստ են դառնում: Կարծում եմ, որ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ առաջին տարբերակն առկա չէ: Հենց միայն հոգևորականների նկատմամբ բռնությունները և նրանց իրավունքների պաշտպանության խոսք ասած՝ գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի, դեպքերը բավական են, որ նույնիսկ կույր ու խուլ անձը կամ այդպիսին ձևացողը հերքի առաջին տարբերակը: Մնում է երկրորդը, բայց այն լուծել հնարավոր է, դժբախտաբար, միայն իշխանափոխության դեպքում: Իսկ դա, գոնե մինչև 2026-ի ԱԺ հերթական ընտրությունը, հորիզոնում չի երևում: Ամիսներ առաջ մի թեթև հույս առաջացավ, որ գործը կարող է չհասնել մյուս տարվան. խոսքն իմփիչմենթի մասին է:
Բայց «Հանուն հայրենիքի փրկության» կարգախոսով առաջնորդվելու փոխարեն ընդդիմությունն ընտրեց «այդ անձը երկրորդ Նիկոլն է» արդարացումն ու տապալեց գործընթացը՝ այն դեռ չսկսած: Կամ էլ, ինչն ավելի աննորմալ էր, ենթադրաբար իշխանության «պասով» ընտրեց ներընդդիմադիր ռազբորկաների» Ճանապարհը: Ու այդ պատճառով էլ այսօր ստիպված կռիվ ենք տալիս մեր ինքնությունը պահպանելու համար: Իսկ «իրական» Հայաստանի «հզոր և մեծարգո վարչապետ» Փաշինյանը մանկական մակարդակի դասախոսություն է կարդում հայոց ինքնության վերաբերյալ՝ դահլիճը լցնելով բուհական դիպլոմներով պետական պաշտոնյաներով:
Ի դեպ, այս տողերը գրելիս հիշեցի տարիներ առաջ վերջինիս կողմից մանուկների համար հեքիաթ գրելու և այն ընթերցելու դրվագը: Փաստորեն, պետական պաշտոնյաներին մանուկների տեղ դնելով՝ «հզորն ու մեծարգոն» նրանց համար «մատչելի» տարբերակով ներկայացնում էր պետության և հայոց ինքնության առնչությունը: Որքան հիշում եմ, ինքը չանդրադարձավ հայկական պետության բացակայության պայմաններում, ինչը մեր տարածաշրջանում բավական երկարատև էր՝ 11-րդի կեսից մինչև 20-րդ դարի սկիզբը, ինչպես չի վերացել մեր ինքնությունը՝ ինչպես դա տեղի ունեցավ ուշ միջնադարում լեհահալ համայնքի կամ ավելի ուշ համշենցիների դեպքում: Անընդհատ եկեղեցին պետությանը ստորադասելու մոլուցքով տարված՝ ինքը չպետք է արժանի մատուցեր հայոց ազգային եկեղեցու դերակատարությանը: Երևի այնուամենայնիվ, ավելի քան մեկուկես հազարամյակ հայոց ինքնության պահպանման գլխավոր գործոնը հենց Առաքելական ազգային եկեղեցին էր: Ու հայոց ինքնության վերաբերյալ ունկնդիրներին մանկական հեքիաթ պատմող անձը պետք է որ դա իմանար ու շեշտադրեր:
Ինչևէ, հոդվածն ուզում էի ավարտել վարչապետի աթոռից կառչած անձին ուղղված հորդորով. դա նրա նախընտրած ոճն է, չէ՞, ենթակաների և ոչ միայն նրանց հետ իր շփումներում: Եվ ես, որպես հայ ժողովրդի մի մասնիկ, ով իր հասուն տարիքի ավելի քան երկու տասնամյակը (լրագրությունը ներառյալ) նվիրել է մեր երկրում մարդու իրավունքների հաստատմանն ու մեր ժողովրդի կերպարի բարեփոխմանը, նրան հորդուրում եմ թափել քարերը փեշից ու ինքնակամ հրաժարական ներկայացնել: Եվ լքել, նախ, քաղաքականությունը և այնուհետև՝ Հայաստանը, և մնացած ողջ կյանքն ապաշխարել՝ Երուսաղեմի հայոց վանքերից մեկում ծառայելով որպես սպասավոր: Բայց քանի որ դա կլինի ձայն բարբառո հանապատի, ապա նման հորդոր տալն էլ իմաստ չունի: Իմաստ չունի ընդհանրապես որևէ հորդոր տալը, որովհետև դա տալիս են այն անձին, ով ունի դրա կարիքը: Իսկ քանի վարչապետի աթոռից կառչած անձն «ամենագետ» է՝ իր այդ հատկանիշով պետությունը վասալական կախման մեջ գցելով թուրք-ադրբեջանական զույգից, ապա մեզ մնում է մերժել նրան այնպես, ինչպես 2018-ի գարնանը մերժվեց Սերժը: Նրա հետ միասին մերժել և նրան ծնունդ տված երևույթը՝ նիկոլիզմը: