Մշակույթ

Ամենաշատ դժգոհությունը կապված է ԱԺ-ի ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ

Ամենաշատ դժգոհությունը կապված է ԱԺ-ի ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ ու ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից իրականացվել է Հանրային կարծիքի ուսումնասիրություն-հետազոտություն (հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից): Տվյալները հավաքվել են 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցման մեթոդով։  

Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, հարցվածների միայն 20 տոկոսն իր ձայնը կտար իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ «Իշխող կուսակցության համար թե՛ դեկտեմբերին, թե՛ սեպտեմբերին 20 տոկոս ունենալը խոսում է այն մասին, որ չունենք նոր առաջնորդ եւ ոչ էլ մի այլ կուսակցություն, որը գոնե 30-40 տոկոս վստահություն ունենա։ Սա քաղաքական դաշտի քայքայվածության ու ավերվածության մասին է խոսում, փոխարենը՝ 50 տոկոսից ավելին կուսակցությունների հանդեպ խորը հիասթափություն է ապրում»,-մեզ հետ զրույցում նշում է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գեւորգ Պողոսյանը։

Պետական կառույցներից ամենաշատ դժգոհությունը կապված է նախ ԱԺ-ի՝ 47 տոկոս, հետո՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ՝ 36 տոկոս, ինչը, զրուցակցիս կարծիքով, կանխատեսելի էր, քանի որ նախկինում էլ ԱԺ-ից շատ մեծ սպասելիքներ չեն եղել․ «Ամենից շատ վստահությունը ստանում էին եկեղեցին, բանակը, բայց ԱԺ-ին, կառավարությանը միշտ էլ քիչ են վստահել, նույնը՝ դատարանների կամ իրավապահ համակարգի դեպքում, բայց հիմա տեսնում եմ՝ վստահությունն անգամ բանակից է նվազել»։

Հարցվածների 9 տոկոսը վերջին 6 ամիսների ընթացքում կառավարության ամենամեծ ձեռքբերումը համարել է ճանապարհների բարեկարգումը, իսկ ամենամեծ ձախողումը՝ սխալ արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը․ «Այստեղ նույնպես երեւում է, որ մարդիկ ազգային անվտանգության հարցերը կարեւորում են, իսկ ճանապարհների բարեկարգումն ավելի շատ քարոզչության արդյունք է։ Դու, ինչ-որ տեղում նստած, ի՞նչ գիտես, թե ինչ շինարարություն է կատարվում Հայաստանի տարբեր տեղերում։ Սա պարզապես պաշտոնական մեդիայի քարոզչությունն է, ինչը հասկանալի է, որովհետեւ մեծ մասը, որպես հիմնական լրատվամիջոցի աղբյուր, օգտվում է Հ1-ից կամ Հանրային ռադիոյից, որոնք ոչ թե ինֆորմացիա են տրամադրում, այլ ուղղակի պաշտոնական քարոզություն են անում։ Սա հասկանալի է, որովհետեւ նախկինում էլ է այդպես եղել, իսկ սահմանների անվտանգության մասով երբեք նման պատկեր չենք ունեցել, որովհետեւ, որպես առաջնային խնդիր, մշտապես նշվել են տնտեսական, սոցիալական բնույթի հարցերը եւ ոչ՝ անվտանգային»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image