Ընտրական գործընթացների շրջանակում Վենետիկի հանձնաժողովը դիտորդական առաքելությունների, վստահված անձանց և դրանց հետ կապված կարգավորումները դիտարկում է որպես հիմնարար հարցեր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով իշխանությունների նախաձեռնած արտահերթ նիստի և Ընտրական օրենսգրքում շտապ փոփոխություններ կատարելու գործընթացի մասին։
Մինասյանի խոսքով՝ ներկայացված նախագծի իրական նպատակը վերահսկելի դիտորդական առաքելությունների ձևավորումն է։ Նա ընդգծել է, որ տարօրինակ է իշխանությունների դիրքորոշումը, երբ մի կողմից խոսվում է ժողովրդավարական ընտրական գործընթացների կարևորության մասին, իսկ մյուս կողմից անտեսվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։
Պատգամավորը նշել է, որ երբ իրենք բարձրացրել են հարցը Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման վերաբերյալ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե իրենց չի հետաքրքրում, թե ինչ կասի հանձնաժողովը։ Մինասյանի խոսքով՝ այդ հայտարարությունը հնչել է նույն օրը առավոտյան՝ ԱԺ խորհրդի նիստի ընթացքում։
Նրա փոխանցմամբ՝ Սիմոնյանը նշել է, որ որոշումները կայացվում են խորհրդի կողմից, և ընդդիմության ներկայացրած առաջարկներն իրենց համար ընդունելի չեն։ Մինասյանը նաև պարզաբանել է, որ իրենք առաջարկել են գործընթացը չիրականացնել շտապ կերպով, այն բերել հանրային քննարկման դաշտ, լսել միջազգային փորձագետների և բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները, ապա միայն առաջ շարժվել։
Պատգամավորի գնահատմամբ՝ նույնիսկ եթե խախտվում է մեկ տարվա կանոնը, նման փոփոխությունները պետք է իրականացվեն լայն կոնսենսուսի պայմաններում։ Սակայն, ըստ նրա, առաջարկները մերժվել են, ինչը ցույց է տալիս, որ իշխանությունը գործում է տրված հրահանգների շրջանակում։