Հարցազրույց

Ասում է՝ դու քանի՞ գլուխ ունեիր, որ գնացիր մեր հայ եղբայրներին փրկելու, ո՞նց կարելի էր հաղթել, եթե կար պարտվելու տարբերակը

Ասում է՝ դու քանի՞ գլուխ ունեիր, որ գնացիր մեր հայ եղբայրներին փրկելու, ո՞նց կարելի էր հաղթել, եթե կար պարտվելու տարբերակը

Այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի տողով վերլուծեց եւ ջախջախիչ եզրակացության հանգեց, թե Փաշինյանն իր «պատվավոր» տեղն է ապահովել հայոց դավաճանների հուշատախտակում, Փաշինյանը սկսեց ստատուս` ստատուսի հետեւից գրել, սեւացնելով ՀՀ նախագահներին, նրանց անունների տառերի տեղերը փոխելով, ու երեխայի պես հրճվանք ապրելով դրանից, ինչպես ցածր դասարանի աշակերտն է հրճվանք ապրում երբ բեղեր ու ականջներ է նկարում հերոսների լուսանկարների վրա: «ՏՊԼ–ն, ՍՔ–ն եւ ՌՍ–ն շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս», կամ՝ «ՏՊԼ–ին ո՞վ եւ ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս», եւ այլն, ու բոլոր այս կարգի հարձակումներն ավարտում է հարցով՝ բանավեճի գալու՞ եք, թե չէ, «ուժեղ տղերք՝ վոին, մոզգ եւ ֆուլհաուս»: 

Ի՞նչ բանավեճի մասին է խոսքը, եւ ինչո՞ւ չեն նախագահները բանավիճում Փաշինյանի հետ, գուցե, իրենց պատվից ցա՞ծր են համարում, կամ, գուցե, իրո՞ք, սարսափում են Նիկոլ Փաշինյանից: 

Մեր հարցերին պատասխանում է ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը

-Կարծում եմ՝ բանավեճը սկսված է: Պետության ղեկավարների մակարդակի բանավեճի համար, որին, ի դեպ, ինքը չի համապատասխանում, պետք է հստակ պատկերացնել առարկան: Այստեղ մեկ առարկա կա, պայմանականորեն՝ ով ինչ է արել Արցախի համար ու ով է ծախել Արցախը: Այս բանավեճն, ըստ էության, սկսվել է երկու տարի առաջ, երբ եղել է բանավեճի առաջարկ՝ հրապարակել խաղաղության պայմանագրի շուրջ բոլոր բանակցային առաջարկները եւ Հայաստանի կողմից դրանց տրված պատասխանները: Մենք պետք է պատկերացնենք, որ սա է բանավեճի առարկան: Իրենք հարց են բարձրացնում՝ ի՞նչ գործ ուներ 18-ամյա զինվորը այլ պետության տարածքում, կամ ով է սաձազերծել պատերազմը, եւ այլն: Եթե մի կողմ դնենք նրանց տգիտությունը, այն, որ մինչ օրս չեն տիրապետում ղարաբաղյան խնդրին, գոնե պատմությունից պետք է իրենց ասենք՝ այդ պատերազմը 20 թվին չի սկսվել: Այն սկսվել է դեռ 88-ին, երբ Ադրբեջանը արյունով սկսեց հարցը փակել, մոտենալով դրան ուժի կիրառման դիրքերից, ինչը բերեց լիարժեք պատերազմի: ՀՀ-ն ընդունել է այդ պատերազմը, որովհետեւ չընդունելու դեպքում վտանգված կլիներ ԼՂՀ ողջ ժողովուրդը` ընդհուպ ֆիզիկական ոչնչացում, եթե ՀՀ-ն իր վրա չվերցներ ԼՂՀ հայերի անվտանգությունը ապահովելու գործառույթը: Սա` մեկ, որը իրենք չեն կարողանում հասկանալ: 94 թվին ռազմական գործողություններն ավարտվեցին հրադադարի մասին պայմանագրով, որից հետո սկսվեց հարցի քաղաքական լուծման երկարատեւ գործընթաց: Մեկ այն դեպի մեզ էր թեքվում, մեկ` դեպի Ադրբեջան, եկավ հասավ 2016 թիվը, եւ քառօրյա պատերազմն ավետեց այն մասին, որ այլեւս ստատուս քվոն պահպանել, կամ ժամանակ ձգել կողմերը չեն կարող, պետք է գնալ լուծումների: Սեղանին եղած պլանը փոխվեց ու վերաճեց համանախագահների ներկայացված այն տարբերակին, որը մեզ հայտնի է որպես Լավրովյան պլան: Ավելի պարզ ասեմ՝ որ բանավեճի կոնտեքստում հասկանալի լինի, 2019 թվականի մայիս-հունիսին ներկայացվեց խաղաղության պլան: Ի պատասխան այդ առաջարկին, Նիկոլ Փաշինյանը, որը ծածուկ է պահում մինչ օրս այդ պլանը, ըստ էության, հայտարարել է, խաբել է, թե որևէ թուղթ չկա, որ բանակցվում է, հետո պարզվեց, որ թուղթը կա, բայց ինքը բանավիճում է իր կետից, եւ ըստ էության, նա մերժեց ոչ թե այդ պլանը, դա կլիներ չարյաց փոքրագույնը, նա մերժեց  բանակցային ողջ գործընթացը: Լավ, թե վատ, նախկինում եղած բոլոր փաստաթղթերը իրենց մեջ ներառել են տարածքների վերադարձի սկզբունք, որևէ ստատուսի սահմանման սկզբունք: Այսինքն, կային սկզբունքներ, որոնք դետալների առումով ընդունելի էին, կամ` վիճելի, բայց Փաշինյանը գնաց բանակցային գործընթացը մերժելու ճանապարհով: Նրա հայտնի խոսքը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ավետեց, որ հարցի լուծման մեկ տարբերակ է մնում՝ ուժի կիրառման տարբերակը: Նա բորբոքեց, նորից հրահրեց չավարտված պատերազմը, որը երկար տարիների ընթացքում գնում էր խաղաղ լուծման, բայց նա խաղաղ լուծումը բացառելով, մեզ մտցրեց նորից պատերազմի մեջ, չհասկանալով, որ ժամանակը էականորեն մեր դեմ է աշխատել: Հիմա բանավեճը սկսված է, իրեն առաջարկվել է՝ դիր սեղանին բուն նյութը, որ բանավիճենք: Բա ի՞նչ է իրեն թվում` գնալու են բանավիճեն, թե կովերի կաթնատվությունը 92 թվից 25 թիվ քանի տոկոսով է փոխվե՞լ: Նա սովոր է, չէ՞ գլխավոր խնդիրները թողնելով ընկնել մուրճերի, ասֆալտի հետեւից, 

- Ինչո՞ւ չի հրապարակում 19 թվականի բանակցային պլանները: 

Որովհետեւ դրանց հրապարակումը կլինի իր վերջը: Որովհետեւ դրանով քաղաքացին, որը խելացի է, զգուշավոր է, կասկածամիտ է, իր աչքով կտեսնի ամեն ինչ, որովհետեւ մի բան է, որ մեր խոսքին հավատա, որ Փաշինյանն է կրակը բերել մեր տները ու դրան զոհ տվել 5000 երեխա, այլ բան է, որ նա իր աչքով տեսնի, որ Փաշինյանը հանցագործ է, մենք այսօր կարող էինք ունենալ ազատ Արցախ, կարող էինք ունենալ երաշխավորված խաղաղություն միջազգային հանրության կողմից, հզոր պետությունների կողմից, բայց նա ամեն ինչ արեց, որ դրա փոխարեն ունենանք ավեր, մեծ զոհեր, ավելի մեծացած Եռաբլուր, ավելի շատ սեւազգեստ մայրեր ու չունենանք պատմական ու հայերով բնակեցված Արցախ: Չկա ոչ մի վարկյան, որ այդ թուղթը նրա աչքին չերևա, ու դրանից է նա դիվոտում: Մենք ոչ ասում ենք թալան, ոչ ասում ենք կոռումպացված ես: Իհարկե, դա չի նշանակում, որ այդպես չի, բայց մեր գլխավոր մեղադրանքը դա չի: Մենք չենք ասում, ինչու ես թանկարժեք տուն, թանկարժեք օդանավ առել, մենք ասում ենք՝ էդ թուղթը հրապարակի, որ էս ազգային ողբերգության պատճառը հասկանանք: Մղձավանջ է իր համար 19 թվականի այդ թուղթը: 

- Հետաքրքիր է, Փաշինյանը տեսնո՞ւմ է իր այս ստատուսների տակ գրվող քոմենթները, տեսնո՞ւմ է, որ 6 դրական քոմենթի կողքին 100 բացասական կա: 

-  Բռնապետիկները արագ կտրվում են իրականությունից: ՔՊ համաժողովի մի քանի հարյուր պատվիրակ իրեն ծափ է տվել, ու նա հիմա մտածում է, թե ինքը համաշխարհային առաջնորդ է, ոնց որ լինում էր Բրեժնեւի, Խրուշչովի ժամանակ, ու բան չի մնացել, որ նրան վերադարձնենք իրականություն: Պետք է ցույց տալ ավելի համբերատար ու համակարգված, թե ինչ հրեշավոր նախագծի հետ մենք գործ ունենք եւ ինչքան վնաս դեռ այն կարող է բերել:

- Նախագահների մասին ստատուսի մեջ նա հստակ ասում է, որ նրանք մեռնում են, տեսնելով, որ հազարավոր զոհերի գնով ինքը ելքը գտել է, սա ինքնախոստովանություն չի՞:

- Սոսկալի ինքնախոստովանություն է: Ի՞նչ է եղել արդյունքում: Եթե ընդունենք, որ արդյունքն այն էր, որ Արցախը տվել է Ադրբեջանին եւ եթե խաղաղության գինը Արցախն էր, նա խոստովանում է, որ դա արվել է հազարավոր զոհերի արյան արդյունքում: Հաղթանակն է զոհերի գնով ձեռք բերվում, իսկ նա ասում է, որ պարտությունը նվաճել է զոհերի գնով: Չի լինում նման նվաճում, անգամ հայերեն նախադասությունն է սխալ այդպես կառուցել: Նա ասում է, որ հազարավոր տղաների զոհելով, ես կերտեցի պարտությունը:

- Նաեւ հարցնում է, թե Տեր-Պետրոսյանն ի՞նչ իրավական ակտով է թույլ տվել Ալմա Աթիի ակտից հետո 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ սահմանից դուրս: Սա ինչպե՞ս եք հասկանում:  

-Եկեք թարգմանենք՝ միջազգային ինչ իրավական ակտով ես պաշտպանել ԼՂ հայերին, ասում է, դու քանի գլուխ ունեիր, որ գնացիր մեր հայ եղբայրներին փրկելու, ոնց կարելի էր հաղթել, եթե կար պարտվելու տարբերակը: Մեզ մեղադրում է, որ մենք ի սկզբանե չենք ընտրել պարտությունը որպես ուղիղ ճանապարհ: Ես խորհուրդ կտայի, որ քաղաքագետներին, իրավաբաններին Նիկոլ Փաշինյանին գնահատելու հարցում միանային նաեւ այլ մասնագետներ, որովհետւ մենք չունենք այն մասնագիտական հմտությունները, որպեսզի ախտորոշենք մարդու առողջական վիճակը էս տեսակ տեքստերից հետո: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image