Հասարակություն

Սորոսից ուզում են Բոբո ստեղծել

Սորոսից ուզում են Բոբո ստեղծել

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի կամ այլ կերպ ասած՝ Սորոսի  հետ տարիներ շարունակ համագործակցած իրավապաշտպանները, անհատները ակցիաներ են իրականացրել՝ ընդդեմ իշխանությունների ապօրինությունների, բռնությունների, հետամուտ են եղել, որպեսզի Հայաստանում քաղաքացին չենթարկվի հալածանքների, պատժվեն բանակում, քրեակատորղական հիմնարկներում բռնություններ կիրառած անձինք։ 

Թավշյա իշխանափոխությունից մեկ տարի  հետո ականատես ենք լինում այլ պատկերի։ Մի խումբ անձինք ակցիաներ են կազմակերպում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով դադարեցնել նրա գործունեությունը։ 
Ինչպե՞ս են վերաբերում այդ ակցիաներին իրենք՝ Սորոսականները։

Ռեժիսոր, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում նկատում է․ «Սորոսը դարձրել են բոբո։ Ես հիշում եմ, որ երեխաներին բոբոյով էին վախեցնում, հետո սկսեցին վախեցնել մասոններով, հետո՝ ջհուդամասոններով, հիմա դրանով են վախեցնում։ Իսկ գրասենյակի գործունեությունը բոլոր երկրներում ուղղված է եղել ընդդեմ ամբողջատիրական համակարգի։ Դրա համար էլ այն երկրներում, որտեղ փորձում են սահմանել  ամբողջատիրական համակարգ, պայքարում են Սորոսի գրասենյակի դեմ։ Ամբողջ պայքարը սա է։

Եթե մարդիկ լուրջ ուսումնասիրեն, թե ինչ ծրագրեր է ֆինանսավորում Սորոսը (իսկ դրանք են դատաիրավական ոլորտին վերաբերող, մարդու իրավունքներին, առողջապահական, կրթական ոլորտներին, հեռավոր մարզերին վերաբերող ծրագրերը), կտեսնեն, որ այդ ողջ աղմուկն իր մեջ կրում է սպեկուլյատիվ բնույթ, քան՝ լուրջ քաղաքական պայքար։ Վախեցնել մարդկանց՝ հիմնվելով նրանց անտեղյակության վրա, թշնամի ստեղծել Սորոսից, խնդիրները փնտրել ոչ թե մեր մեջ, այլ դրսում, սա՛ է ամբողջը։ Շատ տխուր եմ վերաբերում այս ամենին։ Հաճախ օրինակ են բերում այն երկրները, որտեղ փակել են Սորոսի գրասենյակները։ Ես էլ ուզում եմ հարցնել՝ այդ ո՞ր օրվանից Հունգարիայի վարչապետը դարձավ մեզ համար օրինակելի, նա այն վարչապետն էր, որ Ռամիլ Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին։ Սորոսի գրասենյակը փակվել է Ադրբեջանում, նման տիպի երկրներում։ Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարությունը համարել է, որ Սորոսը պաշտպանում է հայերի շահերը, հակաադրբեջանական գործունեություն է ծավալում։ Իսկ Սորոսի գրասենյակի գործունեությունն ուղղված է հանուն ժողովրդավարության եւ ընդդեմ ամբողջատիրության։ Իսկ ամբողջատիրական համակարգի դեմ պայքարելը նշանակում է, որ հասարակությունը զարգանում է եւ հասկանում է իր շահը, իր զարգացածության մակարդակը»։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի անդամ, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանն արձագանքեց, «Նախ, ինքս մասնակցել եմ պետական համակարգի ապօրինությունների ու բռնությունների դեմ ակցիաների, հաճախ նաև կազմակերպել եմ դրանք։ Պետությունը ժողովրդինն է,  և,  եթե այն զավթվում ու մի փոքր խմբի շահեր է սպասարկում՝ օգտագործելով բռնության գործիքներ, ապա ամբողջովին տրամաբանական է, որ հանրային բողոքի ալիք պետք է բարձրանա։ Իսկ ինչ վերաբերում է Սորոսի գրասենյակի դեմ կատարվող արշավին, ընդհանրապես, ապա այդ հակաքարոզչությունը սկսվել է համացանցից՝ ատելության խոսքի տարածմամբ, իսկ ակցիաներ անողները ակնհայտ բռնության կոչեր են հնչեցնում, ապօրինի գործողություններ և ոստիկանների հետ բախումներ հրահրում։ Այնպես որ՝ այդ ոճն անընդունելի է։

Հետո, գրասենյակը մեկն է բազմաթիվ հիմնադրամներից, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում, ասել է թե՝  ոչ պետական կառույց է, որն իրականացնում է ծրագրեր, որոնք օրենքով կարգավորված են։ Հիմա այդ մարդկանց ուզածն ի՞նչ է։Ի՞նչ պարտավորություն ունի Սորոսի գրասենյակը այդ մարդկանց նկատմամբ, ի տարբերություն պետության, որը յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ ունի պարտավորություններ։ Իմ ու այդ մարդկանց՝ ակցիաներ կազմակերպելու իրավական հիմքերը բոլորովին տարբեր են, ես իրավունք ունեմ պետությունից պահանջելու, իսկ իրենք որևէ իրավունք չունեն Սորոսից որևէ բան պահանջելու։ Նրանք Սորոսին հարկեր չեն մուծում, Սորոսի սահմանների պաշտպանության մեջ ներգրավված չեն, նրանց Սորոսը պարտավոր չէ լավ կրթություն, անվտանգ ծառայություն և արժանապատիվ ապրուստ ապահովել»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image